Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր վճիռ է կայացրել «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» գործով և պարտավորեցրել Հայաստանի կառավարությանը հայցորդ Խոսրով Ավագյանին վճարել 900 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
1946թ. ծնված Խոսրով Ավագյանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքով, որ իր դատավարության ժամանակ ինքը հնարավորություն չի ունեցել հարցեր ուղղել դատավճռի համար հիմք հանդիսացած դատաբժշկական եզրակացություն տված փորձագետներին:
Ավագյանը մեղադրվում էր խարդախության և սպանությունների մեջ: 2007թ. նա բնակարան էր ժառանգել երկու տարեց քույրերից, որոնք, ըստ նախնական քննության, մահացել էին հիպոթերմիայից: Ավելի ուշ մահացած քույրերի զարմիկը հայտարարել էր, որ բնակարանն ավելի վաղ իրեն էր կտակվել, ուստի այդ գործով քննություն էր սկսվել: Պատվիրվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվել էր, որ քույրերը մահացել են ֆոսֆորային թունավորումից:
Խոսրով Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախության և երկու սպանությունների համար, և նա կալանավորվել էր: Հետագա դատավարությունների ժամանակ նա պահանջել էր հարցեր ուղղել վիճահարույց դատաբժշկական եզրակացությունը ներկայացրած փորձագետներին, բայց դատարանը մշտապես մերժել էր այդ պահանջը: Ավագյանը մեղավոր էր ճանաչվել երկու սպանությունների գործով և դատապարտվել ցմահ ազատազրկման: Դատական մյուս ատյաններում նրա բողոքները մերժվել էին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ