Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյան. Համաներմամբ ազատված մի քաղաքացի կրկին գողություն է արել

Նոյեմբեր 22,2018 16:34

Այսօր կառավարության նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանից լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք հանցագործությունների թվի աճը պայմանավորված է համաներմամբ: Ի պատասխան պարոն Օսիպյանն ասաց, որ այսքան կարճ ժամանակահատվածում չէր կարող արտացոլվել այդ գործոնը: Նրա խոսքով, Հայաստանում հանցագործությունների աճ գոյություն ունի, բայց այնպես չէ, որ իրավիճակը մտահոգիչ է: Ըստ նրա, հանցագործությունների թվի աճը պայմանավորված է մի քանի գործոններով. «Առաջինը, ոստիկանության համակարգում իսպառ վերացել է արատավոր երեւույթը՝ հանցագործությունները թաքցնելը: Քաղաքացիների վստահությունը դեպի ոստիկանությունը բարձրացել է: Այո, նախկինում ոստիկանության ծառայողներին չէին հարգում, չէին ընդունում ու չէին սիրում, այսօր ես կասեմ հակառակը: Քաղաքացիները անգամ մի փոքր իրենց հուզող հարցերի հետ կապված անմիջապես դիմում են իրավապահներին: Աճել են տնտեսական հանցագործությունները, սրանով է պայմանավորված: Բայց, եթե դուք ուսումնասիրեք, մի հատ գնահատեք ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասով բարելավումը, սա է գնահատականը»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Վալերի Օսիպյանն այն հարցին, թե նախկինում հանցագործությունների թաքցման հրահանգը ով էր տալիս, արդյոք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տեղյա՞կ էր դրանից, պատասխանեց՝ Վլադիմիր Գասպարյանը միշտ պահանջել է, որպեսզի չթաքցնեն:

«Քաղաքացին գալիս էր հաղորդում տալու, պայմանական ասենք, որ իր բնակարանը թալանել են: Գալիս էր, որպեսզի դա չազդի ցուցանիշների վրա, ոստիկանները համոզում էին քաղաքացիներին, ասում էին՝ գիտեք ինչ կա, լավ կլինի, որ դուք գնաք, մենք գողին անպայման կհայտնաբերենք: Բանավոր գրանցում էին, ոչ պաշտոնական ընթացք էին տալիս այդ ամենին: Այսինքն՝ կա փաստացի դեպք, բայց չգրանցված է, չի երեւում: Ուզո՞ւմ եք ես եկող ամիս ցուցանիշներ ներկայացնեմ ձեզ, դուք ասեք՝ վայ, էս ինչ լավ է աշխատում ոստիկանությունը: Ես ստեմ ձեզ, ստեմ ինձ, ստեմ ամբողջ հանրությանը»,-ասաց Օսիպյանը:

Պարոն Օսիպյանն ասաց, որ համաներմամբ ազատ արձակված մի քաղաքացի կրկին հանցագործություն է կատարել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930