Կովկասում Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացնելու է Հայաստանի կառավարության հետ կապերի ամրապնդման վրա: Գտնում են «Stratfor» հետազոտական կենտրոնի վերլուծաբանները, նշելով, որ Հայաստանը ավանդաբար Ռուսաստանի սերտ և հավատարիմ դաշնակիցներից է, անդամակցում է Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը և ռազմական բլոկին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
Բայց վերջին ամիսներին Հայաստանի ու Ռուսաստանի միջև քաղաքական լարվածություն է առաջացել, որը հաջորդում է թավշյա հեղափոխությունից հետո ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի իշխանության ուժեղացմանը:
Միացյալ Նահանգները հույս ունի օգտագործել այդ լարվածությունը՝ սեպ խրել Հայաստանի ու Ռուսաստանի միջևը, գտնում է «Stratfor» -ը, նշելով որ նման մի փորձ արդեն արվել է, երբ ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անցած ամիս այցելելով Հայաստան, ասել էր, թե ԱՄՆ-ը կարող է զենք վաճառել Հայաստանին՝ արտահայտելով ԱՄՆ-ի հետաքրքրությունը:
Մոսկվան Բոլթոնի առաջարկը դիտարկեց որպես ուղղակի սպառնալիք, շարունակում են «Stratfor» -ի վերլուծաբանները, Ռուսաստանը ներկա դրությամբ Հայաստանին զենքի վաճառքի մենաշնորհ ունի և հինգ հազարանոց զորք այդ փոքր երկրում: Չնայած Հայաստանը վերջին հաշվով դժվար թե հրաժարվի Ռուսաստանի հետ իր ռազմավարական համաձայնություններից, բայց երկուսի միջև քաղաքական խնդիրները կարող են Միացյալ Նահանգներին հնարավորություն ընձեռել թուլացնելու Մոսկվայի ազդեցությունը առանցքային դաշնակցի վրա:
«Stratfor» -ը գտնում է, որ Հայաստանի հիմնական հակառակորդ Ադրբեջանը ևս կգրավի ԱՄՆ-ի ուշադրությունը, մասնավորապես Իրանի վրա ճնշումների առումով: Ադրբեջանի հարաբերությունները իր հարավային հարևանի հետ դժվարությունների կհանդիպի, քանի որ կառավարությունը մասնակցելով Թեհրանի զսպման ԱՄՆ-ի ռազմավարությանը, նաև ձգտում է պահպանել արտաքին քաղաքականության հավասարակշռությունը: Ամեն դեպքում Ադրբեջանը արդեն իսկ դադարեցրել է Իրանից բնական գազի գնումները, դեռ մինչ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների ուժի մեջ մտնելը՝ նոյեմբերի 5-ին: 2019-ին ամենայն հավանականությամբ կկրճատվեն տնտեսական կապերը Ադրբեջանի ու Իրանի միջև:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: