«Մենք տասնամյակներ շարունակ հավատքի, ընտանիքի ինստիտուտներ ենք ունեցել, որոնք եղել են մեր ազգի պահպանման կարևորագույն գործոնները, և այս պարագայում սրանց կպնելը ես համարում եմ վտանգավոր երևույթ, առավել ևս՝ հասկանում եմ, որ դրամաշնորհներ են ստացել և հիմա պարտադրանք կա փչացնել երկիրը», ասում է Վարդան Բոստանջյանը:
Այսօր «Հայելի» մամուլի ակումբում hայոց կաթողիկոսի հատուկ պաշտպանության վերաբերյալ նախագծի մերժմանն, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի գործունեությանն են անդրադարձել քաղաքական գործիչներ Վարդան Բոստանջյանն ու Գուրգեն Եղիազարյանը:
Բոստանջյանը հիշում է, որ դեռ պատգամավոր եղած ժամանակ ասում էր, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը ևս պարտադրված է եղել. «Ընդհանուր առմամբ հասկանում եմ, որ աշխարհում ընթացող զարգացումներին դժվար է դիմակայելը, բայց մենք` որպես փոքր պետություն պահպանվելու համար, կարևորագույն ինստիտուտը մեր արժեքների պահպանումն է»:
Խոսելով վեհափառի ինստիտուտի մասին` Բոստանջյանը ասում է. «Դա անձի ինստիտուտ չէ, դա պետության ինստիտուտ է»:
Ըստ Գուրգեն Եղիազարյանի` մեր կաթողիկոսը ինչպես միշտ գտնվել է իր բարձունքի վրա և մեր եկեղեցին նույնասեռականների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ: Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ այդպիսով կաթողիկոսը իրեն գցել է կրակը, որովհետև, այնուամենայնիվ, այն ուժերը, որոնք դրամաշնորհներով այստեղ գործողություններ են կատարում, միևնույն է, կանցնեն նոր գործողությունների:
Եղիազարյանը ողջունեց նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որ ոստիկանությունը փորձում է կանխել նման ոտնձգությունները հայ առաքելական եկեղեցու և վեհափառի նկատմամբ:
Եղիազարյանը հույս հայտնեց, որ Էջմիածնում կստեղծվի այդ բռունցքը, որը ոստիկանության հետ կողք կողքի թույլ չեն տա, որ «երկու- երեք տասնյակ սրիկա» շարունակեն իրենց երթերը դեպի սուրբ Էջմիածին:
Մանե ԳԱՍՊԱՐՅԱՆ