«Մոտ կես տոկոսով նվազել է տնտեսական ակտիվությունը»,-այսօր այս մասին «Բլից ինֆո» ակումբում ասաց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներին:
Նրա խոսքերով՝ «Այս տարվա 10 ամիսներին գրանցվել է 6% տնտեսական ակտիվություն, նախորդ 9 ամիսներին ունեինք 6.5% տնտեսական ակտիվություն: Պետական բյուջեի նախագծով կանխատեսվում էր, որ 2018 թվականը պետք է ավարտենք 6.5% տնտեսական աճով: Վստահաբար, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նվազման միտում է գրանցվելու: Եվ այդ կանխատեսվող ցուցանիշը իրատեսական չէ»:
Պարսյանի ներկայացմամբ՝ այս տարվա հոկտեմբերը նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ տնտեսության ակտիվության աճի ցուցանիշը կազմել է 3%. «Այս աճը պայմանավորված է արդյունաբերության աճով՝ 8.1%-ով, սա կապված է հանքարդյունաբերության եւ ոչ մետաղական հանքանյութերի արտադրության եւ արտահանման հետ: Լուրջ խնդիր ունենք տնտեսության վերանայման: Բացի այս, այս տարվա 10 ամիսներին առեւտրաշրջանառության ծավալների անկումը 1.7%: Կա 2.7% գնաճ, նախորդ 9 ամիսներին՝ 2.6% էր: Աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները՝ տավարի, խոզի, գառան մսի գները»:
Տնտեսագետի խոսքերով՝ 10 ամիսներին 1000 դրամով նվազել է միջին անվանական աշխատավարձը: Սա, Պարսյանը պայմանավորում է՝ մասնավոր հատվածում ներդրումների ծավալների նվազմամբ, իսկ պետական հատվածում՝ պարգեւավճարների կրճատմամբ»:
Մանրամասն՝ շուտով տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ