Լրահոս
Օրվա լրահոսը

Միշտ շրջանցում են հարցը, թե իրենց իշխանության տարիներին ինչո՞ւ են անլուծելի մնացել հարցերը, որոնց չլուծման մեջ են մեղադրում ներկայի նորելուկ անփորձներին. «Իրատես»

Նոյեմբեր 23,2018 11:35

Անցած շաբաթ նախընտրական մարաթոնի մեջ էին հիմնականում երկու կուսակցություն` ՀՀԿ-ն ու ՔՊ-ն: ՀՀԿ-ն իր լայվերով հասնում ու անցնում է ՔՊ-ից: Դա ևս տխուր պատմություն է` ինչպես տասնամյակներ իշխած կուսակցությունը խուսափում է ընտրողի հետ տետատետից ու ընտրել է ՔՊ-ի «զենքը»` փորձելով վազանցել չգիտես որտեղից եկած ու ինչու իր ճանապարհը փակած նորելուկին` ինչպես իր իշխանության տասնամյակներում, այնպես էլ հիմա` ողջ գործընթացում չտեսնելով ժողովրդին ու նրան քաղաքականության մեջ գործոն չհամարելով:

Հակառակ ՀՀԿ նախագահի սակրալ հայտարարության` «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»` ՀՀԿ-ն սխալների մասին մոռացել է ու ապաշխարանքի կիսատ-պռատ մի երկու բառից հետո համարում է, որ այլևս ունի իշխանություն վերադարձի շանս: Եթե ոչ այս ընտրություններում, հաջորդ արտահերթում: ՀՀԿ-ն համառում է, որ իր փորձը անփոխարինելի ժառանգություն է ու պարտադիր պիտի փոխանցի անփորձ նորելուկներին: Դա իր քաղաքացիական պարտքն է: Եթե փորձն այդքան արժեքավոր է, ինչու՞ դարձավ պատմություն ու անցյալ, որի էջը փողոցներում ցնծությամբ էր փակում նույն այն ժողովուրդը, որ 2017-ին ընտրեց, 2018-ին հրաժարվեց ՀՀԿ-ի ծառայություններից: Այս հարցը ՀՀԿ-ն ինքն իրեն չի տալիս, երևի պատասխան չունի:

Խորհրդարանական եռյակը` ՀՀԿ+ԲՀԿ+ՀՅԴ, իրենք իրենց լավագույն ծառայությունը մատուցած կլինեին, եթե չմասնակցեին արտահերթ ընտրություններին ու փորձեին իրական ռեբրենդինգի գնալ` վերանայելով թե՛ անցած ճանապարհն ու գործած սխալները, թե՛ ներկա ու ապագա անելիքները: Բայց նրանք ոչ միայն իրենք իրենց չեն հարգում, այլև պետականությունն ու ժողովրդին: Ու շարունակում են ճիշտ նույն ռելսերի վրա առաջ գլորել դատարկ վագոնները` իբրև շոգեքարշ ունենալով պոպուլիզմը, սոփեստությունը, դեմագոգիան ու բարեգործությունը: Դա նրանց վահանն է փոխված իրավիճակի առաջ, որտեղ, ինչպես իրենց համար հին ու բարի ժամանակներում, տեսնում են ցանկացածը, հիշում են ձեռնտուն, կուսակցականն ու անձնականը դնում են գործունեության առանցքում ու բարձր աշտարակից թքած ունեն պետականի ու պետության վրա: Սա արդեն ոչ թե տխուր պատմություն է, այլ` մռայլ:

Նրանց գործունեության մեջ չի փոխվել ոչինչ` նույն այբբենական ճշմարտություններն են շարադրում ու միշտ շրջանցում են հարցը, թե իրենց իշխանության տարիներին ինչո՞ւ են անլուծելի մնացել հարցերը, որոնց չլուծման մեջ են մեղադրում ներկայի նորելուկ անփորձներին:

ՀՀԿ-ն, կորցնելով միակ, անփոխարինելի ու հավերժ իշխանության տիտղոսը, հիմա էլ իրեն հայտարարում է միակ, անփոխարինելի ու հավերժ ընդդիմություն և իշխանության գոյությունը պայմանավորում է ընդդիմության գոյությամբ: Հարմար դիրքորոշում է և ինքնամեծար: Իշխանությանը պետք է ոչ թե իրադարձային, այլընտրանքային, պայմանավորված ու աբիժնիկ ընդդիմություն, այլ այն ընդդիմությունը, որ մի քանի տարի անց դառնալու է իշխանություն, որովհետև իր ծրագրերով ու գաղափարներով իշխանությունից ավելին է: Եվ այնքան կայացած է, որ ինքնարտահայտումը չի կառուցում հներին, նորերին ու բոլորին քննադատելու լարի վրա: Սա բոլորովին անծանոթ դաշտ է ՀՀԿ+ԲՀԿ+ՀՅԴ եռյակի համար: Եվ ոչ միայն նրանց:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930