Նոյեմբերի 1-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը որոշում է ընդունել նոյեմբերի 1-ից լուծել Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Վորոշիլովի Հակոբյանի հետ 2014թ. դեկտեմբերի 20-ին կնքված աշխատանքային պայմանագիրը, մինչեւ մրցույթով այդ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Լ. Հակոբյանին նշանակել այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ Լարիսա Հակոբյանը կենսաթոշակային տարիքի է , այդ պատճառով է լուծվել նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Նա ասաց, որ Ազատամուտի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է անցկացվելու, այն կկայանա դեկտեմբեր ամսին:
Լ. Հակոբյանը ակտիվորեն մասնակցում էր Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներին, Ազատամուտի դպրոցում դասադուլներ էին տեղի ունենում: Նա այդ հանրահավաքների ժամանակ բարձրախոսով համայնքի ղեկավարի դեմ ելույթներ էր ունենում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ