Ուշի ուշով հետեւում էի «Առաւօտի» լրագրողի եւ Արտաքին Գործոց Նախարարի հարցուպատասխանին: Թէեւ կարեւոր հարցեր հնչեցին, բայց ինձ հետաքրքրող շատ հարցեր մակերեսօրէն քննարկուեցին կամ առհասարակ չարծարծուեցին: Աւելին, պարոն նախարարի պատասխաններում յաճախ նոր բան չկար, չնայած հասկանալի է, որ դիւանագիտութիւնն այդ աստիճան հրապարակային չէ: Ուստի ցանկանում եմ ինձ հետաքրքրող որոշ հրատապ հարցեր հնչեցնել ու քննարկել դրանք.
- Հայաստան-ՀԱՊԿ յարաբերութիւններ
Նախորդ իշխանութիւնների ապաշնորհ քաղաքականութեան արդիւնքում Հայաստանը ՀԱՊԿ-ում յայտնուել է մի իրավիճակում, որտեղ գրեթէ դաշնակիցներ չունի՝ մի մասը չէզոք են, իսկ միւսները՝ հակառակորդի շահն են սպասարկում: ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինողի հարցն այդքան էլ կարեւոր չէ եւ ըստ էութեան Հայաստանին ոչ մի գործնական օգուտ չի տալու: Սակայն վերջին օրերին սա պատրուակ է դարձել Հայաստանն «անկիւն քշելու». մի իրավիճակ, որը վաղ թէ ուշ ժայթքելու էր, եթէ նոյնիսկ Խաչատուրովի հարցը չլինէր: Պատճառն այն անհեթեթ յարաբերութիւններն են, որ առկայ են անդամ երկրների ու Հայաստանի միջեւ: Հայաստանը պէտք է յստակ բարձրաձայնի, որ որոշ անդամների գործողութիւնները դաշնակցային չեն եւ վտանգում են Հայաստանի ապահովութիւնը, ինչպէս նաեւ ՀԱՊԿ-ի հեղինակութիւնը:
Երեք խոշոր մարտահրաւէր կայ, որը նաեւ ՀԱՊԿ-ին է առընչւում՝ (ա) Նախիջեւանում զէնքի կուտակում, (բ) կրակոցներ եւ գերեվարութեան դէպքեր Տաւուշի մարզում եւ (գ) ՀԱՊԿ անդամ երկրների զէնքի վաճառք Ադրբեջանին: Այս հարցերը ՀԱՊԿ-ում քննարկելը եւ յօգուտ մեզ լուծումներ գտնելը շատ աւելի կարեւոր են, քան Խաչատուրովին փոխարինողի անունը:
Ամէն անգամ ՀՀ իշխանութիւնները յայտարարում են, թէ սպառազինութեան մրցավազքը լաւ չէ: Համամիտ եմ, բայց միւս կողմից չենք կարողանում հասնել այն բանին, որ Ադրբեջանին զէնք չվաճառեն: Լաւ, այդ դէպքում ո՞րն է մեր ռազմավարութիւնը՝ զէնքի առուվաճառքին դէմ ըլլալով, մենք է՞լ առուվաճառքով զբաղուենք (ինչը եւ անում ենք): Թէ՞ ստեղծենք մեր սեփական ռազմարդիւնաբերութիւնը, որից յետոյ միջազգային հարթակներում յստակ կարող ենք դէմ խօսել զէնքի առուծախին: Պարզ է, որ հիմա չենք կարող առարկել. եթէ մենք առնում ենք, ուրեմն Ադրբեջանն էլ կարող է առնել (թէկուզ երրորդ երկրներից): Ո՞րն է կառավարութեան տեսակէտն այս հարցում, ի՞նչ յստակ քայլեր են նախատեսուած սեփական ռազմարդիւնաբերութիւն ունենալու համար:
Յաջորդ մտահոգիչ հարցը Տաւուշի մարզն է, որտեղ հայ-ադրբեջանական սահմանը միջազգայնօրէն (ինչպէս նաեւ երկուստեք) ճանաչուած սահման է: Ինչո՞ւ են այստեղ պարբերաբար կրակոցներ հնչում: Գուցէ Լուկաշենկո՞ն պատասխանի այս հարցին: Կամ պարբերաբար լսում ենք, որ այդ վայրերում սահմանահատման հետեւանքով ՀՀ քաղաքացիներ են գերեվարուել: Յարգելի՛ կառավարութիւն, մինչեւ ե՞րբ պիտի սա շարունակուի: Ո՞վ պիտի հանրութեանը բացատրի գերեվարման պատճառները, որ յետոյ էլ մտածենք, թէ ինչպիսի կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք: Ի դէպ սահմանների ապահովութեան մասին. մի՞թէ Հայաստանն այդ աստիճան անճար է, որ Զուարթնոց օդակայանի սահմանային հսկողութիւնն էլ է յանձնել օտար պետութեան: Սա ի՜նչ ստորացում է: Ե՞րբ պիտի այս խարանը վերացուի:
- ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական դաշինք: Բանակցութիւններում արցախեան կողմի ներգրաւում
Նախկինում յաճախ էր քննարկւում, թէ Հայաստանի Հանրապետութիւնն ու Արցախը կարող են փոխօգնութեան ինչ-որ համաձայնագիր կնքել, իսկ վարչապետ Փաշինեանը պնդում էր, որ Արցախի դերակատարութիւնը հակամարտութեան լուծման հարցում պիտի մեծանայ: Հետաքրքիր է՝ ի՞նչ փուլում են այս քննարկումները:
- Ժողովուրդների բարեկամութիւն
Ամէն անգամ երբ խօսում ենք հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցման մասին, Հայաստանի (վստահաբար նաեւ՝ Ադրբեջանի) որոշ ազգայնամոլական խմբեր յայտարարում են, թէ դաւաճաններ էք, ազգի թշնամի: Այն, որ հայերը եւ ադրբեջանցիները ապագայում հաշտ ու համերաշխ են ապրելու, ես կասկած անգամ չունեմ: Հարցն այն է, թէ ե՞րբ: Այսօր Ադրբեջանի կողմից ակնկալել ժողովուրդների հաշտեցման նախաձեռնողականութիւն, առնուազն միամիտ կը լինի, եթէ չասեմ՝ զաւեշտալի: Ուստի այդ նախաձեռնողական քայլերը նախ եւ առաջ Հայաստանը պիտի սկսի՝ փայլուն հասկանալով, որ դիմացի կողմը (առնուազն՝ նրանց ղեկավարութիւնը) պատրաստ չէ դրան: Պէտք չէ միշտ շարժուել «ակն ընդ ական» գծային սկզբունքներով: Հայաստանը պէտք է ոչ գծային, ստանդարտից դուրս լուծումներ փնտրի: Հետաքրքիր է՝ ի՞նչ քայլեր է անում Հայաստանն այս ուղղութեամբ: Գուցէ մեր ղեկավարներն է՞լ են մտածում, որ ժողովուրդների հաշտութիւնն անկարեւոր բան է:
- Նախաձեռնողական արտաքին քաղաքականութիւն
Նախարարը թէեւ հպանցիկ անդրադարձաւ Հայաստանի նախաձեռնողական քաղաքականութեանը, բայց ես այդպէս էլ չհասկացայ, թէ որտեղ է յետյեղափոխական Հայաստանը նախաձեռնողականութիւն ցուցաբերել: Հայաստանի արտաքին քաղաքականութիւնն Աֆրիկայի ուղղութեամբ ինձ համար չափազանց գոհացուցիչ է եւ Ֆրանսախօսների համաժողովն այդ առումով տպաւորիչ էր: Միւս ուղղութիւններով սակայն մեծ առաջընթաց չեմ տեսնում: Ինձ յատկապէս հետաքրքրում է մեր տարածաշրջանը, Միջին Արեւելքը, Չինաստանն ու Հնդկաստանը: Հարցազրոյցի ընթացքում չքննարկուեց Հայաստան –Վրաստան (Լարս, այլընտրանքային ճանապարհ) եւ Հայաստան-Իրան հաղորդակցութեան (հիւսիս-հարաւ մայրուղու, երկաթուղու) հարցը: Տարածաշրջանային միւս խնդիրներին արդէն առիթ ունեցել եմ անդրադառնալ եւ ուզում եմ նաեւ յատուկ ընդգծել մեր յարաբերութիւնների կարեւորութիւնը Չինաստանի եւ Հնդկաստանի հետ: Այդ յարաբերութիւնները չափազանց թոյլ են եւ ՀՀ ԱԳՆ-ն այստեղ մեծ անելիք ունի՝ յատկապէս դեսպանների մակարդակով:
- ՀՀ դեսպանները
Ընկերական շրջապատում ես յաճախ կատակում եմ, թէ «արձակուրդ գնալու ամենալաւ տեղը ՀՀ դեսպանատներն են»: Սա իհարկէ կէս կատակ է, բայց միւս կողմից էլ՝ կիսով չափ լուրջ: Ապրելով Գերմանիայում՝ աչքիս առաջ մեր դեսպանատունն է Բեռլինում: 2016թ.-ին մի գործ ծագեց եւ 6 ամիս պահանջուեց, որ կապուեմ դեսպանատան աշխատակիցների հետ, իսկ դրանից յետոյ եւս 6 ամիս, մինչեւ գործս մերժեցին: Թւում էր, թէ այս արատաւոր գործելակերպն այլեւս հին Հայաստանում է մնացել, բայց աւա՜ղ՝ ո՛չ: Ամռանը մէկ այլ հարցով դիմեցի դեսպանատուն: Մէկ ամիս շարունակ երկու տեղեկանք էին թարգմանում, որտեղ հաւանաբար գումարային հաշուով 20 բառ էլ չկար:
Երբ ասում ենք նախաձեռնողական արտաքին քաղաքականութիւն, նկատի ունենք նաեւ, որ դեսպանատների եւ յատկապէս դեսպանների աշխատաոճը պիտի փոխուի: Այն դեսպանները, որոնք արդիւնք ցոյց չեն տալիս, պէտք է յետ կանչուեն: Արդիւնքը յատկապէս վերաբերում է տուեալ երկրի հետ զբօսաշրջութեան եւ առեւտրի ծաւալներին, ներդրումներին, գիտակրթական կապերին: Սրանք տուեալներ են, որոնք հեշտութեամբ կարող ենք քաղել ՀՀ վիճակագրական աղբիւրներից եւ ըստ այդմ գնահատել դեսպանների աշխատանքի ոչ քաղաքական բաղադրիչը:
Շատ դէպքերում ինձ համար բացարձակապէս անհասկանալի է, թէ ինչու դեսպանատներ ունենք որոշ երկրում, բայց ոչ մէկ այլ երկրում (օրինակ՝ Մեքսիկա, Արգենտինա, Ինդոնեզիա եւ Իսրայէլ, Աւստրալիա, Հարաւային Կորեա, Աֆրիկա):
- Ընկերային ցանցեր, կայքէջ
Արտաքին նախաձեռնողական քաղաքականութեան գրաւականներից մէկն էլ ընկերային ցանցերն են, նախարարութեան կայքէջը: Չեմ կարող ասել՝ ինչ վիճակ է ֆեյսբուքում, բայց Ինսթագրամում եւ Թուիթերում առաւել աշխոյժ լինելու կարիք կայ: Խորհրդակցէք այդ ոլորտի հայ մասնագէտների հետ կամ համեմատէք միւս երկրների աշխատաոճը:
Նախարարութեան կայքէջը եւս բարելաւման կարիք ունի: «Հայաստան-Ադրբեջան երկկողմ յարաբերութիւններ» էջում վերջին անգամ 2010թ.-ին է թարմացում եղել: Աւելին, կայքի հայերէն եւ անգլերէն էջերում ոչ մի տեղ չհանդիպեցի 2016թ.-ի ապրիլեան պատերազմի մասին յիշատակում (ներող եղէք, եթէ վրիպել եմ), մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն մի առանձին բաժին է յատկացրել դրան: Ոչ մի խօսք Տաւուշի մարզի կրակոցների մասին կամ թէկուզ ՄԻՊ զեկույցի մասին (կրկին՝ ներողութիւն, եթէ աչքս վրիպել է): Թուային անճշտութիւններ կան որոշ երկրների պարագայում (օրինակ՝ ներմուծման ծաւալներն Ինդոնեզիայից) եւ այլն:
դր. Արթուր Լազարեան
Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա