Ընդհանուր առմամբ, միանգամայն հնարավոր է, որ Փաշինյանը փորձի կրկնել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ դրսեւորած հրապարակային ագրեսիվ հռետորաբանությունը: Սակայն այդ՝ «ասֆալտափռիչ» ու «պատածեփիչ» պահվածքն ու ելեւէջները, նախ, արդեն շատերը ոչ միայն սովորական են ընկալում, այլեւ ինչ-որ տեղ ձանձրալի է դառնում:
Երկրորդ՝ կարծես ավելի շատ մարդիկ են պաղում «հեղափոխական» հարայհրոցից, ակնկալելով, որ պետության ղեկավարի դիրքն զբաղեցնողն ու նույն դիրքում մի 5 տարով (ինչպես իրենք են կարծում) ամրագրվելուն հավակնողը իրեն պետության ղեկավարի պես պահի, այլ ոչ թե միտինգային բոցաշունչ հռետորի:
Իշխանության պարագայում արդեն նշմարելի է, որ հիմնական դրույթներից մեկն այն է, թե ինչ խոստացել էին, անցած կես տարում արդեն արել են: Եվ Նիկոլ Փաշինյանը ավելի հաճախ է կարծես վերադառնում այդ, ինչպես իրեն է թվում՝ տպավորիչ դրույթին, փորձում հնարավորինս «բացել» խոստումներն ու կատարվածը:
Թե որքանո՞վ է դա համոզիչ, հարցի մի կողմն է: Իսկ մյուս կողմն էլ այն է, որ նրա այդ հայտարարությունները քննադատական անդրադարձների առիթ են տալիս մրցակիցներին:
Իշխանական քարոզչության հնարավոր ուղղություններից մեկն էլ ընտրություններից հետո, իբր, սպասվող ներդրումային տեղատարափն է: Դա, իհարկե, կարող է տպավորություն թողնել, սակայն չիրականանալու դեպքում, ինչը շատ ավելի հավանական է, հետադարձով ցավալի կարող է հարվածել իշխանության վարկանիշին:
Ավելին՝ իրավիճակում, երբ տնտեսական ցուցանիշները դեռ մի կողմ, մարդկանց աշխատանքային եկամուտները չեն ավելացել, երբ գները բարձրացել են, երբ սակագները ոչ միայն չեն նվազել, այլեւ, օրինակ, ջրինը կարող է նաեւ բարձրանալ, ներդրումային խոստումներն ու դրա մասին խոսակցությունները հազիվ թե լրջորեն տրամադրություն փոխեն:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում