Քաղաքական գործընթացներում լավ թրծված և փորձված շրջանակների ու հանրության համար զարմանալի չէ, որ նախընտրական շրջանում ցանկացած թեմա քաղաքական ուժերը փորձում են օգտագործել նախընտրական տրամաբանության համատեքստում։
ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի թեման ու այս կառույցում առաջացած ճգնաժամը դարձել են հայաստանյան քաղաքական քննարկումների գլխավոր առանցքը, և դա, թերևս, տրամաբանական է. կարևորագույն այս խնդիրը բավականին լուրջ վտանգներ և օգուտներ է պարունակում։ Պարզ է նաև, որ այս ընթացքում, երբ ընտրություններին հաշված օրեր են մնացել, այս թեման սկսում է օգտագործվել նախընտրական քարոզչական մարտավարության մեջ։ Այդ երանգներն իհարկե առաջին հերթին նշմարվում են գործող իշխանության, վարչապետի պաշտոնակատարի գլխավորած ուժի քարոզարշավում։ Նիկոլ Փաշինյանի վերջին մամուլի ասուլիսում արած հայտարարությունները, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցն ընդամենը երկրորդական և երրորդական հարց է, կարևորը ոչ թե դա է, այլ Հայաստանի դիրքավորումը ՀԱՊԿ-ում և ընդհանրապես միջազգային ասպարեզում, առաջին հայացքից կարող են թվալ ձևական խոսքեր կամ ինքնարդարացում, սակայն իրականում իսկապես դա հենց այդպես է։ Որքան էլ անսպասելի թվա, սակայն սա է լինելու Նիկոլ Փաշինյանի թիմի նախընտրական քարոզարշավի մեխերից մեկը, մանավանդ արտաքին քաղաքական համատեքստում։
Այժմ բոլորը թերևս ընդունում են, որ Յուրի Խաչատուրովի ձերբակալման հետ կապված գործընթացը նոր իշխանությունների անփորձության հետևանք էր։ Ընդ որում, այս մտայնությունը նկատելի է նաև իշխանությունների խոսքի ենթատեքստում, ինչն ակներև է իշխանամետ մամուլում, սոցցանցային քննարկումներում։ Վերջիններս շատ զգույշ փորձում են ասել, որ այս հարցում կարելի էր նաև սպասել, հետո միայն զբաղվել Խաչատուրովի խնդրով։ Մանավանդ Խաչատուրովի ձերբակալման կամ ազատ արձակման հանգամանքը Մարտի 1-ի գործը ոչ առաջ է տանում, ոչ հետ գցում. այն ստագնացիայի վիճակում է գտնվում։ Սակայն դրա փոխարեն մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանը կանգնած է այդ պաշտոնը կորցնելու խնդրի և, ինչն ավելի կարևոր է, իմիջային մեծ հարվածների առջև։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում