Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն ութերորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել 10,5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Մերուժան Մանուկյանը:
Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարի 3-ին՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ և ինքնությունը չպարզված անձի հետ հանցակցությամբ, կատարել է ավազակություն` տուժող Արթուր Հարությունյանի առողջությանը ծանր վնաս պատճառելով: Նրա հետ ամբաստանվել է նաեւ Արմեն Սարգսյանը:
Նախաքննության մարմնի առաջադրած մեղադրանքի համաձայն, Մերուժանը, ժամը 18:00-ի սահմաններում, մի քանի անձանց հետ «Օպել» մակնիշի 35PO629 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ուղևորվել են Երևանի Թբիլիսյան խճուղու «Շամպայն» գործարանի պարսպի մոտ. «Նախապես մշակված պլանի համաձայն՝ Արմեն Սարգսյանը ավտոմեքենան կայանել է նշված վայրում և սպասել, իսկ Մերուժան Մանուկյանը և գործով դեռևս չպարզված անձը, ժամը 20:50-ի սահմաններում, հարձակվել են Արթուր Հարությունյանի վրա, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` կարմիր գույնի պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված փայտե մահակով հարվածել նրա գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել և շարունակել են հարվածներ հասցնել Արթուր Հարությունյանի գլխին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ բաց գանգուղեղային վնասվածքի, քունքոսկրի կոտրվածքի, գլխուղեղի սալջարդի, սուբարախրոնիդալ արյունազեղման ձևով, սակայն չկարողանալով հափշտակել Արթուր Հարությունյանի մոտ խեղած խոշոր չափի՝ 3.000.000 ՀՀ դրամ գումարը, նստել են նշված ավտոմեքենան և դիմել փախուստի»:
Ի դեպ, տուժող Արթուր Հարությունյանը, մինչ հանրապետությունից բացակայելը, իր նախաքննական` 2016թ. փետրվարի 6-ի և 2016թ. մարտի 23-ի ցուցմունքների ժամանակ հայտնել էր, որ աշխատում է Երևան քաղաքի Տ.Պետրոսյան փողոցի վրա գտնվող «Սուվրա» սուպերմարկետում գտնվող տարադրամի փոխանակման կետում, որպես գանձապահ: Դեպքի օրը, երեկոյան ութի սահմաններում, փակել է տարադրամի փոխանակման կետը և գնացել է Ավանում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում աշխատող իր ընկեր Արսեն Հարությունյանին տեսնելու: Այնտեղ զրուցել են երկուսով մոտ 2 րոպե, այնուհետև դուրս է եկել և անմիջապես գնացել է իրենց թաղ: Իր պայուսակի մեջ եղել է երկու միլիոնից մինչև երեք միլիոն ՀՀ դրամ գումար, երեք կապոց՝ 10.000 ՀՀ դրամի թղթադրամներով, որն առավոտյան պետք է փոխանակեր մանր թղթադրամով և տաներ աշխատանքի:
Մերուժան Մանուկյանի կինը՝ Մարինա Պողոսյանը, «Առավոտին» տեղեկացրեց, որ ամուսինը դիմել է նման ծայրահեղ քայլի, քանի որ Վճռաբեկ դատարանը պաշտպան Արթուր Ալիխանյանի բողոքը վարույթ չի ընդունել, եւ որ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողնելով ամուսնու դատավճիռը, իրենց կանգնեցրել է իրավական անարդարության դեմ բողոքելու ճանապարհի վրա: Նշենք, որ վերաքննիչ քրեական դատարանը դատաքննությունն ավարտելու փուլն անցկացրել է Մերուժան Մանուկյանի պաշտպանի բացակայությամբ, առանց պատշաճ ծանուցման:
Մերուժանը 2016թ. ապրիլի 5-ից կալանավորված է:
Պաշտպան Ա. Ալիխանյանն անդրադառնալով իր բողոքում նշված պատժի սկզբին, նշել էր, որ առաջին ատյանի դատարանը պատժի ժամկետի սկիզբը հաշվել է 2016 թվականի ապրիլի 2-ից:
Նույն դատավճռով օժանդակելու համար Արմեն Սարգսյանը ազատազրկվել է 9 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, եւ նրա պատժի ժամկետի սկիզբը հաշվվել է ապրիլի 4-ից:
Պաշտպանն իր բողոքում նշել էր. «Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով հաստատված է համարել այն, որ ամբաստանյալ Մերուժան Մանուկյանը խմբի կազմում կատարել է ավազակություն` Արթուր Հարությունյանի գույքը հափշտակելու նպատակով հարձակում, որը կատարվել է առողջությանը ծանր վնաս պատճառելով, եւ Արմեն Սարգսյանն էլ օժանդակել է Արթուր Հարությունյանի գույքը հափշտակելու նպատակով ավազակային հարձակմանը»:
Պաշտպանը Վճռաբեկ դատարանի ուշադրությունն է հրավիրելու մի շարք փաստերի եւ հանգամանքների վրա: Մասնավորապես, տեղեկացնելով, որ դեպքի միակ ականատեսը, ըստ գործի նյութերի, եղել է տուժող Արթուր Հարությունյանը. «Տուժողի և վերջինիս կնոջ՝ Լ.Ներսիսյանի ու իմ պաշտպանյալ Մերուժան Մանուկյանի միջև առերես հարցաքննություն չի եղել՝ խախտվել է իմ պաշտպանյալի առերես հարցաքննելու իրավունքը, ինչպես նաև տուժող Արթուր Հարությունյանի և վերջինիս կնոջ և գործով մյուս ամբաստանյալ Արմեն Սարգսյանի միջև առերես հարցաքննություն ևս չի եղել և այդ ցուցմունքները դատարանները որպես ապացույց են գնահատել»:
Պաշտպանի գնահատմամբ, ի սկզբանե քրեական գործի հարուցումը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ճիշտ է որակված եղել, տուժողից անհայտ անձինք ոչ մի գումարի պահանջ չեն ներկայացրել:
Գործում վիճահարույց է նաեւ արտաքին նկարագրության, մասնավորապես, տուժողի կողմից ամբաստանյալների հագուստները: Պաշտպանական կողմի տեղեկացմամբ, 2016 թվականի մայիսի 17-ին զննություն կատարելու մասին արձանագրությամբ Մերուժան Մանուկյանի և Արմեն Սարգսյանի բնակարաններից խուզարկությամբ առգրավված հագուստներից և ոչ մեկը նման չեն եղել տուժող Արթուր Հարությունյանի կողմից դեպքին մասնակից անձանց հագուստներին:
Ա. Ալիխանյանը նշել է, որ Մերուժանի մի քանի հարազատներից ցուցմունքներ են կորզվել դատավարական խորթ մեթոդներով և դրանք առաջին ատյանը գնահատել է որպես արժանահավատ ապացույցներ, մինչդեռ. «որպես ապացույց ոչ միայն արժանահավատ չեն, այլ ուղղակի ի սկզբանե անթույլատրելի են, միջնորդել ենք անթույլատրելի ճանաչել այդ ցուցմունքները, սակայն ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ՝ վերաքննիչ քրեական դատարանը որևէ որոշում չեն կայացրել»:
«Առավոտին» պաշտպան Ա. Ալիխանյանն ասաց, որ գործով որևէ մեկ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույց չկա, որով կհիմնավորվի իր պաշտպանյալի երկու տարի առաջ փետրվարի 3-ին ներկա գտնվելը Թբիլիսյան խճուղում՝ դեպքի վայրում, չկա դատադիմանկարային փորձաքննության եզրակացություն, որով կհիմնավորվի, որ Մերուժանը եղել է «Օպել» մակնիշի 35 PO 629 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից դուրս եկող անձանցից մեկը, չկա մատնադրոշմվածքային փորձաքննության եզրակացություն, որով կհիմնավորվի, որ ամբաստանյալի մատնահետքն առկա է փայտյա մահակի վրա և այլն:
Անդրադառնալով միակ ականատեսի՝ տուժողի նախաքննական ցուցմունքներին, պաշտպանը նշեց, որ որպես ապացույց դրանք արժանահավատ չեն, քանի որ դրանցում էական հակասություններ կան, դրանք անթույլատրելի են, քանի որ՝ պաշտպանության կողմն ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանում բազմիցս միջնորդել է առերես հարցաքննել տուժողին ու ամբաստանյալներին, պատճառաբանելով էական հակասությունները, սակայն մերժվել են միջնորդությունները, եւ ըստ էության, ամբաստանյալները զրկված են եղել իրենց դեմ ցուցմունք տված անձին առերես հարցաքննելու իրավունքից:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» , 22.11.2018