Դեկտեմբերի 10-12-ը Թբիլիսում անցկացվելիք «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի տասներորդ ամենամյա վեհաժողովին Ադրբեջանը հրավիրված չէ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
«Արևելյան գործընկերությունը» Եվրամիության նախագիծ է, որն ստեղծվել է Եվրամիության և հետխորհրդային վեց երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի միջև ինտեգրացիոն կապերի զարգացման համար:
Թբիլիսիում անցկացվելիք ֆորումում ելույթ են ունենալու Ուկրաինայի փոխվարչապետ Իվաննա Կլիմպուշ-Ցինցաձեն, Մոլդովայի փոխվարչապետ Յուրի Լյանկեն, Բելառուսի փոխարտգործնախարար Օլեգ Կրավչենկոն և Հայաստանի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
Բրյուսելում haqqin.az-ի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Եվրամիությունը Ադրբեջանի կառավարությանը հրավեր չի ուղարկել: Որոշում է ընդունվել Ադրբեջանի մասնակցությունը սահմանափակել Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցչի ձևաչափով: Ավելին, Ադրբեջանի դիվանագետը նիստին կմասնակցի դիտորդի կարգավիճակով:
Դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ վեհաժողովում պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Եվրամիությունը Հայաստանի վարչապետին հրավիրել է մասնակցելու դեկտեմբերի 11-ի քննարկմանը: Ուշագրավ է, որ վեհաժողովի աշխատանքում Հայաստանի վարչապետը կներգրավվի Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը և, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կօգտագործի իրեն տրամադրված հարթակը երկրում ժողովրդավարական արժեքների հաղթանակը հայտարարելու համար:
Այնուամենայնիվ, Բրյուսելի դիվանագետների խոսքով, «Արևելյան գործընկերության» քննարկումների հարթակում Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների բացակայությունը չի կարող կապված լինել Փաշինյանի ենթադրվող հաղթական երթով: Ամենայն հավանականությամբ, պատճառը եզրափակիչ հայտարարությունն է, որի նախագծում ընդունվում է Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը Ռուսաստանի «զավթողական քաղաքականության համատեքստում, մինչդեռ բացակայում է նմանատիպ ձևակերպումը, որը կարտահայտի եվրոպական հանրության վերաբերմունքը Ադրբեջանի ամբողջականության և ղարաբաղյան հակամարտության հետևանքների նկատմամբ:
Գործակալությունը սրտնեղում է, վեհաժողովի նախորդ եզրափակիչ փաստաթղթերում ամեն տարի բացարձակ աջակցություն էր արտահայտվում «Արևելյան գործընկերության» մասնակից բոլոր պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ:
Հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին՝ լրատվամիջոցը հայտնում է, որ պաշտոնական Բաքուն նախատեսում է երկխոսության մեջ մտնել Եվրամիության և պաշտոնական Թբիլիսիի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը: Ադրբեջանի կառավարության տարակուսանքն է առաջացնում այն, որ այս բացահայտ սկանդալային և հրահրող իրավիճակը ծագել է պաշտոնական Բաքվի ռազմավարական դաշնակից, բարեկամական Վրաստանի տարածքում:
Գործակալությունը նաև գրում է, որ իր տեղեկություններով վեհաժողովի աշխատանքին կմասնակցեն նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակության «այսպես կոչված արևմտամետ սեգմենտի ներկայացուցիչներ, որոնք կանգնած կծափահարեն մի երկրի կառավարության ղեկավարին, որը շարունակում է իր նախորդների զավթողական քաղաքականությունը»:
Haqqin.az-ը եզրակացնում է, որ «այս սկանդալային միջոցառումը կարող է հարցականի տակ դնել Ադրբեջանի մասնակցությունը «Արևելյան գործընկերության» ծրագրին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ