Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայրիկ Մուրադյանի գիրքը երաշխավորվել է որպես հանրակրթական դպրոցի ուսումնական նյութ

Նոյեմբեր 22,2018 14:00

Մեր իրականությունում հիմնականում զավակներն են հիշեցնում իրենց համբավավոր ծնողների, հարազատների թողած մշակութային ծանրակշիռ ժառանգության մասին: Օրերս էլ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացվող երգիչ, բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի երգերի ուսուցման դաս-համերգը այդ առումով բացառություն չէր:

Կազմակերպիչներն էին համերգասրահի տնօրինությունը եւ «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է ջութակահար, Պորտուգալիայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Նարինե Դելլալյանը՝ Հայրիկի թոռան՝ ճանաչված թավջութակահար, Պորտուգալիայի «Գյուլբենկյան» նվագախմբի մենակատար Լեւոն Մուրադյանի տիկինը: «Առավոտը» քանիցս ներկայացրել է այս երաժիշտների արտասահմանյան եւ հայաստանյան ստեղծագործական գործունեությունը: Հիշեցնենք, որ 1990-ականների սկզբներից Պորտուգալիայում հաստատվելուց հետո նրանք հիմնել են վաղամեռիկ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի անվան դաշնամուրային տրիոն, որի կազմում է նաեւ դաշնակահար Մարինա Դելլալյանը: Տրիոն համերգներով հանդես է եկել Երեւանում, Գյումրիում: Մայիսին անցկացվող համահայկական սիմֆոնիկ նվագախմբի կազմում հրավիրյալ երաժիշտների թվում էին նաեւ Նարինե Դելլալյանը եւ որդին՝ Հայրիկի ծոռը՝ ջութակահար Հարություն Մուրադյանը:

«Հայրիկ Մուրադյան» հ/կ-ն իրականացրել է «Հայրիկ Մուրադյանի հուշերը» գրքի տպագրությունը, թողարկել 2 CD, նրանց նախաձեռնությամբ Երեւանի փողոցներից մեկն անվանակոչվել է Հայրիկ Մուրադյանի անունով:

1980թ. երաժշտագետ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալինա Փահլեւանյանը իր «Հայրենի երգեր» գրքում մեկտեղեց Հայրիկի 150 երգերը, նոտագրությամբ ու բացատրական բառարանով: 2018թ. այն վերահրատարակվեց երրորդ անգամ: Ամեն տարի մայիսի 3-ին՝ Հայրիկի ծննդյան օրը (այս տարի լրացավ նրա 113-ամյակը), զավակների նախաձեռնությամբ, Հայրիկի եւ նրա դստեր՝ Մարո Մուրադյանի կողմից 1980-ին հիմնած «Ակունք» եւ այլ ազգագրական անսամբլների ու անհատ կատարողների մասնակցությամբ կազմակերպվում են մուրադյանական երգերից կազմված հուշ-երեկոներ: Հավելենք նաեւ, որ Ազգային ռադիոյի ձայնադարանում է Հայրիկի մեկնաբանմամբ շուրջ 200 երգ: Նրա մատուցմամբ երկու երգ էլ ժամանակին տեղ են գտել Փարիզում հրատարակված «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորը» 4 CD-ներից առաջինում:

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած դաս-համերգը անցկացվում էր «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրով՝ «Աստղիկներ» մանկական երգչախմբի մասնակցությամբ: ԿԳ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անուշ Բալյանը ներկայացրեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանը, ըստ որի՝ «Հայրիկ Մուրադյան» հ/կ ներկայացրած «Հայրենի երգեր» գիրքը երաշխավորել որպես հանրակրթական դպրոցի ուսումնական նյութ: Նարինե Դելլալյանն էլ ասաց. «Երջանիկ եմ, կատարվեց Հայրիկի պատգամը: Ի պատասխան նամակիս, որով առաջարկել էի նրա երգերից կազմված ժողովածուն դասավանդել դպրոցներում, այլեւս իրականություն է: Սա մեծ հաղթանակ է: Դրա մասին Հայրիկ Մուրադյանը երազել էր ողջ կյանքում»:

Նշենք, որ դպրոցականներով լեփ-լեցուն համերգասրահը իսկույն արձագանքում էր երգուսույց Ալեքսան Հարությունյանի ու «Աստղիկներ» երգչախմբի կատարումներին, դրանք փոխանցվում էին հենց ակունքի մաքրությամբ, ինչը բնական էր, քանի որ երգուսույցը Հայրիկ Մուրադյանի սանն է եւ «Ակունքի» մեներգիչներից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» , 

21.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Իվանյան says:

    Լուսանկար -Ազդագրում
    ԱՍՏՂԻԿ անվան փոխարեն կարդալ
    ԱՍՏՂԻԿՆԵՐ
    մանկական երգչախումբ
    Գեղարվեստական ղեկավար՝ Լիլիթ Դանիելյան
    Երգուսույց՝ Ալեքսան Հարությունյան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930