Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջընթացի անընդունելի գինը

Նոյեմբեր 22,2018 10:00

Հայաստանում վերջերս իրականացված հեղափոխությունը խաղաղ էր, անարյուն՝ փառք եւ պատիվ բարիկադների երկու կողմում գտնվող ուժերին ու նախեւառաջ՝ մեր քաղաքացիներին: Սակայն հարց է՝ արդյոք այդ հեղափոխությամբ հաջողվե՞լ է պարպել ժողովրդական լայն զանգվածների ցասումն ու ատելությունը «նախորդ ռեժիմի» հանդեպ: Կա՞ արդյոք մեր հասարակության մեջ իմունիտետ բռնությունների եւ արյունահեղության հանդեպ: Դատելով նրանից, որ այս ընտրություններին մասնակցում է քաղաքական մի ուժ, որը կողմ էր զինված քաղաքական պայքարին, իսկ մեր քաղաքական եւ մտավորական վերնախավը, եթե մոդայիկ բառն օգտագործենք, այդքան «դուխ» չունի, որ առարկի դրա դեմ, նման իմունիտետ չկա:

Ամեն քայլափոխի ես լսում եմ՝ մինչեւ «սրանց» չգնդակահարեն, չկախեն եւ չքառատեն՝ «էս երկրում» բան չի փոխվի: Նոր իշխանությունը, այդ մեթոդներին դեմ լինելով, այնուամենայնիվ պետք է պահպանի իր բարձր վարկանիշը եւ հնարավորության սահմաններում տուրք տա այդ տրամադրություններին: Ավելին՝ նույն մտավորական շրջանակներում կան մարդիկ, որոնք կողմ են այն տեսությանը, որ առանց հեղափոխական բռնությունների առաջընթաց չի կարող լինել: Ասել, որ այդ տեսությունն ամբողջությամբ սխալ է, կնշանակեր՝ ծանոթ չլինել մարդկության պատմությանը: Ուրիշ հարց, որ անձամբ ես դեմ եմ, որ առաջընթացի համար նման գին վճարվի:

… 1789 թվականի հուլիսի 14-ին ֆրանսիացի հեղափոխականները գրոհեցին Բաստիլ ամրոցը, որտեղ կար ընդամենը 7 բանտարկյալ, բայց մեծ զինապահեստ, որին «նոր Ֆրանսիայի» կերտողներն ուզում էին տիրանալ: Բաստիլի պարետ մարկիզ դե Լոնեն, իր զինվորական երդմանը համապատասխան, հրաժարվեց կատարել հեղափոխականների պահանջը ու համազարկ արձակեց հարձակվողների վրա, որի արդյունքում եղան բազմաթիվ զոհեր: Ի վերջո, հեղափոխականներին հաջողվեց ներխուժել Բաստիլ, դե Լոնեն ձերբակալվեց, եւ երբ մարկիզին տանում էին Փարիզի քաղաքապետարան, նրա վրա հարձակվեց կատաղած ամբոխը եւ դաժան հաշվեհարդար իրականացրեց զինվորականի հանդեպ: Վերջակետ դնելու «պատիվը» վստահվեց Դեսնո ազգանունով մսավաճառին, որն իր «աշխատանքային գործիքով» կտրեց դե Լոնեի գլուխը, որն այնուհետեւ ցից բարձրացվեց եւ ցուցադրվում էր Փարիզի փողոցներում:

Ամեն տարի հուլիսի 14-ին մենք այցելում ենք Ֆրանսիայի դեսպանատուն եւ շնորհավորում այդ երկրի ժողովրդին հեղափոխության տարեդարձի առթիվ: Գուցե հետագայում Հայաստանում նույնպես շամպայնով եւ խորտիկներով նշվի ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումը եւ ոստիկանների սպանությունը: Ես, համենայնդեպս, այդ տոնախմբություններին չեմ մասնակցելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եւ ,,գիլյոտինային հեղափոխության,,արդյունքում վերականգնվեց միապետությունը….:Երկու հարյուր տարի հետո միայն Ֆրանսիան դարձավ ժողովրավարական երկիր:Եթե այդքան ժամանակ ունենք….կարելի է այդ ուղիով շարժվել….

  2. Հ.Շ. says:

    Մէկդի դնելով քաղաքական/գաղափարական նկատառումները, զուտ մարդկային գետնի վրայ, գոնէ մեռեալներուն եւ անոնց որբերուն, այրիներուն, մայրերուն մասին, իսկական ու հարազատ զղջում՝ բնաւ չլսեցինք: Ընդհակառակն, բազմիցս լսեցինք ու կարդացինք թափուած արիւնը «արդարացնելու», relativiser/rationalize ընելու միտող արտայայտութիւններ:

    Նաեւ, առաջին օրէն եւ դեռ մինչեւ այսօր իսկ, Մամուլի մէջ համեմատաբար շատ քիչ տեղ կը տրամադրուի զոհերուն:

    Ֆրանսացի-մրանսացի չեմ գիտեր, ասիկա վայել չէ Հայութեան: Այն արժէքներուն որ կ’ուզենք հաւատալ թէ էականօրէն Հայութիւնը կը բնորոշեն: As if…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930