Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Եթե ներսից ներդրում չի լինում, դրսից չի գա»

Նոյեմբեր 21,2018 21:00

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա 10 ամիսների ընթացիկ-օպերատիվ ամփոփ տվյալները: Ըստ այդմ, հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6%, իսկ այս տարվա հոկտեմբերը նախորդ հոկտեմբերի համեմատ՝ 3%:

Ծառայությունների ոլորտի աճն այս 10 ամիսներին կազմել է 18.5%, նույն ոլորտի այս տարվա հոկտեմբերի աճը նախորդի համեմատ կազմել է 16.6%:

Առեւտրի շրջանառության աճը 10 ամիսներին կազմել է 9.6%, շինարարությունը՝ 6.5%, արդյունաբերությունը՝ 4.5%: Այս տարվա հոկտեմբերին նախորդի համեմատ առեւտրաշրջանառության աճը կազմել է 5.8%, շինարարությունը՝ 0.4%, արդյունաբերությունը՝ 8.1%:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը անկում է գրանցել՝ հունվար-հոկտեմբերին՝ 8.1%, ) իսկ հոկտեմբերը՝ հոկտեմբերի համեմատ՝ 22,1%:

Արտաքին առեւտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 20.7%, իսկ այս տարվա հոկտեմբերին նախորդի համեմատ աճը կազմել է 11.4%:

Այս տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումը գերազանցել է ներմուծմանը, ըստ այդմ՝ արտահանման աճը կազմել է 12.1%, ներմուծմանը` 11%: Այս ցուցանիշն ապահովել են հիմնականում ծխախոտի ու թեթեւ արդյունաբերության արտահանումը:

Արդյոք ՀՀ տնտեսությունը տրանսֆորմացվում է, ինչպես կառավարության ներկայացուցիչներն են պնդում: Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան էլ հայտարարեց՝ խաղադրույքային տնտեսությունից անցնում ենք արդյունաբերական տնտեսությանը: Թեեւ, հանքարդյունաբերության ոլորտում տեւական ժամանակ է խնդիրներ կան. այս մասին Փաշինյանն էլ է ասել:

«Ինչո՞ւ ենք խուսափում ծառայությունների ոլորտից, որը հիմա կազմում է 51%` ՀՆԱ-ի` համախառն ներքին արդյունքի մեջ: Սրա մեջ է նաեւ խաղադրույքային ոլորտը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ պետք չէ բացասական գնահատական տալ այդ ոլորտին. «Ինչո՞ւ ենք մի քիչ այլ աչքով նայում: Այո, ես միանում եմ այն կարծիքին, որ տեսնում ենք, շատ մարդկանց դժբախտության պատճառ է դառնում, բայց դրա կողքին կա այս բիզնեսի մի ուրիշ մաս, որը հիմնական գումարն է բերում, եւ այն կապված է դրսի հետ: Այսինքն՝ արտահանում է իր ծառայությունները, որովհետեւ այն ծավալները, որոնք ապահովում է այս 10 ամսվա մեջ, առաջին անգամ իր ծավալներով անցել է ֆինանսական ծառայությունների ծավալներից: Նման բան Հայաստանի պատմության մեջ չի եղել»:

Խաչատրյանը նկատեց՝ պետք չէ շտապել բացասական գնահատական տալ այդ ոլորտին, պարզապես պետք է հասկանալ այս բնագավառի ամբողջ կառուցվածքն ինչպիսին է, որքանով է կապված խաղամոլության հետ. «Եվ 2-րդը՝ եթե խնդիր կա, միգուցե պետք է այլ գործիքներով այդ խնդիրը լուծել: Օրինակ՝ Հարկային նոր օրենսգրքով շահումները պետք հարկել, գուցե խաղատներ այցելության որոշ սահմանափակումներ լինեն տարիքային, ինչպես ամբողջ աշխարհում է: Այսինքն՝ այսպես սեւացնել պետք չէ»:

Ինչ վերաբերում է այլ ցուցանիշներին, օրինակ՝ գյուղատնտեսության անկմանը, ապա Խաչատրյանի խոսքով ասած՝ մի կարեւոր հանգամանք կա՝ հավաստիությունը. «Գիտենք, որ նախկինում թվերի հետ խաղեր են եղել հատկապես գյուղատնտեսության եւ արտահանման ցուցանիշների դեպքում: Այդ մեծ թվերը նկարել են, հիմա երբ այդ մեծ թվերի ֆոնին սկսում են հավաստի տեղեկություններ հավաքել, ներկայացնել, պարզ է, որ պատկերը շատ ավելի վատ է լինելու: Այնպես որ, այս իմաստով, ես չեմ շտապի գնահատական տալ ՏԱՑ-ի՝ 6% կամ 3%-ին: Ես սպասում եմ մաքրվի, եւ հույս ունեմ կմաքրվի, տնտեսության իրական պատկերը եւ համեմատելի թվերը կստանանք, ապա գնահատական կտանք»:

ՀՀ տնտեսության կառուցվածքի փոփոխության մասին, ըստ Խաչատրյանի, վաղ է խոսել, պետք է տարին ամփոփվի, բայց նույնիսկ այդ դեպքում էլ վերջանական պատկեր չի լինի: Խաչատրյանի կարծիքով՝ այս նոր կառավարության 6 ամիսը հազիվ է լրացել, նոր գործիքակազմ էլ դեռ չկա. «Բայց կարեւոր է գնահատել հակակոռուպցիոն գործընթացների ազդեցությունը՝ որքան ստվերից դուրս եկավ, բյուջեն որքան ավելացավ, տեսնենք տնտեսությունում, որտեղ արտահայտվեց: Մանրածախ առեւտրում էական փոփոխության հիմք չենք տեսնում»:

Խաչատրյանն ասաց, որ այս օպերատիվ տվյալներն իրեն չեն անհանգստացնում կամ բավարարում, իսկ արդյունաբերության խնդիրները ֆորսմաժորային իրավիճակների հետ են կապված: Տնտեսագետը նշեց՝ «Արմենալը», Ամուլսարը, Թեղուտը, Ալավերդու պղնձաձուլարանը. «Կառավարությունը պետք է փորձի լուծումներ տալ այս խնդիրներին, քանի որ դրանք առաջացել են կառավարության միջամտությամբ: Ստուգումներ են իրականացրել Ամուլսարում, Ալավերդու պղնձաձուլարանում…սա ես ողջունում եմ»:

Տնտեսագետը նկատեց՝ մի ֆունդամենտալ խնդիր կա՝ հայտարարում են պետք է ունենանք բարձր տեխնոլոգիաներով գյուղատնտեսություն. «Ես չեմ ուզում նման ուղղություններ նշել, ես կուզեմ մենք ունենանք բարձր որակ ունեցող ծառայություն, այնպիսի տնտեսություն, որը հնարավորություն ունենա օգտվել համաշխարհային տեխնոլոգիական ձեռքբերումներից, եւ, թե այդ պայմաններում գյուղատնտեսությունը, թե արդյունաբերությունը կզարգանա, դա երկրորդական է»: Ըստ Խաչատրյանի, ինչ-որ ոլորտ առանձնացնել պետք չէ, լավ կլինի, նույնիսկ իդեալական, եթե ամբողջ տնտեսությունը հիմնվի բարձր տեխնոլոգիաների վրա. «Ուզում եմ ասել անունները կարեւոր չեն, ավելի իրական գնահատենք հնարավորություններն ու մոտեցումները՝ թե՛ մոտակա, եւ թե՛ հեռավոր ժամանակահատվածով: Բիզնեսն իր կանոններն ունի՝ ամենահարմար ու լավ տեղն է գնում, եթե չի գալիս՝ մի բան այն չէ: Հիմա անկայուն քաղաքական իրավիճակ է: Բայց եթե ներսից ներդրում չի լինում, դրսից չի գա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930