Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՀՅԴ-ից բան եք պահանջում, ուրեմն պահանջեք ճիշտ»

Նոյեմբեր 22,2018 15:30

Պարզվում է՝ ՀՅԴ-ն զղջում է, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունն է պաշտպանել

Հաշվի առնելով ՀՅԴ-ի պահվածքը վերջին ժամանակաշրջանում՝ ՀՅԴ-ի ձայն ստանալու հավանականությունը որքա՞ն եք գնահատում, ու ինչո՞ւ պիտի ՀՅԴ-ին ձայն տան: «Առավոտի» այս հարցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը պատասխանեց. «Քաղաքական գործընթացներ են, շատ նորմալ է: Որեւէ քաղաքական ուժ քննարկումների արդյունքում որոշումներ է կայացնում, եթե դուք նկատի ունեք Ընտրական օրենսգրքի քվեարկությունը, այդ մի պատգամավորը, որի ձայնը չբավականացրեց, կարող էր լինել ՀՀԿ-ից, ցանկացած կուսակցությւոնից: Ինչո՞ւ չեք ասում, որ այդ մեկ պատգամավորը կարող է՝ ՀՀԿ-ից էր, ու եթե մեկ հոգի ավելի գար ՀՀԿ-ի այդ 18 ցուցակից, կանցներ»:

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ն իշխանությունից դուրս եկած ընդդիմադիր ուժ է, ՀՅԴ-ն իրեն համարում է հեղափոխության ջատագով, ուստի ՀՀԿ-ից պահանջելու բան այս առումով չունենք, Առաքելյանն ասաց. «Եթե ՀՅԴ-ից բան եք պահանջում, ուրեմն պահանջեք ճիշտ: ՀՅԴ-ն նոր ԸՕ-ին սկզբունքորեն կողմ է եղել: Իհարկե, վերապահումներ ենք ունեցել, բայց մենք համամասնականին կողմ ենք եղել ու 10 տարի պայքարել ենք խորհրդարանական կառավարման, համամասնական ցանկով ընտրություններին մասնակցելու համար»:

Ընտրություններին ՀՅԴ-ն միշտ շեշտը դնում է նրա վրա, որ 127-128 տարվա կուսակցություն եք, բայց եթե ձեր՝ վերջին 10 տարիների գործունեությունը վերցնենք՝ ե՛ւ իշխանությունների հետ կոալիցիա եք կազմել, ե՛ւ Սերժ Սարգսյանին կողմ եք քվեարկել, որ դառնա վարչապետ, հիշենք ԸՕ-ի քվեարկությունը, ԱԺ կանոնակարգ օրենքի գիշերային քվեարկությունը, այսինքն՝ երբ որ պետք է, այս դաշտում եք, երբ որ պետք է, մյուս դաշում եք, դուք հիմա ի՞նչ երեսով եք ձայն խնդրելու ընտրողներից, Ռուզաննա Առաքելյանը պատասխանեց. «Երբեք չի խանգարել: Նախ՝ 128 տարվա կուսակցությունը նշանակում է մի կուսակցություն, որն ունի կուռ գաղափարախոսություն, կարող է դիմանալ դարերի մեջ: Այն ուժը, որը անցյալից չի գալիս, այսինքն՝ իր արժեհամակարգը անցյալից չի բերում, ներկան չի կարող գնահատել»: Նա ասաց, որ մեր հասարակության մեջ թյուրըմբռնում կա. «Քաղաքական մշակույթում կոալիցիա մտնելը նորմալ է, կոալիցիայից դուրս գալը նույնպես շատ նորմալ է: Սրանով գնահատել կուսակցություններին, ես կարծում եմ՝ մեր հասարակության քաղաքական գիտակցության մի փոքր ոչ բարձր լինելն է»:

Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ իրենց ուժը կոալիցիա է կազմել, որովհետեւ ուզել է պետականության կայացման բեռն իր ուսերին վերցնել, ու դա նորմալ է: Այդ դեպքում թե ինչու բեռը թողեցին ու դուրս եկան կոալիցիայից, Առաքելյանն ասաց. «Երբ վտանգվում է հայրենիքի, պետականության շահերը, նա կարող է կոալիցիայից դուրս գալ: Երբ մենք տեսել ենք, որ մեր երկրի տնտեսության զարգացման մեջ մենք անելիք ունենք, մենք կոալիցիա ենք կազմել»:

Մեր դիտարկմանը, որ հիմա սիրուն ձեւակերպումներ դրան կարելի է տալ, բայց արդյո՞ք դա զուտ պաշտոնների համար չէր, Առաքելյանը պատասխանեց. «Ոչ, երբե՛ք: Մենք երբե՛ք պաշտոնով չենք պայմանավորել, մենք մտածել ենք, որ մենք անելիք ունենք, ոլորտներ ենք վերցրել, ու կյանքը ցույց է տվել, որ մենք արել ենք բավականին շատ գործեր մեր երկրի տնտեսական զարգացման, սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ: Երբ մենք սոցապնախարարներ ենք ունեցել, 4-5 անգամ աշխատավարձ է բարձրացել, թոշակ է բարձրացել»: Երբ ասացինք՝ սոցապնախարարներ եք ունեցել, բայց աղքատությունը գնալով խորացել է, Առաքելյանը հակադարձեց. «Դա՝ ընդհանրության մեջ, մենք իշխանության չենք եղել, սիրելիս: Մենք կոալիցիայի մաս ենք կազմել: Երբ ունեցել ենք առողջապահության նախարար, անվճար ենք դարձրել պոլիկլինիկաները, որը սոցիալապես անապահով ընտանիքների համար մեծ աջակցություն է եղել: Իսկ կոալիցիայից դուրս ենք եկել, որովհետեւ այդ պահին զգացել ենք ոչ համաձայնություն մեր ազգային այն սկզբունքներին, որոնք կարող էին փոքր-ինչ ոչ նպաստավոր լինել մեր պետականության համար, Արցախի հարցի լուծման համար: Այդ ժամանակ մեր «Ոչ»-ի շարժումը քիչ պակաս չէր, քան այս օրերին հեղափոխական իրավիճակները»:

Հարցին՝ բա Սերժ Սարգսյանին ինչո՞ւ կողմ քվեարկեցիք, երբ հասարակությունը մերժում էր նույն օրերին, հո մերժելը մեկ օրում չի՞ ձեւավորվում, դուք գիտեիք, որ նրա թեկնածությունը մերժվում է, Ռուզաննա Առաքելյանը պատասխանեց. «Գիտեք, այդ ժամանակ այդ քաղաքական ուժի որոշումն էր, թե իրենք ում կառաջարկեին, որովհետեւ փաստացի նրանք խորհրդարանում ունեին բացարձակ մեծամասնություն, ու իրենց էր տրված առաջարկելու թեկնածու: Առաջարկվել է եւ բնականաբար կողմ է քվեարկվել»: Մենք հիշեցրինք՝ դուք ԱԺ-ում ժողովրդի, ընտրողի ներկայացուցիչն եք եղել, ոչ թե ՀՀԿ-ի, ՀՅԴ պատգամավորն արձագանքեց. «Մենք այդ ժամանակ կոալիցիայի մեջ էինք, որպես կոալիցիոն գործընկեր՝ ունեինք մեր պարտավորությունը եւ կատարեցինք»:

Հարցին՝ այսինքն՝ չե՞ք ընդունում, որ դուք քաղաքական դաշտում մանեւրել եք՝ մի տեղից մյուս տեղ գնալով, Առաքելյանը պատասխանեց. «Ո՛չ: Ոչ միայն չեմ ընդունում… մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ քաղաքական գործընթացներում քաղաքական մշակույթն ինչպես է զարգանում: Զարգանում է քաղաքական ուժերի՝ պարբերաբար իրենց ծրագիրը ներկայացնելով, իրենց քայլերով, մենք անընդհատ ասել ու հիմնավորել ենք, թե ինչու ենք կոալիցիայի մեջ ու ինչու ենք այսօր ընդդիմություն: Երբեք չեմ հավակնում ասել, որ անսխալական ենք եղել. չի կարող քաղաքական մի ուժ, որն անընդհատ պրոցեսների մեջ է, անսխալական լինել»:

Ո՞րն է եղել ՀՅԴ-ի սխալը, սխա՞լ եք եղել, որ Սերժ Սարգսյանին կողմ եք քվեարկել, Ռուզաննա Առաքելյանը պատասխանեց. «Գուցե մենք պիտի ուղղակի, որպես կոալիցիոն գործընկերներ, մի շարք բանակցություններ մեզ վրա վերցնեինք, որպեսզի մի այլ թեկնածուի մեջտեղ բերեինք: Գուցե եւ դա, գուցե եւ այն ժամանակ, երբ մենք լուրջ տարաձայնություններ նաեւ ունեինք տնտեսության նվազ զարգացման խնդիրներում, գուցե այդ ժամանակ որպես ընդդիմություն մենք շատ ավելի գործ անեինք: Գուցեները շատ են, բայց ես սկզբունքն եմ կարեւորում: Ուզում եմ, որ չկառչեք նրանից, որ կոալիցիա մտան-դուրս եկան, որովհետեւ շատ նաիվ է սա: ՀՅԴ-ի նման կուսակցությունը չի կարող չպատճառաբանել իր՝ կոալիցիա կամ ընդդիմություն լինելը»:

Ռուզաննա Առաքելյանն ասաց, որ հանդիպումների ժամանակ տեսնում են, որ հասարակության մի շերտ կա, որն իր հույսը ՀՅԴ-ի հետ է կապում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» , 

21.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկազ says:

    մեր նորելուկ քաղաքան մարդիկկարծում են եթէ ամեն մի հարցի դիմաց մի ինչ որ զարտուղի պատասխան գտնեն այդպիսով կը փակեն հարցը իսկ եթէ հարցնողը չի բաւարարւի դա իր գիտնալիքն է կարեւորը կարողացել է քաղաքական ճկունութեամբ փախուստ տալ հարցի էութիւնից
    վերի հարցատրումը այդպիսի պատկերցում է տալիս

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930