ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան կարծում է, որ ՀՀ-ում այս տարի տեղի ունեցածը հեղափոխություն չէ: «Ի՞նչ հեղափոխություն: Ես այդպես չէի ասի»,-ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Թե ինչ անվանում կարելի է տալ ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Սլոբոդան ընդգծեց. «Այն, ինչ ապրիլ-մայիսին տեղի ունեցավ ՀՀ-ում, դա երկրի ներքին գործընթացն էր: Իմ կարծիքով, դա իշխանության փոխանցում էր»:
Դեկտեմբերի իննին կայանալիք արտահերթ ԱԺ ընտրությունների առնչությամբ պաշտոնյան նախնական գնահատականներ չհնչեցրեց, քանի դեռ չեն դիտարկել նախընտրական քարոզարշավի ընթացքն ու քվեարկության արդյունքների ամփոփումը: Իսկ թե ինչպես է գնահատում այն փաստը, որը ընտրությունները տեղի են ունենալու չբարեփոխված, ասել է թե՝ «հին» ընտրական օրենսգրքով, Եվգենի Սլոբոդան նկատեց. «Դա երկրի ներքին գործն է, չէ՞ որ ձեր խորհրդարանը որոշեց չընդունել նոր օրենսգիրքը»:
Հավելենք, որ ԱՊՀ երկրների մոտ 70 ներկայացուցիչներ դիտորդական առաքելություն կիրականացնեն դեկտեմբերի իննին կայանալիք արտահերթ ԱԺ ընտրություններում: Եվգենի Սլոբոդան տեղեկացրեց, որ դիտորդներին ՀՀ գործուղելու համաձայնություն արդեն տվել են Բելառուսը, ՌԴ-ն, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը. «Հաստատ է այն, որ չեն մասնակցի Ուկրաինան եւ Ադրբեջանը»:
Ինչ վերաբերում է 2017թ. կայացած ԱԺ ընտրություններին, Սլոբոդան համոզմունք հայտնեց, որ լուրջ ընտրախախտումներ չեն գրանցվել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
https://www.facebook.com/aravot.am/videos/274718623183515/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ