Այսօր Aravot.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանին հարցրեց՝ Դավիթ Շահնազարյանն ասում է, որ եթե դուք բարոյական եք, ապա ձեր ցուցակում ինչո՞ւ եք «առնետներին» ներգրավել, ի՞նչ կասեք այս մասին: Նա պատասխանեց. «Դա ասում է մի մարդ, որը մի թեւից անցել է մյուս թե՞ւ: Դավիթ Շահնազարյանին հիշում եմ, առաջին իմ վառ տպավորությունը, որ ունեցել եմ Դավիթ Շահնազարյանից, դա Մարտի 1-ի նախորդ օրն էր, երբ որ ես գնում էի Մյասնիկյանի արձանի մոտ: Պարոն Շահնազարյանը եկել էր եւ մարդկանց, ովքեր հավաքվել էին դեսպանատների մոտ, որպեսզի պաշտպանվեն այդ օրվա իշխանության գործողություններից, փորձում էր համոզել, որ նրանք այդտեղից տեղափոխվեն «Հրազդան» մարզադաշտ: Դավիթ Շահնազարյանը թող հլը մի հատ էդ հարցի պատասխանը տա, թե ինչի էր ինքը ուզում մարդկանց այնտեղից տանել, թող հլը մի հատ իր անցած ճանապարհը նայի, նոր մեր թիմի մասին խոսա: Ես ընդհանրապես զարմանում եմ, թե էդ ի՞նչ են մտածել, որ Դավիթ Շահնազարյանին վերցրել են իրենց ցուցակ»:
Մենք հարցրեցինք՝ Դավիթ Շահնազարյանը նաեւ ասել է, որ ՔՊ-ն գաղափարախոսություն չունի, երբ որ բոլոր իզմ-երը վերջանում է, մնում է պոպուլիզմը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինքը պոպուլիստ է, դա երեւի ավելի լավ կիմանա, բայց ավելի լավ է մի հատ իրենք նախ իրենց կուսակցությունով որոշեն՝ հիմա ՌԴ-ն ՀՀ-ի թշնամի՞ն է, թե՞ պարոն Գեղամյանի ասած՝ մեր ամենալավ բարեկամն է: Էդ երկու գիրքը ո՞նց են իրար հետ համադրելու մի ցուցակի մեջ»:
Լրագրողները հարցրեցին՝ բա ձեր ցուցակում ո՞նց է համադրվում Հովհաննես Իգիթյանը, կարո՞ղ եք փաստել, որ ձեր թիմում միայն ռուսամետներ են՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարող փաստել, որովհետեւ մենք նպատակ չենք ունեցել վերցնել մարդկանց, ովքեր նույն ձեւ են հագնվում, նույն ձեւ են շարժվում եւ նույն ձեւ են քնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ