Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած գրեթե բոլոր ուժերն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հայտարարում են, թե «80 տոկոսանոց մեծամասնություն ունեցող իշխանությունը խայտառակություն է եւ կործանարար կլինի Հայաստանի համար»։ Առաջին հայացքից թվում է, թե շատ տրամաբանական բան են ասում։ Չէ՞ որ բոլոր բռնապետություններում եւ ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներում էլ իշխանություններն ունենում են 80, 90 կամ անգամ 100 տոկոս։ Բայց արդյո՞ք դա անպայմանորեն նշանակում է, որ եթե որեւէ երկրում որեւէ ուժ (կամ անհատ) 80 տոկոս ստացավ՝ ուրեմն այդ երկիրը բռնապետություն է, եւ վերջ։ Ի վերջո, տարբերություն կա, չէ՞, տվյալ ուժը կամ անհատը 80-100 տոկոս է ստացել, որովհետեւ միա՞կ ուժն էր (ինչպես Խորհրդային Միությունում էր կամ հիմա Հյուսիսային Կորեայում է), այլ ուժերին եւ նրանց օգտին քվեարկողներին գլխատում կամ բանտե՞րն էին նետում, թե՞ պարզապես ազատ-արդար ընտրությունների արդյունքում ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկում էր մի ուժի օգտին։
Ուրիշ բան, որ հասարակության 80 տոկոսանոց վստահությունն, այո, կարող է այդ ուժի մեջ գայթակղություն ստեղծել ընդհանրապես գործնականում փոշիացնել քաղաքական դաշտը եւ տարբեր հայտնի մեխանիզմներով փորձել հավերժացնել սեփական իշխանությունը։ Բայց արդյո՞ք Հայաստանի դեպքում այդ վտանգն իրական է, եւ արդյո՞ք նման վտանգն ընդհանրապես կարող է իրական լինել որեւէ երկրի համար՝ 21-րդ դարում։ Եվ հետո՝ ի՞նչ ուղերձ են հղում քաղաքական ուժերն այս վտանգն արհեստականորեն ուռճացնելով։ Ընտրողներին ասում են՝ «Մենք հասկանում ենք, որ ձեր համակրանքը «Իմ քայլը» դաշինքի կողմն է, բայց խորհուրդ ենք տալիս գիտակցել 80 տոկոսանոց արդյունքի վտանգը եւ ձայն տալ որեւէ այլ ուժի՞», թե՞ իշխանություններին են ուղերձ հղում՝ «Գուցե իսկապես 80 տոկոսանոց վարկանիշ ունեք, բայց որպեսզի աշխարհով մեկ խայտառակ չլինենք, այնպես արեք, որ հանկարծ 60-65 տոկոսից ավելի ձայն չստանաք, համ մեզ համար լավ կլինի, համ ձեզ համար»։ Այսինքն՝ կամ ընտրողներին են հորդորում մի կողմ դնել սեփական համակրանքները, կամ իշխանություններին են հորդորում արհեստականորեն «կարգավորել» ընտրությունների արդյունքները։
Հասկանալի է, որ իրականում իշխանություններին ամենայն հավանականությամբ չի հաջողվի կրկնել 81 տոկոսանոց արդյունքը, եւ խորհրդարանական ընտրությունների տոկոսներն ավելի համեստ կլինեն։ Հասկանալի է նաեւ, որ այդ 60-65-70 տոկոսանոց վստահության ռեսուրսն էլ իր հերթին ժամանակի ընթացքում մաշվելու է, ձեւավորվելու են նոր քաղաքական ուժեր կամ բեւեռներ, եւ ունենալու ենք իսկապես մրցակցային քաղաքական դաշտ։ Հետեւաբար՝ այսօր քաղաքական դաշտի հիմնական խնդիրները պիտի լինեն ազատ-արդար-ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ու այդ «ավանդույթն» անշրջելի դարձնելը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում