Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց` ինչո՞ւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին որոշեց Ֆեյսբուքի իր էջով ոչ աշխատանքային ժամի բանավոր զգուշացում հայտարարել՝ իր ձեւակերպմամբ, աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու համար, երբ կարող էր նկատողության մասին տեղեկացնել թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին, իսկ նա էլ իր տեղակալին, ի վերջո նախարարն անմիջապես ՊՈԱԿ-ների տնօրենների հետ գործ ունի: Նաեւ հարցրինք, արդյոք իր վերջին գործողություններն ընդգծված ընդդեմ Կոնստանտին Օրբելյանի չե՞ն:
«Պարոն Օրբելյանի դեմ ոչինչ չկա…Սեպտեմբեր ամսին Երեւանի ավագանու ընտրություններից առաջ տեղի է ունեցել խորհրդակցություն ՊՈԱԿ-ների տնօրենների հետ եւ հիշեցվել, որ ՊՈԱԿ-ները պետք է պահպանվեն որպես մշակութային հաստատություններ: Կոչ է արվել, որ բոլորս` սկսած նախարարից մինչեւ գերատեսչությունների ղեկավարներ, զերծ մնանք այնպիսի գործընթացներից, որոնք կարող են դեմ լինել օրենքին: Եվ երբ կիրակի օրը ահազանգ ստացա, կարծեմ գիշերվա 12-ն անց էր, անմիջապես անհրաժեշտ արեցի նաեւ դրա մասին կատարել հրապարակային գրառում: Պարոն Օրբելյանի հետ եւս այս մասին խոսել ենք առավոտյան 8:30-ին, եւ հարցը փակված է»,-պատասխանեց նախարարի պաշտոնակատարը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Քանի որ տիկին Կիրակոսյանն ասել էր, որ ուզում է հասկանալ, թե երբ է քաղաքականությամբ զբաղվել եւ ում վրա է ճնշում գործադրել, լրագրողները այդ մասին էլ հարցրին Լիլիթ Մակունցին:
Նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ Կարինե Կիրակոսյանը գրավոր դիմել է իրեն, եւ նրան գրավոր էլ պատասխանել է: Թե ինչ բովանդակություն ունի պատասխանը, Լիլիթ Մակունցը չմանրամասնեց:
Մանրամասն` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ