Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ նիստում պատասխանեց Արմեն Աշոտյանի քննադատությանը, որ Բաղրամյան 26-ը նախագահի նստավայր դարձնելու նախագծի մեջ չեն ներառում իրենց առաջարկը՝ վարչապետի ինքնաթիռի եւ ուղղաթիռի օգտագործման կարգի սահմանումը թողնելով ոչ թե վարչապետի որոշման, այլ կառավարության որոշման տիրույթում:
Միրզոյանն ասաց. «Ես շատ փորձեցի հասկանալ, թե ինչ կապ ունի պարոն Աշոտյանի առաջարկը ներկայացրած օրինագծի հետ եւ այդ կապը չտեսա, որովհետեւ այս նախագիծը Բաղրամյան 26-ը նախագահին փոխանցելու մասին է: Շարժական գույքը, ինքնաթիռն ու ուղղաթիռը թե ինչ կապ ունի սրա հետ, մի քիչ հասկանալի չէ»:
Միրզոյանն ասաց, որ Աշոտյանն ուզում է կառավարությանը հաշվետու դարձնել. «Ես կարծում եմ, պարոն Աշոտյան, ձեր՝ կառավարությանն ավելի հաշվետու դարձնելու ջանքերը մեղմ ասած ժամանակավրեպ են երկու պատճառով: Նախ՝ դուք երկար տարիներ ունեիք կառավարությանն ավելի հաշվետու եւ թափանցիկ դարձնելու, ձեր ջանքերը ի վերջո կարող էին պսակվել հաջողությամբ, ավելի երկար ժամանակ ունեիք, կապեր: Երկրորդ պատճառը հարկ չկա փորձել կառավարությանն ավելի հաշվետու դարձնել, որովհետեւ կառավարությունը անհամեմատ շատ ավելի հաշվետու ու թափանցիկ է, քան 6-7 ամիս առաջ: Մի ռեմարկ էլ, պարոն Աշոտյան, ես առաջարկում եմ ձեզ ձեր հիանալի հռետորաբանական ձիրքը եւ ճարտասանությունը գրավոր տեքստերի համար հարմարեցնել: Թույլ տվեք ենթադրել, որ շուտով գրավոր տեքստերի ավելի անհրաժեշտություն եւ պրակտիկայի առիթ կլինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ