Քչերը գիտեն, որ Երեւանի մերձակայքում՝ Արգավանդ գյուղում, պահպանվել է Կովկասում միակ թուրքմենական հուշարձանը։ Դա 15-րդ դարում թուրքմեն կարա-կոյունլու էմիր Փիր Հուսեյնի հրամանով կառուցված իր հոր՝ էմիր Սաադի դամբարանն է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թվականին էմիր Փիր Հուսեյնի հրամանով՝ մեծագույն և վեհագույն ազնվությամբ, որպես արքաների և թագավորների նեցուկ, խեղճերի և թշվառների ապավեն։ 1405 թվականից Հայաստանի տարածքը նվաճեցին թուրքմենական ցեղախմբերը, որոնք, հայ պատմաբանների վկայությամբ, խաղաղ գոյակցում էին հայերի հետ: Դամբարանը կառուցվել է հայ վարպետների ձեռքով եւ կրում է հայ միջնադարյան ճարտարապետության տարրերը: Այն 2001 թվականի ընթացքում վերականգնվել ու վերանորոգվել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանության ջանքերով: Հուշարձանի ցուցանակները գրված են հայերեն եւ թուրքմեներեն։
Թեմայի շուրջ ավելի մանրամասն՝ առաջիկայում:
Լուսանկարները՝ Ռուբեն Մեհրաբյանի
«Առավոտ» ,
21.11.2018