ՔՊԿ-ն սոցիալական ցանցում հայտարարություն էր տարածել. «Հարգելի աջափնյակցիներ, այսօր երեկոյան 19։00-ին, Աջափնյակի ՔՊԿ գրասենյակում տեղի կունենա հանդիպում «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Տիգրան Ավինյանի, Լենա Նազարյանի, Լիլիթ Մակունցի և Վահագն Հովակիմյանի հետ։ Սիրով սպասում ենք ձեզ»:
Նշված ժամին Մարգարյան-18 հասցեում գտնվող գրասենյակում էինք:
Մինչ հանդիպումը կսկսվեր, մոտեցան մի քանի երիտասարդներ, հետաքրքրվեցին՝ ով եմ, որ լրատվամիջոցն եմ ներկայացնում, հրավիրվա՞ծ եմ, թե՞ ոչ եւ ասացին, որ, հավանաբար, հանդիպումը լուսաբանել հնարավոր չլինի:
Պայմանավորվեցինք՝ երբ պատգամավորի թեկնածուները գան, նրանցից կճշտենք: Առաջինը եկավ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը եւ բարեհամբույր մերժեց. «Չէ: Անկեղծ ասած՝ փակ ժողով է: Ներկուսակցական հարցեր կան», – ասաց նա:
Բայց հայտարարության մեջ նշված չէր, թե կայանալու է հանդիպում միայն կուսակցության ակտիվի հետ, որը լուսաբանման ենթակա չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տիգրան Ավինյանը հավանաբար մտածել է՝ եթե հանդիպումը լուսաբանվի և մամուլում հանկարծ հայտնվի իրենց քննադատող տեղեկատվություն, բա ինքը ընտրություններից հետո կարող է՞ նորից փոխվարչապետ նշանակվել: Շառից ու փորձանքից հեռու մնալու համար միգուցե կիրառեն հին ու փորձված մեթոդը՝ չլուսաբանվող ժողովներ անեն, իսկ լրագրողները դրսում սպասեն, որ մամլո խոսնակը վերջում դուրս գա ու հարմար ձևով լուսաբանի: