Աշխարհում որքան զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ֆինանսական գործիքները, այնքան լայն թափ են ստանում էլեկտրոնային և բջջային եղանակով ծառայությունների մատուցման և էլեկտրոնային առևտրի տարբեր դրսևորումները: Այս առումով Հայաստանը բացառություն չէ: Մեր երկրում միայն այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ քարտերով անկանխիկ վճարումների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 19%-ով և կազմել ընդհանուր քարտային գործառնությունների 10%-ը: Իսկ բանկային համակարգով իրականացված անկանխիկ վճարումների միջին օրական ծավալը կազմել է 95.6 մլրդ դրամ: Ազատ տնտեսական հարաբերությունների պայմաններում ամբողջ աշխարհում զարգանում է էլեկտրոնային առևտուրը: Հայ հանրությանը ավելի հայտնի են արտասահմանյան amazon.com, ebay.com և այլ ինտերնետային խանութներ: Հայաստանում էլ կան ինտերնետային խանութներ, սակայն ազգային օրենսդրության թերի կարգավորումների կամ առանձին դեպքերում կարգավորման բացակայությունը անկանխիկ գործարքների, այդ թվում՝ ինտերնետային առևտրի նկատմամբ վստահությունը նվազեցնում է: Հայաստանում գործում են ինտերնետային խանութներ, որտեղ բացակայում է ապրանքի կամ վաճառողի մասին անհրաժեշտ տեղեկությունը, ինչը կարող է մոլորեցնել գնորդին:
Առևտրի համար էլեկտրոնային ցանցը տվյալների փոխանակման միջոց է, մինչդեռ «մաքուր» էլեկտրոնային առևտրի դեպքում այն միջավայր է, որտեղ կնքվում կամ կատարվում են ինտերնետային գործարքներ: Օրինակ, ԱՄՆ-ում ցանկացած գործարք, որն իրականացվում է ինտերնետի միջոցով, համարվում է ինտերնետային առևտուր, իսկ Հայաստանում այս սահմանումը ևս հստակեցված չէ: Ի տարբերություն առևտուր կատարելուն, որտեղ գնորդը կամ սպառողը հնարավորություն ունեն մոտիկից «շփվել» ապրանքի հետ՝ շոշափել, ուսումնասիրել, որակական համեմատություններ կատարել, էլեկտրոնային առևտրի դեպքում սպառողը զրկված է այդ հնարավորությունից, այդ իսկ պատճառով անձը կարող է սխալվել իր իսկ ընտրության մեջ: Սակայն, ռիսկերից բացի, էլեկտրոնային առևտուրն ընձեռում է մի շարք հնարավորություններ: Ինտերնետային առևտրի դեպքում անձը կարող է առանց տանից դուրս գալու դիտարկել ու համեմատել բազմաթիվ ապրանքներ՝ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, առևտուր կատարել ցանկացած օր և ցանկացած ժամի, չմտածել ապրանքի տեղափոխման և այլ անհարմարությունների մասին, ինչը «սպառնում» է ավանդական առևտրի դեպքում:
Երևանի փողոցներում 30 պատահական անցորդի շրջանում կատարել ենք հարցում՝ պարզելու համար արդյոք վստահո՞ւմ են անկանխիկ և ինտերնետային գործարքներին: Հարցվածներից 22 մարդ պատասխանել է, որ չի վստահում, 3-ը՝ վերապահումներով է վստահում, իսկ հարցվածներից 5-ը՝ լիարժեք վստահում է: Նշենք, որ հարցվածներից 19 հոգի առնվազն մեկ անգամ կատարել էր անկանխիկ գործարքներ, այդ թվում՝ ինտերնետային խանութներից առևտուր:
Հարցվածների գերակշիռ մասի համար չվստահելու հիմնական պատճառը ինտերնետ տիրույթում ծառայություններ մատուցող, ապրանքներ վաճառող ընկերության կամ անհատի մասին տեղեկատվության ոչ ամբողջական լինելն է, ապրանքների ու ծառայությունների մասին ոչ լիարժեք տեղեկատվությունը, գնված ապրանքի որակի հետ վերադարձնելու երաշխիքի բացակայությունը:
Մեր հարցվածներից Ալինան, ով ուսանող էր, նշեց, որ հայաստանյան ինտերնետ խանութներից մեկից խոհանոցային ապրանք է գնել, մտածելով, որ գնում է հենց այն ապրանքը, որի նկարը տեղադրված է եղել կայքէջում: Ըստ նրա՝ նախ պատվիրված ապրանքն իրեն փոխանցվել է 2-3 օր ուշացումով, իսկ երբ ստացել է այն, պարզել է, որ թե՛ արտաքին տեսքով, թե՛ գույնով ու որակով այն ոչ մի նմանություն չունի ինտերնետային կայքէջում տեղադրվածի հետ: Ալինան չի ընդունել ապրանքը, իսկ անկանխիկ եղանակով նախապես վճարած գումարը հետ ստանալու համար պահանջվել են շաբաթներ:
Մասնագետների կարծիքով՝ առևտուրը ռիսկային է և սպառողը ավելի ուշադիր պետք է լինի: Էլեկտրոնային խանութների կայքէջերում նույնիսկ մեկնաբանությունների դաշտում են տնտեսվարողները դիմում խորամանկ քայլերի: Օրինակ, երբ մեկ գնորդ մեկնաբանությունների դաշտում իր դժգոհությունն է արտահայտում ապրանքի որակի վերաբերյալ, տնտեսվարողը կեղծ օգտատերերի կամ իր աշխատակիցների միջոցով 30-40 դրական մեկնաբանություններ է գրառում նույն դաշտում, որպեսզի ընդհանուր ֆոնը փոխվի և գայթակղի մարդկանց: Էլեկտրոնային շուկայում կան գործունեություն իրականացնող կայքէջեր, որոնք պատշաճ գրանցում չունեն և ապօրինաբար գանձումներ են կատարում, իսկ վերջում պարզվում է, որ նման ինտերնետային խանութ գոյություն չունի: Այս երեք դրույթներին հետևելու պարագայում բարձր պաշտպանվածություն կարելի է ունենալ, եթե նույնիսկ երկրի օրենսդրությամբ ամբողջապես ոլորտը կարգավորված չէ: Էլեկտրոնային առևտրի պարագայում սպառողը հենց ինքն է իր պաշտպանը:
Էլեկտրոնային առևտուրն ինչպե՞ս է կարգավորվում գործող օրենսդրությամբ, և ի՞ն փոփոխություններ են առաջարկվում: Հայաստանում գործարքների, այդ թվում պայմանագրերի կնքման կարգը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ըստ որի՝ գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր՝ հասարակ կամ նոտարական ձևով: Գործարքների կնքման կամ ծառայությունների մատուցման դեպքում, եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևը օրենքով չի պահանջվում: Իսկ պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու, ինչպես նաև փոստային, հեռագրային, հեռախոսային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով փաստաթղթեր փոխանակելու միջոցով, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է պայմանագրի կողմից:
Կառավարության նախաձեռնությամբ փորձագետները մշակել են «Հայաստանում էլեկտրոնային առևտրի քաղաքացիաիրավական կարգավորման հիմնախնդիրների վերաբերյալ» փաստաթուղթ, ըստ որի՝ Քաղաքացիական օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործարքների կնքմանը, պայմանագրի ձևին վերաբերող դրույթները նկատի չեն առնում էլեկտրոնային եղանակով գործարքների և պայմանագրերի կնքման առանձնահատկությունները: Այդ իսկ պատճառով առկա է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի որոշ հոդվածներում: Փորձագետները նշում են, որ օրենքով պետք է սահմանել առնվազն նվազագույն պահանջներ այն էլեկտրոնային կայքերի ու խանութների, ինչպես նաև հեռուստատեսային խանութների նկատմամբ, որոնք հրապարակային հայտարարություններ են տեղադրում համացանցում կամ հեռուստատեսությամբ ապրանքների վաճառքի կամ ծառայությունների մատուցման վերաբերյալ: Ապրանք վաճառողների կամ ծառայություններ մատուցողների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է առկա լինի որևէ տեղեկատվական կայքում այն ժամանակահատվածում, որի ընթացքում նրանք իրականացնում են իրենց գործունեությունը: Չի բացառվում, որ օրենսդրական փոփոխությունները բերեն նրան, որ սպառողն ի հավաստում կնքված գործարքի՝ կարողանա պահպանել գործարքը կնքված լինելու մասին էլեկտրոնային տեքստը և այն ներբեռնել համակարգչում կամ որևէ էլեկտրոնային կրիչում: Օրենսդրական մակարդակով պետք է նախատեսել ապրանքը վերադարձնելու գնորդի իրավունքը՝ սահմանելով այն ժամանակահատվածը, որի ընթացքում վաճառողը պարտավոր է վերադարձնել ապրանքի համար վճարված գումարը: Ինչպես նաև նկարագրել բոլոր այն քայլերն ու դրանց հաջորդականությունը, որոնք պետք է կատարի գնորդը վաճառքի կամ ծառայությունների մատուցելու մասին հրապարակային առաջարկն ընդունելու համար՝ հստակեցնելով այն պահը, երբ առաջարկը գնորդի կամ սպառողի կողմից կհամարվի ընդունված:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» , 22.11.2018