«ՀՀԿ-ն չի կարող լինել միակ իրական ընդդիմությունը: Նրանք քսան տարվա իշխանություն են եղել եւ այսօր պահպանում են վարչական ռեսուրսները շատ տարածքներում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն նոր ԱԺ-ում լինելու է միակ ընդդիմությունը, ասաց «Օրինաց երկիր« կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, որը եւս մասնակցելու է ընտրապայքարին:
«ՀՀԿ-ն քսան տարի ունեցել է հնարավորություն՝ իր ցանկությամբ երկիրը զարգացնելու, իսկ թե ինչպես է զարգացրել, տեսել ենք»,-ակնարկեց նա: Բաղդասարյանի գնահատմամբ՝ նախորդ քաղաքական ռեժիմը սպառել է իր առաքելությունը. «Շատերը խոսում են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին, բայց այդ անձինք այլեւս հեռացել են, եւ լավ է, որ հիմա ՀՀ-ի զարգացման հնարավորություն կա»:
Ինչ վերաբերում է վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին, Արթուր Բաղդասարյանը նշեց. «Շատերն են շատերի մասին կտրուկ արտահայտվել: Քաղաքականությունը երբեմն նաեւ զգացմունքային տիրույթում է: Եղել է եւ քննադատություն, եւ փոխադարձ՝ համատեղ աշխատանք Նիկոլ Փաշինյանի հետ»:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավի մեկնարկը՝ նոյեմբերի 26-ից:
https://www.facebook.com/aravot.am/videos/340783609807672/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ