Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի 23,208,483.13 եվրո գումարի չափով համապատասխան դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
8 տարի տևողություն ունեցող ծրագրի իրականացման արդյունքում կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել՝ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ:
Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ես կարծում եմ, որ պատեհ առիթ է այս հարցի քննարկումը արձանագրելու համար, որ մեր կառավարության նպատակաուղղվածությունը և ռազմավարական մոտեցումը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելն է: Մենք առաջնորդվում ենք էկո Հայաստանի տրամաբանությամբ և դա նշանակում է, որ բնապահպանական հարցերում մենք լինելու ենք առավել նախանձախնդիր»: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ շատ է քննարկվում նաև հանքարդյունաբերության հարցը, որը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: «Մենք երբեք չենք ասել, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը փակելու ենք, մենք ասում ենք, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է իրականացվի միջազգային ամենաբարձր ստանդարտներով: Մենք հետևողական քայլեր ենք ձեռնարկելու մեր երկրում այդպիսի ստանդարտներ հաստատելու համար»,-ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:
Անդրադառնալով բնապահպանական խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրով նախատեսվող սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումները իրականացումը: «Մենք ոչ միայն վարչական լծակներ ենք կիրառում բնության պահպանության համար, այլև նաև պիտի հետևողականորեն նոր հնարավորություններ ստեղծենք այն տարածաշրջանների բնակիչների, քաղաքացիների համար, որոնք հանգամանքների բերումով ոչ բնապահպանական որոշակի խնդիրներ հարուցելու միջոցով եկամուտներ ստանալը դարձրել են արդեն առօրյա աշխատանք: Ես ուզում եմ այսպիսի մի նկատառում անել, օրինակ` ժամանակ առ ժամանակ կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում բնապահպանական առումով, ասենք՝ նույն Սևանա լճում ձկնորսության սեզոնների սահմանափակմամբ և այդպես շարունակ, անտառների պաշտպանության և պահպանության ուղղությամբ գործողություններ է ձեռնարկում, շատ դեպքերում դա ճիշտ արձագանքի չի արժանանում այդ տարածաշրջանի բնակիչների կողմից: Օրինակ՝ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի սիգի որսը ձվադրման սեզոնում սահմանափակվի կամ անտառների պահպանության և պաշտպանվածության մակարդակը բարձրանա: Ո՞ւմ համար է դա արվում, այսինքն՝ դա առաջին հերթին բխում է այդ տարածաշրջանում ապրող մարդկանց շահերից»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ պետք է շատ հստակ հասկանալ այդ բնակիչների վիճակը և փորձել ոչ այնքան վարչական լծակներով, այլ ուղիղ երկխոսությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանության հարցում մեր հայրենակիցների մոտ նույնպիսի ընկալման և վերաբերմունքի ձևավորմանը, ինչպիսին կա բնապահպանների շրջանում: «Այսպիսի դրամաշնորհային ծրագրերը շատ կարևոր են, որպեսզի մենք կարողանանք մարդկանց ի վերջո համոզել, ցույց տալ ճանապարհը, որ անտառ չկտրելով կարելի է ավելի շատ գումար վաստակել, քան թե անտառ կտրելով: Անտառ կտրելն ուղղակի մեզ տանում է դեպի փակուղի»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Խոսելով նաև այդ տարածաշրջանի բնակիչներին վառելափայտ տրամադրելու հարցի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այս ընթացքում 55 հազար խորանարդ մետր թափուկ վառելափայտ է անվճար հատկացվել մարդկանց: «Այսինքն՝ այդ վառելափայտը հատկացվել է առանց անտառին վնաս հասցնելու, և այս գործընթացը պետք է շարունակել»,- ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը: Նա նշել է նաև, որ բնապահպանական խնդիրներին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բրիկետների կամ պելետների արտադրությանը, այլընտրանքային վերականգնվող էներգետիկային: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ ծրագրեր կարող ենք իրականացնել, որպեսզի այդ միջոցները հնարավորինս տարածվեն Հայաստանում, և այս նոր տեխնոլոգիաների կիրառումը նաև մեզ օգնի, որպեսզի անտառն իսկապես ավելի ռազմավարական նպատակների ծառայի»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ ապագայում նման միջոցներ ներգրավելու ամենակարևոր պայմանը վերոնշյալ ծրագրի արդյունավետ և թափանցիկ իրականացումն է: «Սա կարևորագույն խնդիր է և այս համատեքստում, կարծում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, մարզպետարանները, համայնքների ղեկավարները շատ լուրջ անելիք ունեն: Փաստացի ստացվում է, որ այս գումարի 10 մլն եվրոն ծախսվելու է այդ ուղղությամբ: Նրանք պետք է կոնկրետ ծրագրեր ներկայացնեն և ծրագրերի ընտրությունն էլ պետք է լինի առաջին հերթին ընդհանուր ռազմավարական արդյունավետությունը հաշվի առնելով: Բոլոր ծրագրերը պետք է ներքին տրամաբանական շղթայով միմյանց կապված լինեն, որպեսզի գլոբալ արդյունքը լինի հնարավորինս մեծ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 44 ընտանիքների բնակարանային խնդիրը
Կառավարությունը հաստատել է ՀՀ 2018 թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: Հիմնավորման համաձայն՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թթ.՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Որոշման նպատակը՝ ՀՀ 2018 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման համար հատկացված 458,118.0 հազ. դրամ հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումների ամրագրումն է: Մասնավորապես, առաջարկվում է այդ միջոցներն ուղղել ՀՀ Լոռու մարզի բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող առնվազն 44 ընտանիքի կիսակառույցների շինարարական աշխատանքների ավարտմանը: Նախատեսված է շինարարական աշխատանքները կազմակերպել ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ի աջակցությամբ: Որոշմամբ կարգավորել են նաև նախատեսված աշխատանքների կազմակերպման ընթացակարգի, պայմանների, հաշվետվողականության, ինչպես նաև արդեն ավարտված բնակելի տների նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների գրանցման հետ կապված հարցերը:
Կապահովվի ՀՀ տարածքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի իրականացումը
Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 205,706.373 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ 2018 թ. առաջին 8 ամիսների ընթացքում ՀՀ համայնքները ներկայացրել են 236 ծրագրային հայտ, որից քննարկվել և հանձնաժողովի հավանության է արժանացել 176-ը: Նշված ծրագրերից մի մասի համար կայացել են ծրագրերի իրականացման մրցութային գործընթացները: Ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես, համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 23 համայնքների 25 ծրագրերի գնումների գործընթացը: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 726.248.290 ՀՀ դրամ, և մրցույթների արդյունքներով այն կազմել է 532,185.760 ՀՀ դրամ, որից պետբյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 205,706.373 ՀՀ դրամ:
Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ցավոք այս տարի մենք չկարողացանք մեր նախանշած ցուցանիշին հասնել: Մենք 10 մլրդ դրամի խնդիր էինք դնում, բայց համայնքները պատրաստ չէին փաստորեն, մյուս տարի էլ պատրաստ չեն լինելու: Այսինքն՝ 3 մլրդ դրամի մասին է լինելու խոսքը, բայց կարծում եմ ՝ տարվա ընթացքում նորից կանդրադառնանք: Այս ուղերձն էլ թող լինի, որ, ըստ էության, սա կառավարություն-ՏԻՄ-եր համագործակցության լավ օրինակ է, որն աշխատելու լիցք և էներգիա է տալիս»:
Օրենսդրական փոփոխություններ
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել օրենսգրքի համապատասխան հոդվածներում, որոնցով ամրագրվել են «սակավաջրություն» և «երաշտ» հասկացությունները: Ըստ այդմ՝ հստակեցվել են լիազոր մարմինների իրավասությունները տարին սակավաջուր հայտարարելու ուղղությամբ:
Կարևորելով օրինագծի ընդունումը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է դրել՝ ոռոգման ջրի համար Սևանին չպետք է անդրադառնալ, հավելյալ ջրառ չպետք է անել: «Հետո որոշ ժամանակ անց ինձ ասել են, որ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ: Սակայն հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ», – նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նրա խոսքով` ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և այսօրվանից պետք է զբաղվել ոլորտով, որպեսզի նույն տաշտակի առաջ կառավարությունը չկանգնի: «Ինձ զարմացրել է պետական վերահսկողական ծառայության պետի ներկայացրած հաշվետվությունը. կարդում եմ և չեմ հավատում, որ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու դրա դիմաց չեն վճարում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին ստեղծել աշխատանքային խումբ, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով: «Խնդիրը դրվում է հստակ՝ այս պահից հսկողության տակ առնել ոռոգման ողջ համակարգը, և գյուղատնտեսության սեզոնի սկզբից կանխատեսելի ներկայացնել մեր ամբողջ գործողությունների գրաֆիկը, ճանապարհային քարտեզը՝ մինչև ոռոգման սեզոնի փակման օրը», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հավանության է արժանացել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքների նախագծի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելու և կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման նպատակով: Օրենքների մշակվել են՝ հաշվի առնելով վերջին տարիներին գրանցված սկսնակ կազմակերպությունների աճի տեմպերը, աշխատատեղերի աճն ու հարկային մուտքերի ավելացումը: Ըստ հիմնավորման՝ 2015 թ. սկսած ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը: Մասնավորապես, եթե մինչև օրենքի ընդունումը 2014 թ. ստեղծվել է ՏՏ 16 ընկերություն, ապա օրենքի ընդունումից հետո այդ թիվը նկատելիորեն աճել է, 2015 թ. ստեղծվել և հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր է ստացել ՏՏ 59 ընկերություն, 2016 թ.՝ 98, 2017 թ.՝ 272: Նոր ընկերություններում ստեղծվել է մոտ 2400 նոր աշխատատեղ՝ 3-3.4 մլն դրամ միջին տարեկան աշխատավարձով: Փաթեթի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ոլորտի զարգացմանը և կանոնակարգմանը:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների նախագծերի վերաբերյալ: Մասնավորապես, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրինագծի հիմնավորման համաձայն՝ վերացնելով «ՀՀ դատական օրենսգիրք» և «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքների համապատասխան կարգավորումների ներքին հակասությունը, կհստակեցվի Վճռաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների՝ ԱԺ ներկայացնելու ժամկետը: Կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով լրացվող գործող սահմանադրական օրենքի հոդվածները թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման պարագայում կստեղծվի օրենսդրական բաց, քանի որ ներկայացված նախագծով թեկնածուների ներկայացման ժամկետին վերաբերող հարցի կարգավորումը «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին է վերապահվել այն դեպքում, երբ նշված օրենքում նման դրույթները բացակայում են՝ առկա դրույթները վերաբերում են բացառապես Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորների լիազորությունների ժամկետի ավարտմամբ կամ այլ հիմքով այդ պաշտոնները թափուր մնալու դեպքում ԱԺ դատավորի (նախագահի) թեկնածու ներկայացնելուն: Նշված օրենքով բացակայում է նաև այդ հիմքով թեկնածուների ներկայացման կարգը:
Կառավարության նիստի օրակարգից հանվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին» որոշումը:
Այլ որոշումներ. խրախուսվում է ավիացիայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագիրը
Գործադիրի որոշմամբ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն ՓԲԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: 2013 թ. հիմնադրված ընկերությունը վերջերս ՀՀ տարածք է ներմուծել 2 (Airbus A310-325) օդանավ, իսկ այժմ նախատեսում է ներմուծել պահեստամասեր այդ օդանավերի համար։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 6,67 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որից ցանկով նշված ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 178,1 մլն ՀՀ դրամ։: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 110 նոր աշխատատեղ` 1,2 մլն ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «միջին մասնագիտական ծրագիր» քոլեջի և «Ստեփանավանի պրոֆ. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի վերակառուցման և վերանորոգման համար անհրաժեշտ նախագծման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության համար գումար կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է այդ գումարը հատկացնել 2018 թ. պետբյուջեի «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով նախատեսված միջոցների խնայողություններից:
Գործադիրը սահմանել է պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը: Փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվել են պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակի և ծառայության ու վարձակալված բնակելի տարածության վայրերի միջև հեռավորության սկզբունքները, նախատեսվել են փոխհատուցման իրավունքի և վճարման դադարեցման պայմանները: Որոշմամբ ավելացվել են փոխհատուցման չափերը՝ հաշվի առնելով գործընթացի շրջանակում զինծառայողների դժգոհությունները, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հարցի լուծման այլ տարբերակներ քննարկել, օրինակ՝ գումարները տրամադրվեն հիպոթեկային վարկի սպասարկման համար: «Ինձ թվում է՝ արժե Կենտրոնական բանկի հետ համատեղ այս հարցը քննարկել»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ նման մեխանիզմ կիրառելու դեպքում հնարավոր կլինի շահառուների մի մասին ապահովել բնակարանով:
Կառավարության նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը խոսել է իրեն դիմած ապրիլյան պատերազմի մասնակիցների հարցը: «Երեկ ես հանդիպեցի ապրիլյան պատերազմի մասնակից տղաների հետ: Նրանք հարց էին բարձրացնում, որ իրենց զինվորական գրքույկներում նշում արվի պատերազմին իրենց մասնակցության մասին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մանրամասներ է ներկայացրել բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ իրականացող քայլերի մասին: Վարչապետի պաշտոնակատարը հորդորել է խնդիրը պահել ուշադրության կենտրոնում և տալ համապատասխան լուծումներ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ