Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն ասաց, որ իրենք առաջարկներ էին ներկայացրել, որոնց նպատակն էր այս կառավարությանն ավելի հաշվետու դարձնել ու ծախսերն ավելի հասանելի դարձնել, մեր հասարակությանն էլ ավելի տեղեկացված դարձնել կառավարական հաճույքների կամ փոխադրումների մասին. «Առաջին անգամ մերժեցին զավեշտալի պատճառաբանությամբ՝ ասելով, որ եթե կառավարությունը սահմանի կարգը, ոչ թե վարչապետը, դա կխախտի օպերատիվությունը, որովհետեւ բազմաթիվ օպերատիվ հարցեր կան: Այն դեպքում, երբ կառավարության որոշմամբ սահմանվում են շատ ավելի կարեւոր հարցեր, քան ինքնաթիռի կամ ուղղաթիռի օգտագործումն է:
Երկրորդ առաջարկը հետեւյալն էր՝ ով գնաց այդ ինքնաթիռով, ուղղաթիռով, 5 օրվա ընթացքում անուն ազգանունը, նպատակը, ծախսը տպեք: Եթե հիշում եք, մամուլը այս շաբաթների ընթացքում պարբերաբար անդրադառնում է վարչապետին տրամադրված փոխադրամիջոցների օգտագործման սկանդալներին: Որեւէ թիրախավորված, անձնավորված քննադատություն չեմ դրել այս նախագծի տակ»: Ըստ Աշոտյանի, այս օրինագիծը նախ պետք էր կառավարությանը, որ չարաշահումներից զերծ մնա:
Աշոտյանն ասաց. «Այսօրվա պատճառաբանությունը պակաս անընդունելի չէ, ի՞նչ է նշանակում, թե այս նախագծի կարգավորման առարկա չէր սա: Սա շատ լավ առիթ էր հասարակությանը տեղեկացված պահելու, թե ուր են գնում պետության փողերը, ինչպես են ծախսվում, ում վրա եւ ինչ արդյունքների վրա: Կառավարության գործելաոճը կարող էր լինել ավելի կոնստրուկտիվ: Իրենց կողմից մերժումը բացառապես քաղաքական նպատակով էր»: Նա կոչ արեց օրինագծին դեմ քվեարկել:
Այնուամենայնիվ, օրենքի նախագիծն ԱԺ-ում քվեարկությամբ ընդունվեց 64 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով:
Աշոտյանի ելույթին արձագանքեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Մանրամասները՝ շուտով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ