«Ճիշտ ժամանակը չէ դեկտեմբերի 9-ին ընտրություններ նշանակելը: Ոչ մի տրամաբանություն գոյություն չուներ այդ օրը, այդ շրջանում ընտրությունները ֆիքսելը»,- «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՅԴ նախընտրական ցուցակի 22-րդ համար՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը: Նա նշեց, որ ընտրություններին պատրաստվելու ժամանակահատվածը շատ քիչ է, թեև իրենք՝ որպես կայացած ուժ, այդ խնդիրն առանձնապես չունեն:
Արթուր Եղիազարյանը հիշեցրեց՝ կառավարության ծրագրում արձանագրված էր, որ մեկ տարվա ընթացքում որոշ քայլեր իրականացնելուց հետո պիտի կազմակերպվեին ընտրությունները և փաստեց. «Ցավոք, այդ քայլերը չիրականացվեցին այնպես, ինչպես պիտի լիներ: Կարելի է ասել կամայական կերպով ֆիքսվեց ընտրությունների օրը, և ամբողջ քաղաքական դաշտով գնում ենք շատ սեղմ քարոզչական գործընթաց ունեցող ընտրությունների»:
Ըստ դաշնակցական թեկնածուի՝ ժողովրդին, որը տարիներով իր վրա փոփոխություններ չզգալուց հոգնել էր, այժմ ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի հուսախաբ անել. «Բոլորն այս ուղղությամբ պիտի մտածեն: Այս անգամ ժողովուրդը պիտի զգա, որ իր կյանքում բան է փոխվում: Եթե այս անգամ էլ ձախողվի, հետևանքները կարող են կործանիչ լինել»:
Արթուր Եղիազարյանը հույս ունի, որ սև ու սպիտակի բաժանելու, ընտրությունների տրամաբանությունն այլ ուղղությամբ տանելու՝ նախորդ ծրագրերը չեն լինի. «Նպատակ չունենք այլ քաղաքական ուժերին սևացնելու ճանապարհով դիվիդենտներ շահել: Իհարկե, քարոզարշավի շրջանն ունի իր տրամաբանությունը, եթե փոխվի հռետորաբանությունը, կփոխվի նաև մերը, թեև փորձելու ենք հանդես գալ կառուցողական դիրքերից և հարգանքի հիման վրա»:
Դառնալով կուսակցության ծրագրային դրույթներին՝ Արթուր Եղիազարյանն ասաց. «Մենք միակն ենք, որ սոցիալիստական ենք: Կա Սոցիալ-դեմոկրատական նոր միավորում. ծանոթ չենք նրանց ծրագրերին: Մեր երկրում անկախանալուց հետո իշխել է միայն լիբերալ ուղղվածությունը տնտեսությունում, որի արդյունքները գոհացուցիչ չեն: Հասարակության շերտավորումը մեծացել է: Մենք սա փորձելու ենք արմատապես փոխել: Ամեն ինչ թողնված է եղել ազատ շուկայական հարաբերություններին, շուկայական անտեսանելի ձեռքն է կարգավորում, մենք պետության դերակատարության մեծացումն ենք ապահովելու: Սա չի նշանակում, որ մասնավոր սեկտորը խնդիր է ունենալու, հակառակը փոքր ու միջին ձեռնարկատիրությանն ենք աջակցելու: Օրենսդրական փոփոխության ճանապարհով՝ սահմանափակելու ենք մենաշնորհները: Վերջին ամիսներին եղել են ազգային արժեքների վրա հարձակման դեպքեր: Մենք պաշտպանելու ենք ազգային շահերը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ