Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԲ-ի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյան. «Համաձայնագրով ԿԳՆ-ն եւ ԱՅԲ-ը պարտք ու պահանջ չունեն»

Նոյեմբեր 22,2018 14:10

«Առավոտի» հարցերին պատասխանում է ԱՅԲ- ի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը:

-«Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն կարծես թե մինչ այսօր չի եղել։ Ի վերջո, մի քանի ամիսների ուսումնասիրություններն ամփոփվա՞ծ են, կա՞ն արդյունքներ։

-Դեռ մայիսից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բարձրաձայնում էր, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում «Այբ»-ում անցկացվում է «աուդիտ»։ Մենք մի քանի անգամ պաշտոնական հայտարարություններով հստակեցրել ենք, որ խոսքն ի սկզբանե եղել է եռօրյա ուսումնասիրության մասին. այն իր մեջ որևէ բովանդակային մաս չի պարունակել։ Առաջին փուլում իրականացվել է ֆինանսական ուսումնասիրություն, որի ժամկետն այնուհետև երկարաձգվել է, սակայն մինչ օրս այդ ուսումնասիրության պաշտոնական եզրակացությունը չի տրվել։

Փոխարենը մինչև հոկտեմբեր ԿԳ նախարարության հետ շարունակված բանակցությունների արդյունքում մենք ստորագրեցինք համաձայնագիր, որով «Այբ» կրթական հիմնադրամը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դադարեցրին Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացման շրջանակում համագործակցությունը։ Նույն համաձայնագրով ամրագրվեց, որ այդ պահի դրությամբ կողմերը միմյանց նկատմամբ պարտք ու պահանջ չունեն, իսկ ծրագրի շրջանակում կատարված ծախսերը եղել են նպատակային։ Դրան զուգահեռ նաև սահմանվեց լրացուցիչ ժամանակահատված, որի ընթացքում ԿԳՆ-ն կուսումնասիրի նաև ծրագրի բովանդակային կողմը։ Ուսումնասիրության վերջնաժամկետը սահմանվեց նոյեմբերի 30-ը։

Համաձայնագրից բացի՝ ԿԳՆ-ի հետ նաև ստորագրվել է հուշագիր, որն ամրագրում է երկու կողմերի՝ «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը շարունակելու և այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության եզրեր գտնելու շահագրգռությունը՝ ՀՀ մարզային դպրոցների երեխաներին և ուսուցիչներին ծրագրից առավելագույն օգուտ քաղելու հնարավորություն ընձեռելու համար։ ԿԳՆ-ի մեր գործընկերների հետ մայիսին մեկնարկած քննարկումներն ու համագործակցությունն իրենց տրամաբանական արտացոլումն են գտել այդ հուշագրում, որտեղ երկու կողմերն էլ փաստում են, որ ձեռնարկելու են իրենց հնարավորությունների սահմաններում բոլոր միջոցները՝ ապահովելու Արարատյան բակալավրիատի միջազգային ճանաչումը և ծրագրի շարունակականությունը։ Մենք լիահույս ենք, որ կկարողանանք գտնել համագործակցելու հնարավորություններ և որևէ կերպ չվտանգել ծրագրի շարունակականությունը։

-Խոսեցիք բովանդակային գնահատման մասին. ի՞նչ մեխանիզմով է դա արվում, հնարավո՞ր է այդ նպատակով հրավիրվեն միջազգային փորձագետներ։ Կա՞ մեր երկում միջազգային ճանաչում ունեցող այլ ծրագիր։

-«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը ձևավորվել է «Այբ» դպրոցի հենքի վրա։ Մենք վստահ էինք, որ «Այբ» դպրոցում իրականացնում ենք ծրագիր, որն աննախադեպ է և համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, սակայն մեզ համար էլ՝ որպես իրականացնողների, ժամանակին կարևոր էր հասկանալ՝ ծրագիրն իսկապե՞ս բավարարում է միջազգային ամենապահանջկոտ չափանիշները, և արդյո՞ք մեր երեխաները, սովորելով այդ ծրագրով, կդառնան մրցունակ։ Այս առումով, երբ առաջ եկավ Արարատյան բակալավրիատը տարածելու խնդիրը, և դրան զուգահեռ ԿԳԱԾ-ի շրջանակում մեկնարկեց պետության հետ համագործակցությունը, առաջին բանը, որ մենք արեցինք, ծրագրի միջազգային համաքննումն էր։ 2015-2016 թթ. ընթացքում ծրագիրը համաքննեցին համաշխարհային մակարդակով երկու հեղինակավոր և ծանրակշիռ կառույցներ՝ Քեմբրիջի համալսարանի Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնը (Cambridge Assessment International Education) և Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալությունը (UK NARIC, United Kingdom National Agency for the Recognition and Comparison of International Qualifications and Skills)։ Երկու կառույցների հետ աշխատեցինք բավականին սերտ և ծանրաբեռնված գրաֆիկով. արդյունքները փաստեցին, որ «Արարատյան բակալավրիատ» որակավորումը համազոր է բրիտանական GCE A Level և ամերիկյան Advanced Placement խորացված մակարդակի դպրոցական որակավորումներին։ Երկու կրթական որակավորումներն էլ այսօր աշխարհում ամենապահանջկոտն են։

Ինչպես նշեցի, ներկայում ԿԳՆ-ն իրականացնում է ծրագրի բովանդակային ուսումնասիրություն. ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք արդեն սկսել են աշխատանքը, համագործակցում են մեզ հետ, ստանում անհրաժեշտ նյութեր, տեղեկություններ, հանդիպում մեր փորձագետների հետ։ Ի՞նչ մեթոդաբանությամբ է արվելու ուսումնասիրությունը, ի՞նչ հարցերի է անդրադառնալու, ինչի՞ հետ է համեմատվելու Արարատյան բակալավրիատը՝ ցավոք, այս պահին մենք այս հարցերի պատասխանը չունենք։

Նման արագությամբ միջազգային ճանաչում ստանալը բավականին բարդ է, և դրա մասին փաստում են մեր միջազգային գործընկերները, որոնք աշխարհի շատ երկրներում են նմանատիպ նախագծեր իրականացրել և իրականացնում։ 18 ամսում միջազգային ճանաչում ստանալն ու ավագ դպրոցի միջազգայնորեն ճանաչելի ավարտական դիպլոմ ունենալը լուրջ ձեռքբերում է մեր երկրի համար։ Հայաստանը հասել է նրան, որ «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը որպես առանձին որակավորում ներառված է մի շարք միջազգային կրթական հաստատությունների կողմից ընդունելի որակավորումների ցանկում։ Այսինքն՝ երեխաներն ընդամենը նշում են, որ սովորել են այս ծրագրով, և այնուհետև նրանց այլ բան չի մնում, քան ներկայացնել իրենց փաստաթղթերը և ընդունելության գործընթացը հաղթահարելու դեպքում ընդունվել այս համալսարաններ։ Եվ սա Հայաստանի համար կարևորագույն ձեռքբերում է։ Ունե՞նք արդյոք այլընտրանք այս ծրագրին. այո՛, կարող ենք ունենալ, սակայն դրա համար պետք է երկար աշխատել։ Արդյոք կա՞ն միջազգային ծրագրեր, որոնք կարող են ներդրվել մեր կրթական համակարգում և ապահովել միջազգային ճանաչում. այո՛, կան։ Բայց պետությունն արդեն բավականին մեծ ներդրում ու ջանք է ներդրել այս ծրագրի մեջ և հասել է զգալի և շոշափելի արդյունքի։ Իմաստ ունի՞ երկրորդ անգամ նույն ճանապարհով անցնել։ Դա արդեն մեր որոշելիքը չէ։

– Արարատյան բակալավրիատը հասանելի կլինի՞ բոլորին։ Ի՞նչ կտա այն մեզ, մեր երկրին:

-«Այբ» կրթական հիմնադրամն իր ստեղծման օրվանից իրականացրել է ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում հանրակրթության ոլորտի վերափոխմանն ու զարգացմանը և ձգտում են որակյալ և մրցունակ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռել Հայաստանում սովորող երեխաներին։ Մեր առաքելությունն ի սկզբանե դա է եղել, և մենք որևէ կերպ չենք շեղվել դրանից։

Լավագույն կրթությունը հասանելի դարձնելու նպատակով է ստեղծվել նաև «Այբ» դպրոցը, և դրա հենքի վրա է ձևավորվել «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը։ Կրթական ծրագիրը միայն առարկաները չեն. դա առարկայական ծրագրերի, ուսուցչության, մանկավարժական մեթոդաբանության, արդյունքի գնահատման, տեղական և միջազգային քննությունների, տնօրենների վերապատրաստման մի ամբողջ փաթեթ է։ Եթե այս խմբից վերցնենք որևէ բաղադրիչ և այն կիրառենք դրանից դուրս, ապա այն կարող է լինել անարդյունավետ կամ չունենալ այն արդյունավետությունը, որն ապահովվում է ամբողջական կիրառման դեպքում։ Իսկ Արարատյան բակալավրիատը ներառում է այս բոլոր բաղադրիչները։

Ծրագիրը տարածելու մեր շահագրգռությունն այսօր էլ է շատ մեծ, քանի որ մենք հավատում ենք, որ վերջապես ստեղծվել է մի հարթակ, որը հնարավոր կլինի տարածել և ներդնել Հայաստանով մեկ։ Այո՛, մենք այդ ներդրման գործընթացը պատկերացնում ենք փուլ առ փուլ, որովհետև չենք ցանկանում լրացուցիչ ցնցումներ ստեղծել կրթական համակարգում, սակայն այն քայլերը, որոնք մենք արել ենք և որոնք ծրագրել ենք առաջիկա 10 տարվա համար, բերելու են նրան, որ այս պահանջկոտ ծրագրով սովորելու հնարավորություն է ունենալու Հայաստանի յուրաքանչյուր ավագ դպրոցում սովորող երեխա, և դասավանդելու հնարավորություն է ունենալու ավագ դպրոցում դասավանդող յուրաքանչյուր ուսուցիչ։ Ամբողջ ծրագիրը դրան է գնում։

-Կա՞ իսկապես էլիտարացում կամ կղզիացում կրթության ոլորտում։ Կրթության հավասար հնարավորությունների սկզբունքը պահպանվո՞ւմ է։

– Որևէ առանձնացման, մեկուսացման, երեխաների խմբավորման կամ երեխաների միայն մի մասին որակյալ կրթություն տալու և մյուսներին անտեսելու նպատակ կամ ցանկություն երբևէ չի եղել, և դրանում կարելի է համոզվել պարզապես երկարաժամկետ ծրագրին ծանոթանալով։ Մենք անհամբեր սպասում էինք 2018 թ. սեպտեմբերին, երբ ծրագիրը պետք է ներդրվեր մարզային դպրոցներում։ Այս ընթացքում տեսել ենք այն պետական դպրոցների ոգևորությունը, որոնք միացել են ծրագրին, հավատացել են, որ կկարողանան նոր որակ հաղորդել իրենց դպրոցում մատուցվող կրթությանը։ Մենք տեսել ենք հարյուրավոր ուսուցիչների՝ տարբեր մարզերից, Երևանից, որոնք մեծագույն մոտիվացիա են ունեցել անցնելու այս վերապատրաստումը, նոր մեթոդներ և հմտություններ ստանալու և դրանք կիսելու իրենց սաների հետ։ Մենք տեսել ենք այն երեխաներին, որոնք ՀՀ տարբեր մարզերում պետք է դառնային ծրագրի շահառու, որոնք սպասում էին ծրագրից օգտվելու հնարավորությանը։

Ասել, որ ծրագիրն ուղղված է եղել որևէ մեկ դպրոցի, այն էլ՝ մասնավոր, առնվազն չի համապատասխանում իրականությանը։

Արարատյան բակալավրիատի որակավորումն ունի միջազգային ճանաչում, և դա հնարավորություն է տալիս այս ծրագրով սովորող բոլոր երեխաներին ստանալու դիպլոմ, որն ընդունելի և ճանաչելի է աշխարհի մի շարք առաջատար բուհերի կողմից։ Դա ընդլայնում է երեխաների՝ բուհ ընտրելու և որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը։ Բացի դրանից, երեխաները մրցում են իրենց տարեկիցների հետ նույն մակարդակում, նույն տարիքային խմբում, քանի որ Արարատյան բակալավրիատով սովորող աշակերտներից չի պահանջվում որևէ լրացուցիչ տարի սովորել բուհում կամ լրացուցիչ դասընթացներ անցնել։

Զրույցը` Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

Լուսանկարը տրամադրել է Սոնա Կոշեցյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930