«Աշոտյանը Փաշինյանի սելֆիի ձողն է մեկնաբանում, ինքն էլ զբաղվում է Փաշինյանի փայտիկը մեկնաբանելով: Մեկը ձողն է մեկնաբանում, մեկը՝ փայտիկը ու այդ ոճաբանության մեջ, կարծում եմ, իրենք շատ ասելիք կունենան ժողովրդին», – այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով Շարմազանովին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Մենք փոխանցեցինք՝ Շարմազանովը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ի երթը կազմակերպել է, քանի որ տեսնում է, որ կառավարությունը ձախողում է, չի հաջողում տնտեսական աճ ապահովել, զբաղվում է այն գործով, որն իր մոտ ստացվում է` քայլել:
Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Թող իրենք իրենց ասելիքը ժողովրդին ասեն ու այն բոլոր մարդկանցով, ովքեր համարում են, որ ձախողվել է, թող իրենք բոլորով երթ անեն: Ինչո՞ւ երթ չեն անում: Ովքեր քաղաքական իրենց թիմում ի ցույց են դնում, որ իրենք իբր անհատ քաղաքական գործիչներ են, թող երթ անեն: Թող դուրս գան փողոց, տեսնեն, թե քանի մարդ է, օրինակ, պարոն Աշոտյանի գաղափարները կիսում: Ես առաջարկում եմ պարոն Աշոտյանին Բաղրամյանով իջնել, ուղեկցենք, տեսնենք, թե ժողովուրդն ինչ կասի պարոն Աշոտյանին՝ իր ասածներին եւ առաջարկներին ի պատասխան»:
Լրագրողները հարցրեցին՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ղեկավար Վարուժան Հոկտանյանը գտնում է, որ Փաշինյանի՝ մարզեր կատարած այցերի մեջ վարչական ռեսուրսի չարաշահում կա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ծանոթ չեմ, կծանոթանամ, նոր կմեկնաբանեմ, բայց պարոն Փաշինյանը առաջին իսկ օրվանից այցելել է մարզեր: Ինչ վերաբերում է քարոզարշավին, օրենքը հստակ ասում է, որ քարոզչությունը կարող է լինել նույնիսկ երկրորդ օրը ընտրությունների: Այն 12 օրը, որը ունենք, կարգավորում է կանոնները, որը գործելու է, որպեսզի ապահովեն հավասար պայմանները: ՔՊ-ն չի տիրապետում որեւիցե հեռուստաալիքի, ի տարբերություն ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի: Հանրայինը ցույց է տալիս ինչ կա, որեւիցե գրաքննություն չի լինում»:
Նա ասաց, որ նախկինների վարչական ռեսուրսի չարաշահումներն իրենց օրոք չեն լինելու, նա կոչ արեց՝ եթե խախտումներ լինեն՝ բարձրաձայնել դրա մասին:
Ըստ Ալեն Սիմոնյանի, օրենքը չի արգելում զբաղվել քարոզչությամբ, դիտարկմանը՝ քաղծառայողներին ո՞ր օրենքով են թույլատրում զբաղվել քարոզչությամբ՝ Սիմոնյանը պատասխանեց, որ օրենքը դա չի կարգավորում. «Մեղադրել մեր իշխանությանը նման բանի մեջ՝ առնվազն անարդարացի է, մենք մեր անցած գործունեությամբ երբևիցե դրա առիթը չենք տվել ու չենք տա: Ինչ վերաբերում է նոյեմբերի 24-ի երթին, մենք դրանից առաջ էլ ենք երթ արել: Իմ պաստառները, օրինակ, կարող են հայտնվել ամսի 24-ից սկսած, կազմակերպությունը չի կարող հասցնել ամսի 26-ի առավոտյան բոլոր թեկնածուների պաստառները փակցնել: Իմ պաստառները կարող են հայտնվել ամսի 24-ին: Օրենքի մեջ այդ առումով որեւիցե ցուցում չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ