Սպասվող ընտրությունների, քաղաքական ուժերի՝ խորհրդարան անցնելու հնարավորությունների ու քարոզարշավի մասին զրուցել ենք քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։
– Ձեր կարծիքով՝ ո՞ր ուժերն առավել հնարավորություն ունեն խորհրդարան անցնելու:
– Մի քանի հանգամանքներ կան, որոնք կարող են այս կամ այն քաղաքական ուժի շանսերը մեծացնել։ Նախ՝ որքանով է այդ քաղաքական ուժն ընկալվում որպես ժողովրդական ուժ, որպես ուժ, որն առաջնորդել ու ակտիվ մասնակցել է հեղափոխական գործընթացներին։ Ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքն այս առումով մրցակցությունից դուրս է, որովհետեւ նախ դրա առաջին համար Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, համակարգել է Թավշյա հեղափոխությունը, եւ այն թիմը, որն առկա է «Իմ քայլ»-ի ներսում, նրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք եղել են հեղափոխության առաջին գծում։ Երկրորդ հանգամանքն այն արդյունքն է, որը գրանցվել է ավագանու ընտրությունների ժամանակ։ Այսինքն` ակնհայտ է, որ այն քաղաքական ուժերը, որոնք բարձր արդյունքներ են գրանցել այդ ընտրությունների ժամանակ, հիմա էլ շանսեր ունեն։
Եվ մյուսը՝ շատ լուրջ ազդեցություն է ունենալու գրագետ, էֆեկտիվ, նաեւ կարելի է ասել՝ դրական առումով ագրեսիվ քարոզարշավը, սա եւս գործոններից մեկն է լինելու: Իհարկե, մեծ դեր ունեն նաեւ ցուցակների առաջին դեմքերը, թե որքանով է հանրությունը վստահում նրանց, հատկապես ցուցակը գլխավորողներին։
Եթե կոնկրետացնենք, թե որ ուժերն ունեն շանսեր, ապա, բացի «Իմ քայլից», որն այս ընտրություններում ակնհայտ ֆավորիտ է, ԲՀԿ-ն է, հետո այլեւս գոյություն չունեցող «Լույս» դաշինքի մաս «Լուսավոր Հայաստանն» ու նորաստեղծ «Մենք» դաշինքը, նաեւ որոշակի շանսեր ունի «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Բայց առանձնահատուկ կուզենայի նշել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը՝ որպես կուսակցություն, որը կարող է այս առումով անակնկալ մատուցել։ Ինչու, որովհետեւ, այսպես ասեմ, այս կուսակցությունն «Իմ քայլ»-ից հետո կամ նույնիսկ դրան հավասար այն քաղաքական ուժն է, որը հեղափոխությանը մասնակցած բազմաթիվ ակտիվիստների է ներգրավել ու բաղկացած է քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող եւ հեղափոխության հաջողությանը մեծ նպաստ ունեցած մարդկանցից։ Եվ դա լուրջ գործոն կարող է լինել՝ կրկին կախված նրանից, թե ինչպիսի քարոզարշավ կիրականացնեն։
– ՀՀԿ-ի՞ շանսերը որքան են:
– Հանրապետականի շանսերն այս պահին շատ փոքր եմ գնահատում։ Կարծում եմ, որ նրանք շատ լուրջ խնդիրներ ունեն լուծելու, որոնց լուծումն, ըստ էության, անհնարին է: Եվ որպեսզի հայտնվեն խորհրդարանում, շատ լուրջ խնդիրներ պետք է կարողանան լուծել։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում