ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Փաշինյանին հարց էր ուղղել՝ եթե հայտարարում էր, որ երկրում ալան-թալան է, համատարած կոռուպցիա կա, ինչո՞ւ է իրենց իշխանության ոչ երկրորդական մարդկանց՝ ներկայիս ԱԱԾ պետին, ոստիկանության պետին բարձր պաշտոններ տվել, ուրեմն կամ համատարած կոռուպցիա չի եղել, կա՛մ ինքը ողջունում է կոռուպցիան: Լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, արձագանքելով նրան, ասաց. «Մենք ասել ենք, որ բոլոր հիմնարկներում բոլորը կոռումպացվա՞ծ են: Այդպես կստացվի, թե տրամաբանությունն այն է, որ ամբողջ ՀՀ-ն կոռումպացված է: Բնականաբար՝ ոչ: Բոլոր հիմնարկներում կան աշխատողներ, որոնք կոռումպացված չեն, շատ լավ, արհեստավարժ մարդիկ են, դնենք կադրային ջա՞րդ անենք: Մենք ասել ենք, որ չենք անի նման բան: Օրինակ, պարոն Օսիպյանը, մենք բոլորս եղել ենք Բաղրամյանում բարիկադի այն կողմում, կարո՞ղ ենք ասել, որ պարոն Օսիպյանը կոռումպացված է, իհարկե, չենք կարող»:
Ալեն Սիմոնյանը բարկացավ, երբ լրագրողներից մեկն ասաց, որ Օսիպյանը մարդ է ծեծել, դուք երեւի ցույցերին չեք մասնակցել, դրա համար էլ ձեզ չի ծեծել: Սիմոնյանի խոսքով՝ «Ես ցույցերին չե՞մ մասնակցել, ասեք, ես ձեզ կուղարկեմ բոլոր տեսանյութերը: Ինձ հայտնի չէ, որ պարոն Օսիպյանը մարդ է ծեծել: Ես ձեզ կոչ եմ անում հրապարակել այդ տեսանյութը, եթե Օսիպյանը մարդ է ծեծել»:
Ըստ Ալեն Սիմոնյանի, չեն կարող ասել, թե բոլոր ՀՀԿ-ականները վատն են. «Մենք բոլորին պետք է պախարակենք ու ՀՀ-ից քշե՞նք, էս ի՞նչ տրամաբանության մեջ եք դուք մտել: ՀՀ-ում տեղի է ունեցել սիրո եւ համերաշխության հեղափոխություն: Եթե ձեզ թվում է մենք ձեւերը չգիտենք ամբողջ ոստիկանական կազմին գործից ազատելու, դպրոցի տնօրեններին կամ մյուսներին, դուք սխալվում եք: Մենք չենք դնելու ոչնչացնենք մարդկանց»:
Դիտարկմանը՝ բա ինչի՞ եք մարդկանց փռում ասֆալտին, եթե սիրո եւ համերաշխության հեղափոխություն է՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ասֆալտներին փռելը որեւիցե մեկը չի խոսել ուսուցիչների մասին, մանիպուլյացիաներ խնդրում եմ չանել: Խոսքը գնացել է լկտի մարդկանց մասին, ովքեր իրենց վեր են դասում ՀՀ քաղաքացուց, այն մարդկանց մասին, ովքեր գտնում են, որ օրենքից վեր են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ