Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, որը 10 տարի պաշտոնավարեց մշակույթի նախարարի պոստում, հիմա էլ ձեռնամուխ է եղել հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդմանը։ Նա իտալական «Դանթե Ալիգիերի» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարն է, եւ նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է «Հայկական կինոյի իտալական էջերը» գրքույկը, որի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Բուխարու սրահում։ Առիթից օգտվելով՝ մի քանի հարց ուղղեցինք Հասմիկ Պողոսյանին։
– Վստահ եմ՝ հետեւում եք մշակութային դաշտի փոփոխություններին՝ որպես մշակույթի նախկին նախարար, ի՞նչ դրական եւ բացասական միտումներ եք նկատում, լինի դա նախկին Նախարար Արմեն Ամիրյանի, թե ներկայիս նախարար Լիլիթ Մակունցի օրոք։
– Ես տեսնում եմ, որ նախաձեռնություններ կան, որոնք շարունակվում են, նախաձեռնություններ կան, որ կասեցվում են, ու, ի դեպ, ասեմ, շատ բնականոն եմ դա գնահատում, որովհետեւ մարդիկ գալիս են իրենց տեսակետներով, ու բոլորն են այդպես գալիս։ Ես էլ ժամանակին եկել եմ իմ տեսակետներով եւ ինչ-որ բաներ մերժել եմ, ինչ-որ բաներ՝ շարունակել։ Կարծում եմ՝ միշտ պետք է հնարավորություն տալ, որ մարդիկ կարողանան աշխատեն։ Ամեն պարագայում, ես շատ գնահատում եմ այն կրթական ծրագրերը, որոնք իրականացվում են, այսինքն՝ հնարավորություն տալ բոլոր երեխաներին հաղորդակից լինել մշակույթին, կարծում եմ՝ շատ կարեւոր մոտեցում է, քաղաքական ուղղություն, որն այսօր որդեգրված է։ Խոսքս աբոնեմենտային համակարգի մասին է, որի պիլոտային ծրագիրը մի 3-4 տարի առաջ մեկնարկեց, բայց հիմա դա ընդգրկել է ամբողջ հանրապետությունը, եւ դրա համար շատ ուրախ եմ։ Միշտ կան բաներ, որոնք շարունակվում են, կան երեւույթներ, որ ինչ-որ պահի կանգ են առնում, եւ համարում եմ դա շատ նորմալ։
– Ամիսներ առաջ դատախազությունում գործ հարուցվեց պատմամշակութային հուշարձանների չարաշահումների հետ կապված, որտեղ շոշափվում էին նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, ու այդ չարաշահումները Ձեր օրոք են եղել՝ 2014–16թթ.։
– Ես դրա վերաբերյալ ոչ մի կոնկրետ տեղեկություն չունեմ, թե ինչին է վերաբերում, եւ ինչի մասին է խոսքը գնում, ինչքան հիշում եմ՝ այդ խոսակցությունը բավականին վաղուց էր։
– Այսինքն՝ այդ գործի շրջանակներում Ձեզ չեն հրավիրել հարցաքննության։
– Ոչ, ես տեղյակ չեմ, թե ընդհանրապես ինչի մասին է խոսքը գնում, եւ արդեն բավականին ժամանակ է անցել, կարծում եմ՝ եթե պարզաբանված չլիներ, ինչ-որ ձեւով տեղյակ կլինեինք։ Ես որեւէ տեղեկություն չունեմ։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում