Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լեւոն Զավարյանը նշում է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համայնքում գուցե խնդիրներ առաջանան: Պատճառն այն է, որ ընտրատեղամասը որոշ թաղամասերից շատ հեռու է, գտնվում է 4 կմ հեռավորության վրա, իսկ այնտեղ հասնելու հնարավորություն բնակիչներից ոչ բոլորն ունեն. «Մենք թաղամաս ունենք, որ 4 կմ հեռու է ընտրատեղամասից, իսկ բնակիչները գալիս են անմիջապես միջպետական ճանապարհով: Նախկինում տրանսպորտ տրամադրում էինք, որովհետեւ ընտրության չէին գա: Հիմա խնդիր կլինի, բայց ամեն մեկն իր գլխի ճարը կտենա: Հիմա իրավունք չունեմ, ես, որ մեքենա դնեմ, տեղափոխեմ, կասեն քարոզ է անում: Հիմա դա է ինձ մոտ խնդիր, բայց դե ժողովուրդը ոնց կգնա, չգիտեմ»:
Զավարյանի կարծիքով՝ բնակիչների հետ թեկնածուների հանդիպումները շատ չեն լինի, պատճառը՝ քարոզարշավի կարճ ընթացքն է: ՀՀԿ-ական ղեկավարը վստահեցնում է, իրենք ոչնչի չեն խառնվելու. «12 օրում չեն կարողանա բոլոր համայնքներում գնան հանդիպեն: Հիմնականում ժողովուրդը հեռուստատեսությունից, ռադիոյից ու համացանցից է իմանում: Էդ համացանցով ամեն ինչ բոլորն իմանում են: Ուրիշ խնդիր չի լինի ժողովուրդ ջան, առաջին անգամ չենք ընտրություն անցկացնում, ջուրն իր ճանապարհով կգնա: Ես 22 տարվա մեջ ոչ մի փոփոխություն չեմ տեսել: Ես միշտ ժողովրդի հետ եմ եղել, ժողովուրդն է ընտրել… Բոլոր տեղերում էլ մարդկանց հարգելով են ընտրում, ոչ թե ուղղորդելով: Էն անցածին ինչ եղել է, անցել գնացել է, հիմա նոր ընտրություններ են՝ ազատ ու անկախ… Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, բայց մենք որեւէ մեկին ասենք հանրապետականին, կամ մյուսին ընտրի, որպես համայնքապետ ոչ մի բանի չենք խառնվում»:
Խոսելով իր հրաժարականի մասին, Զավարյանը վստահեցրեց, թե ժողովուրդը չի ցանկանում իր հրաժարականը, հետեւաբար շարունակելու է պաշտոնավարել. «22 տարի 99 տոկոսով ընտրված համայնքապետ եմ: Ժողովուրդն իմ առաջ հարց դրեց, ասեց մենք ենք քեզ ընտրել, դու չես քո գլխի տերը, ժողովուրդն է: Երբ որ կասենք ցած դիր, նոր հրաժարական կտաս»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ