Օրեր առաջ հայրենի Ալավերդի քաղաքում էի: Կանգնել էի մետալուրգիական կոմբինատին դեմ դիմաց ու անսովոր էր, որ հանրահայտ ծխնելույզը այլևս չէր ծխում: Քաղաքի օդը ու շուրջբոլորը մաքուր էր, պարզ ու ջինջ: Թվում էր, թե այս բոլորը միայն պետք է ուրախություն ու գոհունակություն բերեր: Բայց իմ հանդիպումները իմ համաքաղաքացիների հետ տագնապներ բերեցին, որովհետև դա այսօր նշանակում է շուրջ 700 մարդու գործազրկություն` իր բոլոր հետևանքներով և այն անորոշությամբ, որը դժվարություններ է բերելու բոլորի համար: Մի մասը արդեն չեն հավատում քաղաքի ապագային` իրավիճակից ելքը համարելով արտագաղթը:
Բարեբախտաբար, բնակչության մի հաստատուն մասը դեռ հույս ունի, որ Ալավերդում երբեք չի մարի մետաղի ձուլման կրակը, իսկ դրա հետ մեկտեղ այստեղ լուծում կստանան բնապահպանական խնդիրները: Երբ զրուցում էի մարդկանց հետ, աչքերիս առաջ էր Համբուրգի համանման գործարանը, ուր առիթ եմ ունեցել լինելու տարիներ առաջ ու տեսնելու, թե ինչպես են աշխատում մետալուրգիական արտադրությունները: Ոչ մի ծուխ, ոչ մի գազ, կարծես սովորական մեխանիկական գործարան լիներ: Ես այն ժամանակ ԱԺ պատգամավոր էի, պայմավորվել էինք և հանդիպեցինք գործարանի ղեկավարության հետ: Նրանք սիրով ցույց տվեցին ողջ արտադրական շղթան, պատասխանեցին մեր հարցերին և ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ Ալավերդու փրկությունը նոր գործարանի կառուցումն է և ժամանակակից արտադրության գործարկումը: Իսկ այն ժամանակ, երկարատև դադարից հետո նոր-նոր էր Ալավերդում վերականգնվում սև պղնձի արտադրությունը` առանց պղնձի ռաֆինացման` դառնալով բնապահպանական դամոկլյան սուր քաղաքի և շրջակա բնակավայրերի համար: Հետագայում արտադրության ծավալների ավելացման հետ մեկտեղ խնդիրը գնալով ավելի ու ավելի էր սրվում` առանձին օրերին պատուհաս դառնալով ողջ մարդկային և բնական միջավայրի գլխին: Նույն խնդիրը ավելի է սրացել արտադրության զարգացման հետ կապված: Հեռու չգնամ, վերջերս էր՝ հոկտեմբերի 4-ին, թե 5-ին. բացօթյա գեղանկարչության միջազգային փառատոնի օրերին տարբեր երկրներից եկած նկարիչների հետ բարձրացել էինք Լալվարի փեշերը` Աքորի գյուղի ուղղությամբ: Երբ քամիները փչեցին, քշեցին ծուխը դեպի սարը ու ողջ ձորը, սարահարթը պատեցին ծխամպով: Այս ամենը նկարիչների համար անսովոր էր, քանի որ տևական ժամանակ անհնարին դարձավ ոչ միայն ստեղծագործելը, այլև անգամ այդ գեղատեսիլ բնությամբ հիանալը: Այդ ժամանակ մնում էր արդարանալ հյուրերի առջև, և սպասել, որ նույն քամիները ձորը և մոտակա գեղատեսիլ սարահարթը կբացեն ծխամպերից և հնարավորություն կտան իսկապես հիանալ բնության այս գողտրիկ անկյան հրաշալիքներով: Այդ պահին փորձեցի երազել, որ մի օր Ալավերդում նոր ու ժամանակակից արտադրություն կկառուցվի ու մենք էլ Համբուրգի նման մի ժամանակակից գործարան կունենանք: Գիտեմ նաև, որ կոմբինատի վերագործարկումից սկսած միշտ օրակարգում է եղել նոր գործարան կառուցելու նպատակը: Բայց դրա իրականացման համար միշտ խանգարող որևէ բան է եղել:
Եվ վերջապես հրապարակ եկավ հայ-չինական համատեղ արտադրություն հիմնելու նոր ծրագիրը, որը կարծես լույսի շող է դառնալու և միակ փրկօղակը խնդրի լուծման գործում: Բայց կարծես այստեղ էլ ինչ-որ բան դեռևս այնպես չի ստացվում: Այս պայմաններում ալավերդցիների գլխին իրար հետևից ոչ բարի լուրեր և իրադարձություններ են թափվում: Նախ համապատասխան տեսչությունը տուգանեց կոմբինատին` բնությունը աղտոտելու համար, հետո դրան արձագանքելով՝ կոմբինատի ղեկավարությունը իր հակաքայլը կատարեց ու հայտարարեց ձեռնարկությունը փակելու մասին: Հետո հապշտապ ժողովուրդը դուրս եկավ ցույցերի, մի քանի օր անց էլ ականջալուր եղավ կոմբինատի տերերի և կառավարության ներկայացուցիչների բանակցություներին և հայտարարություններին, այդպես էլ չհասկանալով, թե ինչ որոշում են կայացրել կամ ինչ համաձայնության են եկել:
Այս իրավիճակում երևի լուծումը մեկն է` հայ-չինական գործարանի կառուցումը` հաղթահարով այն դժվարությունները, որոնք կան քննարկումներում, գուցե և բանակցային գործընթացում` օրենսդրական և ենթաօրենսդրական լուծումների տեսքով: Գաղտնիք չէ, որ Չինաստանը բարեկամ երկիր է, և պարբերաբար տեսնում ենք այն դրական քայլերը, որ իրականացվում է Հայաստանում (չինական դպրոց, շտապօգնության մեքենաներ և այլն): Բայց դա մարդասիրական, գուցե և եղբայրական օգնություն և աջակցություն է: Դա էլ է կարևոր, բայց վաղուց ներդրումներ են պետք, ինչը Չինաստանը վերջին տարիներին ակտիվորեն իրականացնում է հարևան երկու երկրներում` Վրաստանում և Ադրբեջանում: Նման արդյունքի հասնելու բոլոր նախադրյալները կան, նաև Հայաստանում, որի համար ուղղակի նպատակային մոտեցումներ է պետք ունենալ, և առաջին հուսադրող քայլը կատարել, դա փոխվստահության և ապագային միտված ծրագրեր պետք է լինեն: Իսկ նման դեպքերում առաջին հաջող քայլին հաջորդում են մյուսները: Հիշենք նաև, թե մետաքսի ճանապարհը որքան օգտակար է եղել Հայաստանի համար, և այդ ավանդույթները գուցե պետք է վերականգնել այսօր նորովի: Մանավանդ, որ դրա առաջին ու հաջող փորձը կա՝ ի դեմս Չինաստանում գտնվող «Շանսի-Նաիրիտ» գործարանի: Ու հենց այդ «Շանսի-Նաիրիտ»-ի փորձով կարելի է կառուցել նոր մետալուրգիական գործարան, վերակենդանացնել երևանյան «Նաիրիտը»:
Համոզված եմ, որ նախընտրական այս օրերին Ալավերդի գնացող-եկողները շատ խոստումներ կտան իմ համերկարցիներին՝ նախևառաջ կորուսյալ աշխատատեղերը վերականգնելու առումով: Ես դրան կգումարեի մետալուրգիական նոր գործարանի ծրագիրը, որ ալավերդցիները չտառապեին այսօրվա անորոշությամբ ու ենթադրություններով, այլ կոնկրետ ու հստակ տեղեկատվություն ունենային իրենց ապագայի մասին ու չխորացնեին այն հուսախաբությունը, որ այսօր գնալով ավելի ու ավելի է խորանում քաղաքի` բնակչության շրջանում:
Այդ փորձությունը պետք է հաղթահարել, ոչ թե անորոշ և ընդհանուր մեկնաբանություններ տալով, այլև կոնկրետ և առարկայական քայլեր նշելով: Զարգացումներ և առաջընթաց ակնկալող երկիրը, որ ամեն տարի հազարավոր տոննաներով հանքաքար է արդյունահանում, չի կարող մնալ միայն հումք արտահանող: Ժամանակն է, որ Հայաստանում արդյունահանվողը հենց երկրում արտադրանք դառնա, տվյալ դեպքում պղնձե իրերից մինչև մալուխ: Իսկ դրա համար հենց Ալավերդի քաղաքում կան բոլոր նախադրյալները:
Այս օրերին ողջ քաղաքը տագնապներ է ապրում, ինչպիսին կլինի իրենց ապագան` գործազրկության ճիրաններում, արտագաղթի ճանապարհներին, թե, այնուամենայնիվ, իմաստությունը կհաղթի և Ալավերդին նորովի կշարունակի մնալ մետալուրգիական քաղաք: Դրա համար պետք է մեկտեղել բոլորի ջանքերը, առաջին հերթին կառավարության, ով հստակ զարգացումներ պետք է տեսնի այստեղ և որոշումներ կայացնի, հետո փակված ձեռնարկության ղեկավարության, ովքեր պետք է հասկանան և ճկուն գործեն հանուն նոր գործարանի կայացման, եթե հարկ լինի ստորադասել նաև սեփական բիզնես շահերը: Եվ բոլոր նրանք, ովքեր այս առումով քարը քարի վրա կարող են դնել, իրենց ջանքերը պետք է մեկտեղեն և բազմապատկեն: Ալավերդին ոչ թե պետք է կորցնի իր երբեմնի փառքը, այլ նորովի զարգացնի մետալուրգիական քաղաքի հեռանկարները: Չէ՞ որ 300 տարի շարունակ այստեղ անդադար պղինձ է ձուլվել, ուրեմն այն պետք է շարունակվի, մանավանդ կշեռքին դրված են կարևոր գործոններ` բնակավայրի լինելիությունից մինչև զարգացման հեռանկարներ:
ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆսոր
«Առավոտ» ,
21.11.2018