Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորուստների հետ կապված չկա որևէ դեպք, որ Հայաստանը թաքցնի»․ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Նոյեմբեր 22,2018 19:21

Այսօր Շիրակի պետական համալսարանը հյուրընկալել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, որը երկխոսության մեջ մտավ բուհի անձնակազմի ու ուսանողների հետ՝ պատասխանելով նրանց հուզող տարբերի հարցերի։

Այն հարցին՝ ինչպե՞ս նվազեցնել ինքնասպանության դեպքերը բանակում, Արտակ Դավթյանը թվարկեց այն միջոցառումները, որոնք թափանցիկ կդարձնեն ծառայությունը ու կնպաստեն սուիցիդալ վարքագծի դրսևորմանը։

«Հնարավորինս փորձում ենք թափանցիկ դարձնել ծառայությունը։ Այսինքն` հասարակության վերահսկողությունը փորձում ենք ավելացնել, մասնավորապես վերջերս պաշտպանության նախարարի հրամանը բջջային հեռախոսներ ունենալու վերաբերյալ նույնպես մեկ ազդակ է, որպեսզի զինծառայողը գոնե ծայրահեղ դեպքում կարողանա նաև ծնողների միջոցով ինչ-որ խնդիրներից ազատագրվել, խոսա և ավելի հանգիստ ծառայի։

Հիմա նաև աշխատանքներ են տարվում մեկ տարվա ընթացքում զորամասերի մեծ մասում տեսակապեր ունենալու, որպեսզի հարազատների հետ կարողանան խոսել տեսակապով, ոչ թե գնան դուրսը խոսեն», – ասաց Արտակ Դավթյանը։ Նա նաև նշեց, որ շեշտը դնում են յուրաքանչյուր զինծառայողի հետ անհատական աշխատանքի վրա, մինչև վերջիններս կինտեգրվեն կոլեկտիվի հետ, ներդաշնակ կդառնան։

«Կարևոր միջոցառում է սպայական կազմի պատրաստվածության մակարդակի բարձրացումը։Մենք այստեղ ունենք որոշակի խնդիրներ առաջին հերթին ցածր օղակի սպայական կազմի համալրման հետ կապված։ Ցավոք սրտի, վերջին 2-3 տարվա ընթացքում բավականին պակասել են դիմորդների քանակը, որոնք ցանկանում են ընտրել սպա մասնագիտությունը։ Դա բերում է ընտրության բացակայության, որպեսզի կարողանանք ընտրել ավելի լավերին, որոշակի չափով բերում է նաև որակի անկմանը։ Զինվորի հետ առաջին հերթին աշխատողը ներքևի օղակի սպաներն են, դասական վաշտի հրամանատարներն են, և այդ բացը փորձում ենք լրացնել բարձր օղակի սպաների լրացուցիչ աշխատանքների կատարմամբ․ իրենց աշխատանքից բացի, նրանք կատարում են նաև ցածր օղակի սպաների պարտականություններ՝ անհատական աշխատանքներ կատարելով։

Հաջորդը՝ վերջին շրջանում փորձում ենք ծնողներին ներգրավվել պրոբլեմային զինվորների դաստիարակության գործում։ Ծնողներին հրավիրում ենք զորամասեր, համակերպվելու հետ կապված՝ անմիջապես ծնողների օգնությամբ, աջակցությամբ փորձում ենք ազդել զինծառայողի վրա, որպեսզի ծառայությունն անցնի առանց դեպքերի։ Բավականին կարևորում եմ մարդու պաշտպանի դերը, վերջին շրջանում շատ-շատ են նամակները, բողոքները, դիմումները մարդու պաշտպանին։ Նրա միջնորդությամբ պաշտպանության նախարարությունում բավականին ակտիվ քննարկվում են բոլոր նման կարգի դիմումները, բողոքները։ Անհատական մոտեցում ենք ցուցաբերում, որպեսզի հասկանանք՝ պրոբլեմները, որոնք ներկայացվում են, ինչքանով են իրականությանը համապատասխանում և ինչ մենք պետք է անենք բացթողները վերացնելու համար»։

Արտակ Դավթյանը մեր զինված ուժերի աշխատանքը գնահատեց արդյունավետ ու համեմատեց նաև եվրոպական մի քանի երկրների զինված ուժերի աշխատանքի հետ։

«Ես եղել էի Բելառուսում, Հունաստանում, Բուլգարիայի հանրապետությունում, և կարող եմ ասել այդ տեսակետից նրանց զինված ուժերից բավական առաջ ենք գնացել։ Իսկ եթե փորձեք ուսումնասիրել այնպիսի մեծ երկրի և այնպիսի հարուստ երկրի, ինչպիսին ԱՄՆ-ի զինված ուժերում փախուստների, ինքնասպանությունների քանակությունը, մարտական գործողությունների շրջանում կատարված դեպքերի կամ հանցագործությունները, կարող եք համեմատության մեջ դնել մեր զինված ուժերում կատարված դեպքերի քանակի հետ։

Կարող եմ ասել, այն, ինչ զինված ուժերում լինում են, մանավանդ կորուստների հետ կապված, չկա որևէ դեպք, որ մեր ղեկավարությունը թաքցնի․ բոլորը հայտարարվում են։ Շատ անգամ հնչում են հայտարարություններ դեպքի հետ կապված, կարող եմ պատասխանատու հայտարարել՝ որևէ դեպք զինված ուժերում թաքցված չկա, Հայաստանն այն երկիրն է, որտեղ յուրաքանչյուր մարդ այս կամ այն ձև կապված է մյուսի հետ, թաքցնել մեկ, երկու կամ հինգ հոգու կորուստը, չի կարելի ուղղակի, մանավանդ որ մեր հասարակությունը ակտիվ է, շահագրգռված է։ Պատկերացրեք որևէ գյուղում զինվորականի հուղարկավորություն լինի, ոչ մեկը չի տեսնելո՞ւ, չի իմանալո՞ւ, հնարավոր չէ, դրա համար, նորից եմ ասում, այդպիսի խնդիր չկա, որ մենք թաքցնենք։Դրա համար մենք փորձում ենք օգտագործել հասարակության ազդեցությունը բանակի վրա, որպեսզի պարտավորված զգանք ավելի լավ աշխատելու, որպեսզի այդպիսի դեպքեր չլինեն»,- ասաց Արտակ Դավթյանը։

Բանակում կատարվող դեպքերի հետ կապված էլ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասաց․ «Զինված ուժերում օրվա ընթացքում նվազագույնը 1000-ից ոչ պակաս տեխնիկա գտնվում է շարժի մեջ։ Ամեն օր ոչ պակաս 7-8-9 հազար զինծառայող՝ զենքը ձեռքին, իրականացնում է զինծառայություն, այսինքն` դրանք նույնպես գործոններ են, որոնք նպաստում են այս կամ այն դեպքերին, դրանց ավելացմանը, կամ պակասեցմանը։ Ձեռնարկած միջոցառումների արդյունքում ես կարծում եմ էապես նվազել է, տարեվերջին կլինեն նաև հայտարարություններ, պաշտոնական տեսակետից թվերը չհնչեցվեն, բավական հարցերով մենք ունենք նվազումներ։ Ցավոք սրտի, ունենք որոշակի աճ ինքնասպանությունների հարցով, այդ ուղղությամբ նույնպես աշխատում ենք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930