Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտն այս տարի նշում է իր գործունեության 75 ամյակը: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը ներկայացրեց, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել և ինչպիսի գործունեություն է իրականացրել ինստիտուտը. «Ստեղծվելով Հայրենական մեծ պատերազմի ծանր օրերին՝ գրականության ինստիտուտը գրանցել է մի շարք հաջողություններ: Հետհայացք նետելով՝ պետք է ասենք, որ ինստիտուտի մեծագույն նվաճումներից է հայ նոր գրականության պատմության հինգ հատորյակի ստեղծումն ու հայ դասականների երկերի ակադեմիական հրատարակությունը»:
Հարցին՝ ինչպիսի՞ խնդիրների առաջ է այսօր կանգնած ինստիտուտը, Դևրիկյանը պատասխանեց. «Նախընտրական քարոզարշավի շեմին չէի ցանկանա մանրամասն ներկայացնել, թե ինչ խնդիրներ ունի այսօր ինստիտուտը, բայց ֆինանսական տեսանկյունից էլ ասեմ՝ ֆինանսի ավելացումներ կամ էլ պակասեցումներ չեն եղել»:
Դևրիկյանը խոստացավ առավել մանրամասն ներկայացնել ինստիտուտի խնդիրները դեկտեմբերի 10-ից հետո, երբ Հայաստանում ձևավորված կլինի նոր խորհրդարան:
Վարդան Դևրիկյանը մի զավեշտալի իրողություն էլ ընդգծեց. «Ֆինանսավորելու առումով կա մի ավանդույթ՝ հայրենակցական և կուսակցական: Օրինակ՝ ինչքան էլ Թումանյանը մեծագույն գործիչ է, նրա գործերը տպագրելու հարցում մեզ աջակցում են լոռեցիները: Կուսակցական առումով, օրինակ՝ Լևոն Շանթի գործերի մի մասը տպագրվել է դաշնակցականների շնորհիվ, Վահան Թեքեյանն էլ քանի որ ռամկավար է եղել, ռամկավարները մեզ օգնեցին»:
Դևրիկյանի խոսքով այս ավանդույթում հնչակյան գրողների «բախտը չի բերել», քանի որ Հնչակյանները փող չունեն:
Մարիամ ՀԱԿՈԲՅԱՆ