Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կուսակցական թեստի նրբությունները

Նոյեմբեր 23,2018 10:00

Իմ լրագրող գործընկերներից շատերը, հաջողությամբ հանձնելով քննությունները, ընդգրկվել են տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներում: Կրկին բարի երթ մաղթեմ նրանց: Գործընկերներիցս մեկը քննությունից «կտրվել» է, ցուցակի մեջ չի մտել եւ այդ առիթով դժգոհություն է հայտնել: Կարծում եմ՝ դժգոհելու հիմք առանձնապես չկա: Եթե որոշել ես համալրել այս կամ այն կուսակցական ցուցակը, պետք է պատրաստ լինես կանգնել քննիչ հանձնաժողովի առջեւ: Կա՛մ դու ընդհանրապես չես խառնվում քաղաքականությանը, կամ էլ պետք է համապատասխանես տվյալ կուսակցության պահանջներին:

Ի դեպ, քաղաքական ուժերի ղեկավար կազմի ժամանակը խնայելու եւ մարդկային գործոնը բացառելու նպատակով առաջարկում եմ այդ քննությունն անցկացնել թեստային համակարգով: Օրինակ, հարց՝ «ո՞վ է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին»: Պատասխանների տարբերակներ՝ ա/ Էնվեր փաշան, բ/ Իլհամ Ալիեւը, գ/ Սերժ Սարգսյանը, դ/ հրեա մասոնները: Քանի որ ճիշտ պատասխանը շտեմարաններում արդեն կա, մնում է, որ քննության արդյունքները որոշի համակարգիչը: Ինձ թվում է՝ այդպես ավելի օբյեկտիվ կլինի:

Կասեք՝ պարզունակ մոտեցում է: Բայց քաղաքականությունն ինքնին եւ նախընտրական պայքարը հատկապես պրիմիտիվ են ըստ բնորոշման՝ «սեւ ես – սպիտակ ես», «ժողովրդի հետ ես – ժողովրդի դեմ ես», «թալանել ես – չես թալանել», «խմել ես արյունը – չես խմել»: Այդ կռվի մեջ հաղթում է նա, ում մեղադրանքները էմոցիոնալ տեսանկյունից առավել տպավորիչ կլինեն: Եթե որեւէ մեղադրանքի ի պատասխան մեղադրվող անձը որոշի բանական փաստարկներ բերել եւ արդարանալ, դա կնշանակի, որ նա քաղաքական պայքարից ոչինչ չի հասկանում: Ցանկացած մեղադրանքի պետք է հակադարձել ավելի թունդ պատասխան մեղադրանքով: Դա ամենեւին չի նշանակում, որ ընտրական գործընթացին մասնակցող բոլոր գործիչների մտավոր մակարդակը ցածր է: Ամենեւին ոչ, կան շատ կրթված եւ զարգացած մարդիկ, բայց քարոզի «թիրախային լսարանը», հասցեատերը լայն ժողովրդական զանգվածներն են, հենց նրանց ձայնն են նրանք հիմա հայցում:

..Եվ կրկին քննություն հանձնելու մասին: 1974 թվականին ես ընդունվում էի կոմերիտմիության շարքերը: Քննության համար պետք էր նախապատրաստվել եւ, մասնավորապես, իմանալ, թե երբ, ինչի համար, ինչ շքանշաններ է ստացել ՀԼԿԵՄ-ը: Վերջին, «շրջանային» փուլում հաջողությամբ պատասխանեցի այդ հարցերին, բայց դրանից հետո հավելյալ «քնարական» հարց հնչեց՝ «ով է ձեր ամենասիրելի գրողը»: Հավանաբար ակնկալվում էր, որ «ազգային ոգով տոգորված»՝ ես կտամ Պարույր Սեւակի կամ Հովհաննես Շիրազի անունները, որոնք այն ժամանակ շատ հնչեղ էին: Իսկ ես պատասխանեցի՝ «Սոմերսեթ Մոեմը»: Կոմերիտական քննիչ հանձնաժողովի անդամները իրար երես նայեցին, այնուհետեւ մեկը մյուսի ականջին ինչ-որ բան փսփսաց, եւ հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ Մոեմին հավանելու մեջ ոչ մի հակակոմերիտական բան չկա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Բայց ասըմ էն Պավլիկ Մոռոզով վարիանտի տակ ա ընգել էդ մեկը՝ ախպոր տղեն ա ծախել: Հըմի ըտենց են ասըմ՝ ես պռիչոմ եմ

  2. Հ.Շ. says:

    ե/ հայ ժողովուրդը

  3. Լավատես says:

    ՝Քանի որ ճիշտ պատասխանը շտեմարաններում արդեն կա, մնում է, որ քննության արդյունքները որոշի համակարգիչը:՝
    Պետական ծառայողները պետական խնդիրներ են լուծում, ինչպե՞ս պետական հարցերում անգրագետ ընտրողը ճիշտ որոշում կայացնի թե ում ընտրի որպես պետական ծառայող, հատկապես, երբ անգրագետ ընտրողի ու գրագետ ընտրողի ձայնի կշիռը նույնն է եւ առավել եւս ընտրությունը գաղտնի է կատարվում՝ մարդ չկա, ումից արտագրես: Ժողովրդավարությունը ազատ գաղտնի ընտրությունների մեջ չի, ժողովրդավարությունը ժողովրդին պետական խնդիրների լուծման լիարժեք գործող միջոցը դարձնելն է՝ ժողովուրդը պետք է բանակում ծառայի, ժողովուրդը պետք է նյութական եւ ոչ նյութական արժեքներ ստեղծի՝ գործարարության ու գիտության արարող լինի: Իսկ պետական ծառայողները պետք է լինեն ժողովրդի բարձրագույն մակարդակի դասատուները, որոնք ժողովրդից զինվոր, գործարար ու գիտնական պետք է ստեղծի:
    Քանի որ ես անգրագետ եմ պետական հարցերում, ես կգնամ ու իմ ձայնը կտամ ինձնից ավելի խելոքին՝ իմ պատկերացմամբ, նա էլ եթե իրեն քաղաքացի է համարում, պարտավոր է իմ ձայնը վերցնել ու կամ միավորել իր ձայնի հետ ու ընտրել, կամ էլ եթե նա էլ իրենից խելոք մեկին գտնի, նրան հանձնի իմ ու իր ձայները, ով շատ ձայն հավաքեց, նա էլ կդառնա պետական ծառայող: Ոչ մի քաղաքացի իրավունք չունի համեստություն անի ու հրաժարվի իրեն վստահված ձայնից: Սա այս ախմախ ընտրական համակարգի պայմաններում, իսկ լավագույն կառավարման համակարգը՝ դա բանակային համակարգն է, որտեղ ազգային ժողովի փոխարեն գլխավոր սպայակույտն է, որտեղ կան պաշտոններ ու կոչումներ, որտեղ զինվորական ծառայողները ծառայության ընթացքում սովորում են ու դրա դիմաց բարձր պաշտոններ զբաղեցնում: Կարճ ասած՝ զինվորական ու պետական ծառայությունները իրարից ոչնչով չպետք է տարբերվեն եւ զինվորականը ծառայությունը պետք է լինի պետական ծառայության բաղկացուցիչ մասը: Իսկ երբ ժողովուրդը ազգի վերածվի, երբ կունենանք գրագետ քաղաքացիներ, այդ ժամանակ արդեն կարելի է անցնել իրավաբանական անձերի՝ քաղաքացու ու պետական ծառայության միջեւ պայմանագրային հարաբերություններին:

  4. Հ.Շ. says:

    Տիկինը մանաւանդ վիրաւորուած է որովհետեւ խակ ու անփորձ ջահելներ, որոնք տակաւին պէտք է փաստեն նաեւ որ բաւարար կարողութիւն եւ խելք ունին ստանձնելու համար իրենց տրուած պաշտօնները, զինք այդպէս «դատած» են:

    Սակայն այդ ամբողջ շարժումը որուն ինք միացած էր, տեղի ունեցաւ շնորհիւ այդպիսի անձերու:

    Հետեւաբար, Տիկնոջ դառնութիւնը տեղին չէ: Ինքն է որ , իր ամբողջ հասունութեամբ եւ փաստուած կարողութիւններով ու խելքով, սխալ դիրք բռնած է, սխալ հաշիւ ըրած է: Հիմա անոր գինը կը վճարէ: Կրնայ այպանել միայն ինքզինքը:

    Իսկ ասկէ ետք ալ, ան նաեւ աղաւաղած է իր լրագրողի հաւատալիութիւնը: Երբ որ քննադատական բաներ գրէ նոր վարչակարգին դէմ, դա ամէն դէպքում պիտի վերագրուի անձնական, ցած մակարդակի վրէժխնդրութեան, եւ յաճախ ալ հաւանաբար հիմնաւորուած պիտի ըլլայ այդ վերագրումը:

    Ես համակրանք չունիմ այդ ինքնահաւան ջահելներուն նկատմամբ: Բայց հիմա, իրենց ժամանակն է: Բաղդն ալ դեր ունի այս ամէնուն մէջ: Գոնէ նախանձը պէտք է որ յաղթահարեն զիրենք քննադատողները: Բայց այն ատեն ալ, հայ չեն ըլլար…

  5. Հ.Շ. says:

    Լաւ… Ուրիշ թերթէ մը հենց հիմա տեղեկացայ թէ Տիկին Մկրտչյանը ընտանեկան մօտիկ կապ ունի փոխվարչապետ Պարոն Միրզոյանի հետ:
    Եթէ ճիշդ է այդ տեղեկութիւնը, ապա ստիպուած եմ մի քիչ վերաճշդելու վերեւի կարծիքս:

    Տիկինը քանի որ կ’ուզէր քաղաքական գործիչ դառնալ, բնական է որ նախընտրէր դա անել իր ազգականի կուսակցութեան ընդմէջէն:

    Մնացեալ վերլուծումները կամ բամբասանքները կը թողեմ անոնց որոնք հետաքրքրուած են:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930