«Օրինաց երկիրն» արտահերթ ընտրություններին մասնակցում է հաղթելու տեսլականով: «Ժողովուրդը ճանաչում է բոլորին, ուստի հույս ունենք, որ ժողովրդի վստահության քվեին կարժանանանք: Մենք առաջարկելու ենք հիսուն քայլեր՝ երկրի զարգացման համար»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա բնորոշմամբ՝ նոր խորհրդարանում փորձառու եւ բանիմաց պատգամավորներ պետք է լինեն, ոչ թե «խուլ ու համրեր», որոնք նախորդ տարիներին պատգամավոր են եղել, բայց խորհրդարանում նախընտրել են լռել. «Ես փորձառու պետական-քաղաքական գործիչ եմ եւ ծանոթ եմ ՀՀ կառավարման համակարգի ուղնուծուծին»:
Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ ՕԵԿ-ին ձայն կտան գրագետ եւ կրթված քաղաքացիները. «Մեզ պետք է ոչ թե միայն «դուխով» գնալ ընտրությունների, այլ խելքով: «Դուխն» ու խելքը պետք է լրացնեն իրար: Յոթ ամիս է անցել, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ դրական տեղաշարժեր կան, օրինակ, տնտեսությունում: Մենք չենք ուզում, որ հեղափոխությունը պարտվի, բայց չենք կարող չտեսնել, որ լրջագույն խնդիրներ կան: Ուստի ժողովրդին ասում ենք՝ ընտրեք խելացի թեկնածուներին»:
Ապա Բաղդասարյանը կոչ հղեց ընտրողներին. «Ուզում եք խուլ ու համր մարդի՞կ լինեն ԱԺ-ում, թե գրագետները, որոնք կարող են հայրենիքը ներկայացնել միջազգային ուժային կենտրոններում: Ուստի «դուխով» եւ խելքով՝ արդյունքին միտված քաղաքականություն պետք է իրականացվի»:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավի մեկնարկը՝ նոյեմբերի 26-ից:
https://www.facebook.com/aravot.am/videos/340783609807672/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ