Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Կարեն Առստամյանը դատապարտվել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և դատարանը սահմանել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով:
Իսկ Ալեքսանդր Հայրապետյանը դատավճռով ազատազրկվել է 3 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվի. դատարանը սահմանել է փորձաշրջան 1 տարի ժամկետով: Երկու ամբաստանյալների նկատմամբ այս պահին «գործող» խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:
Նշենք, որ դատական քննությունը նշանակվել է պաշտպանության բանակի N զորամասում՝ արագացված կարգով:
Իննամյա կրթությամբ Կարեն Առստամյանն աշխատել է «Հայր և որդի Գասպարյաններ» ՍՊ ընկերությունում, որպես առաքիչ: Նա այս՝ 2017 թվականի հուլիսի 28-ին հարուցված քրեական գործով արգելանքի տակ է գտնվել 2017թ. նոյեմբերի 30-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 3-ը:
Իսկ բարձրագույն կրթությամբ Ալեքսանդրն աշխատել է ԱՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմում` որպես վարչատեխնիկական սպասարկման բաժնի վարորդ:
Քրեական գործը դատարան էր ուղարկվել 2018 թվականի մարտի 12-ին:
Կարեն Առստամյանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, «նա 2011-2017 թվականներին ծառայելով զինված ուժերում, 2015 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2016 թվականի հունիսի 18-ը պայմանագրային հիմունքներով ծառայելով ՊԲ զորամասերից մեկի նյութաապահովման վաշտում, որպես ճաշարանի պետ-խոհարար-հրահանգիչ, կոչումով ենթասպա, 2016 թվականի ապրիլի 2-ին` ժամը 19:30-ի սահմաններում, բաց վիճակում գտնվող դռնով մուտք է գործել զորամաս՝ հրազեն հանդիսացող ինքնաձիգ ու փամփուշտներ վերցրել այնտեղից:
Խոսքը պարետային դասակի, տանկային և ինժեներասակրավորային վաշտերի տեղակայման դասակի ապահովման ջոկի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Բ.-ի հրամանատարի հրամանով ամրակցված, հրազեն հանդիսացող 1974 թվականի գործարանային արտադրության, 7.62մմ տրամաչափի, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի և թվով 2 հատ պահեստատուփերի` լիցքավորված ռազմամթերք հանդիսացող, թվով 53 հատ, 7.62մմ տրամաչափի, 1943 թվականի նմուշի մարտական փամփուշտների մասին էր, որն ապօրինի պահել է իր մոտ, ապա իր «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենայով փոխադրել է Ստեփանակերտ և նվիրել Ալեքսանդր Հայրապետյանին»:
Վերջինիս մեղադրել են, որ նա Ստեփանակերտում հանդիպելով պայմանագրային զինծառայող, ենթասպա Կարեն Առստամյանի հետ, նրանից «ապօրինի կերպով» ձեռք է բերել 1974 թվականի գործարանային արտադրության, 7.62մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող, թվով 53 հատ, 7.62մմ տրամաչափի, 1943 թվականի նմուշի մարտական փամփուշտներ: Ի դեպ, ըստ գործի նյութերի, ԱԳՆ աշխատակիցը դրանք 2016 թվականի մայիսից մինչև 2017 թվականի հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում հողում է թաղել, իր բնակության առանձնատան հարակից հողամասում:
Դատական գործընթացը դեռ չսկսված, ամբաստանյալները միջնորդել էին, որպեսզի դատական քննությունն անցկացվի արագացված կարգով: Նրանք իրենց լիովին մեղավոր էին ճանաչել, եւ հայտնել էին, որ գիտակցում են «արագացված կարգով դատական քննություն անցկացնելու բնույթը և հետևանքները»:
Սակայն դատավճռի դեմ բողոք է բերել մեղադրանքի կողմը, միջնորդելով պատժաչափի մասով բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ պայմանական կիրառումը վերացնել:
Դատարանը իրավական գնահատականների մեջ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Կ. Առստամյանի վերաբերյալ զորամասերի հրամանատարությունը տվել է բացասական, իսկ բնակության, աշխատանքի վայրերից, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի կողմից դրական բնութագրեր: Դատարանը նրա պատիժը մեղմացնող հանգամանք էր դիտել այն, որ առաքիչի խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխաներ են ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Դատարանը փորձաշրջան նշանակելով, հաշվի էր առել նաեւ այն, որ Կարենը չի խուսափել քննությունից, դատից. «Նրա ուղղվելը հնարավոր է առանց նրա կողմից ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու»:
Ալեքսանդր Հայրապետյանի անձը բնութագրվել է դրական, նախկինում նա արատավորված չի եղել, այն է՝ դատապարտված չի եղել:
Ալեքսանդրի խնամքին էլ մինչև 14 տարեկան երեք երեխաներ էին, եւ նա կատարվածի համար զղջացել էր:
Ի դեպ, առգրավված զինամթերքը դատարանի վճռով հանձնվել է զորամասին` ի տնօրինություն:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» ,
21.11.2018