Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս քաղաքական գործչի խոսքով, և Փաշինյանի, և Լուկաշենկոյի համար այս հարցը վերածվել է սկզբունքային հարցի. «168 ժամ»

Նոյեմբեր 22,2018 12:24

«168 Ժամի» հետ զրույցում ՀԱՊԿ-ում առկա խնդիրներին անդրադարձավ ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Ռիժկովը։ Նա նշեց, որ Հայաստանի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակը պարզապես մեկ աշխատանքային դրվագ է։ Նրա որակմամբ, շատուշատ ավելի կայացած կազմակերպություններում ծավալվում են թեժ քննարկումներ նման պաշտոնների շուրջ։ «Սա ինչ-որ տեղ կարելի է որակել որպես աշխատանքային բանավեճ ու քննարկումներ։ Իսկ եթե հիշենք, թե ինչպես ծագեց այս խնդիրը, ապա գուցե բնականոն որակենք, քանի որ ՀՀ նոր իշխանությունները պատրաստ չէին գլխավոր քարտուղարի թեկնածուին փոխելու մինչ իրենց ներկայացուցչի նկատմամբ որևէ գործողություն նախաձեռնելը։ Կարելի է դիտարկել, որ դրանով ավարտվել է Հայաստանի նախագահությունը։ Բայց սա դեռ քննարկման թեմա է լինելու։

Իմ համոզմամբ, այս քննարկումները որևէ կապ չունեն կառույցի կայացածության ու նշանակության հետ, նման քննարկումներ լինում են բոլոր կազմակերպություններում։ Բայց սրանից բացի, այն խնդիրները, որոնք բարձրացնում է հայկական կողմը, մատնացույց է անում այն հանգամանքը, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցներում չկա արժեքային համակարգ, չեն գործում այդ կազմակերպությունների կանոնադրությունները, համապատասխան կարգավորումները, քանի որ այս .երկրներին ինտեգրացիոն տարատեսակ կառույցներում միավորողը միայն Ռուսաստանն է՝ Պուտինը և այն պրեֆերենցիաները, որոնք այս երկրները ստանում են այդ համագործակցությունից։ Եվ սա է գլխավոր խնդիրը, որից բխում են մնացած բոլոր խնդիրներն ու գուցե ճգնաժամերը, ինչպես կուզենք՝ այն կարող ենք անվանել, բայց տեսնում ենք, որ այս կառույցների աշխատանքն ուղեկցվում է նման բանավեճերով, որոնք հաճախ հասնում են կոնֆլիկտի։ Նույնիսկ համատեղ շահերի, արժեքային համակարգի առկայության դեպքում նման միություններին տասնյակ տարիներ են հարկավոր կայանալու և քաղաքակիրթ ճանապարհով խնդիրներ լուծելու համար։ Ուստի վստահ չեմ, որ կարելի է կառուցողական արդյունք ակնկալել այն քննարկումներից, որոնք գուցե ծավալվեն ՀԱՊԿ անդամ երկրների պարտավորությունների հստակեցման հարցում։ Տեսեք, թե այս տեխնիկական պաշտոնի համար ինչպիսի պայքար է ծավալվել այն դեպքում, երբ որոշումները ՀԱՊԿ-ում կայացնում են նախագահները՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրի ներկայացուցիչն է գլխավոր քարտուղարը, և ինչպիսի կարծիք ունի այս կամ այն հարցի շուրջ։ Ուստի շատ ավելի լուրջ քննարկումների ներկայումս ՀԱՊԿ նախագահները պատրաստ չեն»,- ասաց Ռիժկովը։

Ռուս քաղաքական գործչի խոսքով, և Փաշինյանի, և Լուկաշենկոյի համար այս հարցը վերածվել է սկզբունքային հարցի։ Նրա համոզմամբ, երկու կողմն էլ մինչև վերջ պայքարելու են պաշտոնի համար, քանի որ հասել են այն փուլին, երբ հետընթացը լուրջ զիջում և թուլության նշան կդիտարկվի, որն անթույլատրելի է թե՛ Լուկաշենկոյի նման քաղաքական գործչի համար, թե՛ հեղափոխությամբ իշխանության եկած և այլ որակի արտաքին քաղաքականություն խոստացող Փաշինյանի համար։ «Բնական է, որ դեկտեմբերի 6-ին՝ սպասվող խորհրդարանական ընտրությունների շեմին, Փաշինյանը կցանկանար Սանկտ Պետերբուրգում հասնել գլխավոր քարտուղարի պաշտոնին, որը հավելյալ դիվիդենտներ կհաղորդեր իր քաղաքական թիմի վարկանիշին։ Իսկ հակառակ զարգացումն այսքան վստահեցումներից հետո, թե այդ պաշտոնը պետք է ՀՀ-ինը լինի, լուրջ բացասական ուշադրության է արժանանալու Հայաստանում»,- նկատեց Ռիժկովը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930