Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի շարք կոչեր դիտարկում ենք որպես ատելության խոսք. օրինակ՝ պարոն Շարմազանովի ելույթը». Սոնա Այվազյան

Նոյեմբեր 22,2018 17:22

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի հավաստմամբ՝ իրենք կարևորում են երկարաժամկետ դիտորդությունը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Սոնա Այվազյանը, ամփոփելով իրենց կատարած դիտորդության արդյունքները, նշեց. «Հանձնաժողովների կազմն ընդհանուր առմամբ չի փոխվել, անդամների պաշտոնը զբաղեցնում են անձինք, որոնք օրենքով իրավունք ունեն: Ուշադրության արժանի է, մասնավորապես ԿԸՀ կողմից, թիվ 8 ընտրական հանձնաժողովի նախագահի հարցը: 2018-ի սեպտեմբերի 23-ին նա ֆիզիկական ուժի գործադրմամբ խոչընդոտել է լրագրողի աշխատանքը: Կառաջարկեինք՝ ԿԸՀ-ն, օգտվելով իր լիազորություններից, հեռացներ այդ նախագահին: Խոշոր խախտումներ չեն եղել, բայց սյուների վրա քարոզչական նյութեր են հայտնվում քարոզչության ժամանակահատվածից առաջ: Ընտրակաշառք խոստանալու կամ բաժանելու դեպք մեր դիտորդները չեն արձանագրել: Փոխարենն առաջվա ստանդարտ կաշառք տալու փոխարեն ըստ մամուլի հրապարակումների՝ աշխատանքի են ընդունում մարդկանց, գումար վճարում: Գործադիր մարմնի մի շարք ներկայացուցիչներ իրենց ելույթներում, հանդիպումներում կոչ են անում ձեռնպահ մնալ ուղղորդումից, ընտրակաշառք վերցնելուց, ինչը ողջունելի է: Կոչ ենք անում պետական կառույցների ղեկավարներին՝ իրենք խուսափեն վարչական ռեսուրսի գործադրումից և կոչ անեն իրենց ենթականերին ևս չօգտագործեն դա: Մի շարք կոչեր դիտարկում ենք որպես ատելության խոսք. օրինակ՝ պարոն Շարմազանովի ելույթը, որը աչք էր ծակում, քանի որ ասում էր՝ դեմ է միասեռականությանը, աղանդավորությանը, ինչը միջազգային պարտավորությունների խախտում է: Այնուամենայնիվ, հուսով եմ՝ կունենանք այնպիսի ազատ ու արդար ընտրություններ, ինչպիսին Երևանում էին»:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Ալիկ Պետրոսյանը ներկայացրեց «Ականատես» դիտորդական առաքելությունը. «Ականատեսը 2018-ի օգոստոսին է հիմնադրվել ԹԻ-ի, Ժուռնալիստների ասպարեզ ակումբի ու Ռեսթարթ նախաձեռնության ջանքերով: Նախատեսում ենք 36 երկարաժամկետ դիտորդ, որոնք տեղաբաշխված են ՀՀ բոլոր 38 ընտրատարածքներում: Նախընտրական շրջանում դիտարկելու ենք ընտրական հանձնաժողովների գործունեությունը, ընտրությունների կազմակերպման հարցեր, դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված կարգին ու ժամանակացույցին: Դիտարկվելու է նաև նախընտրական քարոզչությունը, ոչ միայն կուսակցությունների կողմից քարոզչության տարածումը, այլև շտաբների աշխատանքը և հնարավոր ատելության խոսքի դիտարկումը: Մոտ 300 տեղամասերում կիրականացվի նաև կարճաժամկետ դիտորդություն, նախատեսվում է ունենալ 600-700 կարճաժամկետ դիտորդ ընտրությունների օրվա համար: Տեղամասերում բաշխված դիտորդներից բացի կունենանք շրջիկ դիտորդների խմբեր բոլոր ընտրատարածքներում: Կունենանք նաև համակարգող կենտրոն»:

Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հույս հայտնեց, որ այս իշխանությունները կունենան քաղաքական կամք, և ընտրացուցակներում գրանցված ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց առկայությունը ցուցակներում, որոնք արտագաղթել են ՀՀ-ից, չի բերի չարաշահումների:

Վարուժան Հոկտանյանը մի շարք տվյալներ ներկայացրեց. «Նախնական տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության թիվը 24 հազար 700-ով նվազել է, բայց միևնույն ժամանակ ընտրողների թիվը 10 հազար 582-ով ավելացել է: Ընտրողների թիվն ավելացել է Արաբկիրում, Մալաթիա-Սեբաստիայում, ընտրողների թիվը նվազել է Կոտայքում, Սյունիքում, Վայոց ձորում և Լոռիում: 571 ընտրող չունի հասցե: 885 հասցեներում էլ գրանցված է 20 և ավելի ընտրող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930