Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով:
Խմբում ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային ստորաբաժանումների մասնագետները:
Քարոզարշավի ամբողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները: Միաժամանակ ապահովելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Խումբը նաև պատասխանատու է լինելու իրավական խորհրդատվությունների, քաղաքացիների ընդունելությունների և արագ արձագանքման այցերի համար:
Աշխատանքային խմբի առաջնային խնդիրներից է ընտրական գործընթացների շրջանակներում սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու պետական բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Խմբին նաև հանձնարարված է ակտիվ համագործակցել գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների հետ:
Հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն լրագրողների և դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ