Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյան՝ Փաշինյանի այցերի մասին. «Եթե նայում ենք միջազգային չափանիշներով, իհարկե, սա վարչական ռեսուրսի չարաշահում է». «Ժամանակ»

Նոյեմբեր 22,2018 10:36

«Ժամանակի» զրուցակիցն է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

-Նախկին իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելություններով վարչական ռեսուրս է կիրառում և խախտում Ընտրական օրենսգրքի դրույթները։ Այդտեղ կա՞ չարաշահում, թե՞ ոչ։

-Ով էլ ասեր։ Միջազգային չափանիշներով, այո, դա վարչական ռեսուրսի օգտագործում է, թեև ֆորմալ առումով այդպես չէ։

Այստեղ կա երկու հարց. նախ, պաշտոնական քարոզարշավը դեռ չի սկսվել, և երբ ժամանակին մենք քննադատում էինք նախկին իշխանություններին վարչական ռեսուրս օգտագործելու մեջ, իրենք հենց այդ փաստարկն էին բերում, որ քարոզարշավը դեռ չի սկսվել, իսկ մինչ այդ ինչ կուզենք, կանենք։

Ինչ վերաբերում է աշխատանքային ժամերին իրականացվող քարոզարշավին, ապա երբ մենք այդ հարցը բարձրացնում էինք 2017 թվականին այն ժամանակվա վարչապետի այցերի հետ կապված, ինչպես նաև դրան նախորդող գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, մեզ պատասխանում էին, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները նորմավորված աշխատանքային օր չունեն և այնպես չի, որ այդ ժամերը իրենք պարտավոր են աշխատանքային դիտարկել։ Ասում էին՝ իրենք կարող են քարոզչություն անել, հետո այլ ժամերի իրենց պաշտոնական պարտականությունները կատարել։ Այսպիսի բացատրություններ, պատճառաբանություններ իրենք սիրում էին ներկայացնել բավականին պրոֆեսիոնալ ձևով։ Հիմա ուղղակի իրենց կարելի է հիշեցնել իրենց նույն ասածները, որ վարչապետի աշխատանքը նորմավորված չէ։

Բայց եթե նայում ենք միջազգային չափանիշներով, իհարկե, սա վարչական ռեսուրսի չարաշահում է։

Մեկ այլ խնդիր էլ կա, որը ՀՀԿ-ականները սիրում էին օգտագործել։ Նրանք ասում էին, որ քարոզչություն կլիներ, եթե լիներ այս կամ այն քաղաքական ուժի օգտին քվեարկելու կոչ։ Այդպիսի կոչեր վարչապետի այցերի ժամանակ, կարծես, չեն եղել։ Այսինքն` ֆորմալիզմը, ֆորմալ տրամաբանությունը, որ օգտագործվում էր նախկինների օրոք, եթե այդ նույնը կիրառենք հիմա, ուրեմն ստացվում է, որ վարչական ռեսուրսի կիրառում չկա։ Իսկ եթե մոտենանք այն չափանիշներով, որով այն ժամանակ էինք մոտենում, ապա այո, կա վարչական ռեսուրսի չարաշահում։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930