Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծրագրերը կընդլայնվեն, եթե գումարները շատ լինեն»

Նոյեմբեր 22,2018 13:30

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լոս Անջելեսում իրականացվող ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կրելու է «Եկեք արարենք միասին» խորագիրը: Այն կկայանա նոյեմբերի 22-ին:

Իրականացված աշխատանքների, «Հեռուստամարաթոն-2018»-ին ներկայացվող ծրագրերի և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:

– Պարոն Արշամյան, «Հեռուստամարաթոն-2018»-ին ընդառաջ արդեն կատարվել են առաջին նվիրատվությունները: Հետաքրքիր է, այս ընթացքում եղե՞լ են նոր նվիրատվություններ:

– Նախ նշեմ, որ հիմնադրամը Unibank Amenia ընկերության կողմից արդեն ստացել է առաջին խոշոր նվիրատվությունը՝ 15 միլիոն դրամի չափով: Իսկ Տորոնտոյի տեղական մարմինն այս տարվա բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար (1 մլն ամերիկյան դոլար):

Նվիրատվություններ, իհարկե, լինում են, սակայն գումարների մասին հիմնականում հայտարարվում է հեռուստամարաթոնի ժամանակ: Այս ընթացքում գտնվում էի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, որտեղ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել բարերարների հետ: Խոսել ենք Հայաստանում և Արցախում իրականացվելիք տարբեր ծրագրերի մասին: Վստահ եմ, որ այս տարվա հեռուստամարաթոնին չենք սահմանափակվելու միայն արևային ջրատաքացուցիչների տեղադրման և խորքային հորերի հորատման ծրագրերով: Այս տարվա գումարները փորձելու ենք ուղղել նաև կրթության, մշակույթի և այլ տարբեր ոլորտների, որոնք նույնպես հոգածության կարիք ունեն:

– «Հեռուստամարաթոն-2018»-ի հանգանակված գումարով կընդլայնվե՞ն սկսված ծրագրերը, և հստակեցվե՞լ են, արդյոք, 2019-ին մեկնարկելիք նոր նախագծերը:

– Ծրագրերի ընդլայնումը կապված է հավաքվող գումարների հետ: Ինչքան գումարները շատ լինեն, բնականաբար, ծրագրերն այնքան կընդլայնվեն՝ հատկապես ոռոգման ջրի՝ խորքային հորերի առումով:

Առաջին հերթին պետք է ուսումնասիրություն և կարիքների գնահատում կատարվի՝ հասկանալու, թե առաջնահերթ որ համայնքներն ունեն խորքային հորերի հորատման և կաթիլային համակարգի ներդրման անհրաժեշտություն: Ինչ վերաբերում է հիմնադրամի կողմից գալիք տարում մեկնարկելիք ծրագրերին, ապա նշեմ, որ հարցը դեռևս պետք է քննարկվի Արցախի Հանրապետության կառավարության հետ, որն առաջնահերթ է համարում Արցախում ամբողջական ջրամատակարարման խնդիրը, քանի որ կան անհրաժեշտ պայմաններ հողային տարածքները մշակելու համար, սակայն ջրի խնդիր կա:

– 2017 թվականին քանի՞ խորքային հոր է հորատվել և քանի՞ արևային ջրատաքացուցիչ տեղադրվել:

– Նախատեսված էր կառուցել 18 խորքային հոր: Այս պահին պետք է խոսենք 14-ի մասին, քանի որ մի քանիսում ջուր չի հայտնաբերվել:

Խորքային հորերի հորատումը ինքնին միայն գործընթաց չէ: Չնայած գեոդեզիական նախնական հետազոտություններ են կատարվել և կան հին քարտեզներ, որոնց օգնությամբ մոտավոր պարզվում է ջրի տեղը, սակայն տարիների ընթացքում այդ ամենը փոփոխվում է, և առանձին դեպքերում ջուրը նախատեսվածից կամ շատ, կամ քիչ է լինում: 2017 թվականը ծրագրի համար կարելի է անվանել պիլոտային: Այսինքն՝ այն կրում էր փորձնական բնույթ: Այս ընթացքում մասնագետները և շինարարները ավելի են հմտացել: Հուսանք՝ 2019-ին ավելի լայն թափ կստանան խորքային հորերի հորատման աշխատանքները:

Անդրադառնալով արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը, ապա նշեմ, որ Շուշիի շրջանի Քարինտակ համայնքում ներկայումս համակարգերը տեղադրված են 60 տներում: Սակայն աշխատանքներն այնտեղ դեռևս շարունակվում են: Եվ պետք է նշեմ, որ ծրագիրը հաջողված է:

– Վերջերս Արցախ կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը՝ նշելով, որ կանի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործադիր նոր տնօրենի գլխավորությամբ կառույցը մշակի ծրագիր, որի շնորհիվ էլ հիմնադրամի աշխատանքները կհասցվեն ավելի բարձր մակարդակի: Այդ առումով կա՞ նկատելի առաջընթաց:

– Այո, ծրագիրը գտնվում է մշակման փուլում: Մինչև հեռուստամարաթոնը պետք է հասցնենք ծրագրի նախնական տարբերակը ունենալ: Արդեն կան գաղափարներ և որոշակի պատկերացումներ: Մնում է միայն հանձնել թղթին:

– Եվ վերջում, ինչպիսի՞ սպասելիքներ ունեք այս տարվա Հեռուստամարաթոնից:

– Ակնկալիքներս մեծ են, բայց կարծում եմ դեռ պետք է սպասել: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ է լինելու:

Զրուցեց ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Լուսանկարը՝ Հայկակ Արշամյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ»,

 21.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930