«Բնականաբար, կոռուպցիա կա: Եթե չկա, չկա այլ բան: Բայց կա քաղաքական կամք այդ երևույթը վերացնելու»,- Aravot.am-ի հարցին՝ համամի՞տ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում այսօր կոռուպցիա չկա, «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն այսպես պատասխանեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Ըստ նրա՝ աշխարհում չկա երկիր, որտեղ կոռուպցիա չլինի, անգամ ամենամաքուր երկրներում: Վարուժան Հոկտանյանի տպավորությամբ՝ այժմ չկա ցանկություն և վերևներից թելադրանք, որի պատճառով մենք ժամանակին ունեինք համակարգային կոռուպցիա:
Վարուժան Հոկտանյանը հույս ունի, որ ընտրություններից հետո համակարգային կոռուպցիայի դեմ պայքար կմղվի. «Հայաստանի համար հիմնական խնդիրը մնում է համակարգային կոռուպցիայից ազատվելը և ոչ թե ընդհանրապես կոռուպցիայից ազատվելը: Ամենատարածված հայկական էնդեմիկ երևույթը՝ խնամի-ծանոթ-բարեկամ, վերացել է, բյուջեներ թալանելու պրակտիկան վերջին ամիսներին չկա: Բայց չեմ կարծում, որ լիովին վերացել է, օրինակ՝ գործի ընդունելը կաշառքով: Այս երևույթները շատ ավելի լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Վարչապետը նկատի ուներ այն, որ արվում է ամեն ինչ, որ դա չլինի: Շատ բան քաղաքական մոտեցումներից է կախված, թե որքանով են հանդուրժող կոռուպցիայի նկատմամբ»:
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն էլ հավելեց՝ վարչապետն ասում էր, որ չկա այդ կոռուպցիոն բուրգի գագաթը, որ առնվազն չկա վերևից կառավարվող ու պահանջվող կոռուպցիա, ինչի հետ իրենք համամիտ են:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի