«ՕԵԿ-ը մասնակցում է ընտրություններին, քանի որ ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցավ հրաշալի գործընթաց, անունը՝ հեղափոխություն: Այն հնարավորություն տվեց երկիրը տանել նոր զարգացումների ճանապարհով: Սատարել ենք հեղափոխությունն առաջին իսկ օրերից, եւ վերջին յոթ ամսում առանց խաղեր տալու կարողացել ենք մեր չափով զորակցել՝ հեղափոխական գործընթացների անշրջելիության ապահովման նպատակով»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ վերջին յոթ ամիսները բավարար չեն՝ 30 տարվա «ավգյան ախոռները» մաքրելու համար, բայց բավարար են՝ երկրի զարգացման տեսլական մշակելու համար. «Տեսնում ենք կիսատ-պռատ ծրագրեր: Այո, հեղափոխության նպատակը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը, թալանված գումարները բյուջե վերադարձնելը, բայց գլխավոր նպատակը՝ երկրի զարգացման հնարավորություններ ստեղծելը: Մենք չենք տեսնում ՀՀ զարգացման համակարգված ծրագիր, ինչը մտահոգում է մեզ»:
Արթուր Բաղդասարյանը մատնանշեց, որ աճող սպառնալիքներ է տեսնում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, մինչդեռ դրանց դիմակայման ծրագրեր ՀՀ նոր իշխանությունների կողմից նկատելի չեն. «ՀՀ առջեւ լրջագույն՝ նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս, որոնց ի վիճակի է հակազդել ուժեղ, համակարգված թիմը: Օրինակ՝ նավթատարերի, գազամուղների եւ երկաթգծերի տարածաշրջանային ծրագրերին ՀՀ-ն չի մասնակցում, բայց յոթ ամսում էլ չեն դրվել նման ծրագրերի հիմքերը»:
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավի մեկնարկը՝ նոյեմբերի 26-ից: ՕԵԿ-ը մասնակցում է «Օրինականություն, արդարություն, ապահովություն» կարգախոսով:
https://www.facebook.com/aravot.am/videos/340783609807672/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ