Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ «2008թ.-ին դուք եղել եք իշխանական կոալիցիայի կազմում, մտավախություն չունե՞ք, որ այս ընտրություններում ժողովուրդը ձայն չի տա ձեզ»: Արթուր Բաղդասարյանը նախ հիշեցրեց, որ այդ ժամանակ ՕԵԿ-ն ԱԺ-ում միացել է իշխանական կոալիցիային, որի մասն էին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն: «Արել ենք սխալ, ներողություն ենք խնդրել, եթե դա սխալ է: Անսխալական մարդ չկա»,-նկատեց Արթուր Բաղդասարյանը:
Ապա ընդգծեց. «Բայց այդ կոալիցիայի արդյունքում է, որ 250 օրենք է մշակվել մեր կողմից, որ երեխաներն այսօր անվճար գնում են մանկապարտեզ, որ սոցիալապես անապահովները դեղորայքային սպասարկում են ստանում, որ ծննդօգնությունն անվճար է…Հիմա թող ժողովուրդը որոշի…Մենք դուրս եկանք այդ կոալիցիայից, ի տարբերություն մեր որոշ գործընկերների, որոնք մինչեւ հեղափոխությունը մնացել էին իշխանության կողքին»:
Արթուր Բաղդասարյանը վստահեցրեց՝ չեն հրաժարվում իրենց բաժին պատասխանատվությունից. «Եղավ տարաձայնություն, հեռացանք կոալիցիայից: Բերեք մեկ այլ օրինակ, երբ անվտանգության խորհրդի քարտուղարը, չհամաձայնելով նախագահի հետ, դուրս է գալիս կոալիցիայից: Շատ դրական բաներ ենք արել այդ հինգ տարիներին, այսինքն՝ մենք աշխատել ենք այդ ընթացքում, մրցունակ գաղափարներ ենք կյանքի կոչել: Կարո՞ղ է մեկն ասել, որ Արթուր Բաղդասարյանը գող է, ավազակ, որ արյան մեջ է թաթախված…Միակ բանը, որ ասում են՝ կոալիցիա կազմելն էր: Եթե սխալվել ենք, կներեք, դուրս ենք եկել»:
https://www.facebook.com/aravot.am/videos/340783609807672/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ