Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ռուս լրագրող Սերգեյ Դորենկոյի՝ Հայաստանի և Հայաստանի ղեկավարության հասցեին արված ոչ պատշաճ արտահայտություններին:
«Փոքրիկ շեղում…
Ռուսական լրատվական դաշտում վերջերս անընդհատ բախվում ենք տարբեր ոչ համարժեք, տրամաբանությունից զուրկ, սադրիչ բնույթի արտահայտությունների՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Մենք հիմնականում հասկանում ենք՝ ինչու են այս կամ այն ռուսական մեդիադեմքերը այդքան «մտահոգված» հարցերով, որոնցում նրանք, մեղմ ասած, բանիմաց չեն:
Դիվանագիտական ներկայացուցչությանը, իհարկե, հարիր չէ հանրային տարածքում մեկնաբանել արտահայտություններ, որոնք հիշեցնում են մառազմ և զառանցանք (որքան էլ ոչ դիվանագիտորեն դա հնչի): Միաժամանակ, դժվար է չարձագանքել, մասնավորապես, այսպես կոչված «փորձագետների և լրագրողների կարծիքին», որոնք դուրս են քաղաքավարության սահմաններից և իրենցից ներկայացնում են վիրավորանք: Վիրավորանք երկրի, ժողովրդի և իշխանությունների նկատմամբ:
Որպես օրինակ՝ կարելի է նշել օրերս «Говорит Москва» ռադիոկայանի հաղորդավար, լրագրող Սերգեյ Դորենկոյի արտահայտությունը, որն իր հեղինակային հաղորդման ուղիղ եթերում քննարկում էր Հայաստանում ԼԳԲՏ թեման:
Պարոն Դորենկոն մոռացել էր եթերի էթիկայի բոլոր կանոնները և, հավանաբար առանձին անձանց թողտվությամբ, իրեն թույլ տվեց մեր երկրի և նրա ղեկավարության հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնել:
Պարոն Դորենկոյին և նրա գործընկերներին արժեր հրաժարվել ապատեղեկատվության տարածման խղճուկ փորձից: Մի՛ աղճատեք իրականությունը, փաստերը մի՛ շահարկեք: Յուրաքանչյուր խոսքի համար Դուք եք պատասխանատվություն կրում: Այդ պատասխանատվությունը, առաջին հերթին, Դուք կրում եք սեփական հեղինակության գնով»:
Ավելի վաղ Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն «Подъем» ծրագրի եթերում խոսել էր Հայաստանում ԼԳՏԲ ֆորումի մասին և հայտարարել էր նաև Փաշինյանի՝ հնարավոր ոչ ավանդական կողմնորոշման մասին: Բացի դրանից, նա իր ալիքով հրապարակել էր մոնտաժված տեսանյութ, թե ինչպես է Փաշինյանը սափրում ոտքերը և կուրծքը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ