Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգերազանցելի է Օհանջի գրիչը, որովհետև նա միշտ նոր է». Կայացել է Կարեն Օհանջանյանի գրքերի շնորհանդեսը. «Արցախ» TV

Նոյեմբեր 21,2018 19:33

Արցախյան շարժման ակտիվ մասնակից, տարբեր միջազգային կազմակերպությունների անդամ, մարդու իրավունքների թեմայով բազմաթիվ հոդվածների հեղինակ, խաղաղության միջեկեղեցական խորհրդի միջազգային մրցանակակիր, Միջազգային հարաբերությունների բրյուսելյան ինստիտուտի դափնեկիր` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված տարբեր նախագծերի հեղինակ Կարեն Օհանջանյանը`ավանդույթի ուժով` իր նոր գրքերի շնորհանդեսը նախ կազմակերպում է Երևանում, ապա` Ստեփանակերտում:

Կարեն Օհանջի առաջին գիրքը «Անկոտրում պահիր ոգիդ, հայ մարդ» վերնագրով` ընթերցողների դատին ներկայացվել էր վեց ամիս առաջ: Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում կայացավ Կարեն Օհանջանյանի «Առաջ` դեպի նոր կյանք» և «Քեզ սիրելու համար մի կյանքն էլ բավարար չէ» նոր գրքերի շնորհանդեսը, որտեղ ներկայացված են բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ և պիեսներ: Գրքերի արցախյան շնորհանդեսի և ստեղծագործական նոր ծրագրերի մասին է նաև պատմել:

«Առաջ`դեպի նոր կյանք» և «Քեզ սիրելու համար` մի կյանքն էլ բավարար չէ» գրքերը Կարեն Օհանջի բազմաբովանդակ ստեղծագործական միտքն են ամբողջացնում`վիպակ, պիեսներ, դետեկտիվ պատմվածքներ ու ազատ չափի բանաստեղծություններ, որոնք հեղինակը տպագրել է անձնական միջոցներով` Հրատարակիչը Էդիտ Պրինտ ընկերությունն է: Բարի գալուստ Կարեն Օհանջի գրական նորացող աշխարհ `ասում է հեղինակը:

«Սովետական Ղարաբաղ» թերթում տպագրվող Օհանջ գրողի համարձակ գրիչն ու մուսան` արցախյան շարժման ծանր օրերի հիասթափությունն է ապրել`նաև վերածնվող Հայաստանի և ազատագրված Արցախի նոր օրը: Ինչի մասին են նոր գրվածքները, ինչ զգացողություններով են հագեցած Օհանջի նոր տողերը` փակագծերը բացում է հեղինակը:

Գրքի շնորհանդեսի ավանդական գինեձոնի փոխարեն առաջարկվում է արցախյան գինու համտես և հյուրասիրություն`համեմված Կարեն Օհանջի գրական ձեռքբերումների գրականագիտական դիտարկումներով և ինքնատիպ գրականության հեղինակային ընթերցանությամբ:

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանն ասում է. «Կարեն Օհանջին գաղափարակից ընկերները ռուսերեն ժողովածուների էջերում` շատ ամուր և կենսունակ արմատներով հայրենիքին կառչած պայքարող հային են բացահայտում` կարևորը` դարակազմիկ էպոխայի ու գաղափարախոսությունների բախման խաչմերուկում` սերունդների արժեհամակարգային առաջնահերթությունները մատնանշում»: Նաև գրողին հորդորում` գրել արցախյան շարժման մասին, քանի որ Օհանջի գործունեության առանցքը Արցախն է:

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն ասում է. «Օհանջը մասնագիտության բերումով բարձր տեխնոլոգիաների այբուբենն է յուրացրել` սոցցանցերում է նաև տպագրվում`հասանելի է քմահաճ ու նախասիրություններով տարբերվող ընթերցողին»:

Թղթի էլեկտրոնային տարբերակով ամեն օր`վաղ առավոտից հաղորդագրություն է տարածվում վիրտուալ տիրույթում: Ու մինչ գրողի մուսան հայրենասիրական գաղափարների հագեցվածությամբ ու նրբանկատ քնարերգուի ապրումներով ժամանակից առաջ է ընկնում` կանխորոշելով ապագայի տեսլականը, տնտեսագետ և ֆիզիկոս ընկերները թվերի լեզվով են խոսում`217 օրում` 197 բանաստեղծություն, որից 76-ը գրվել է Երևանում, 6օ-ը Ստեփանակերտում, 4-ը Փարիզում` ընդգրկուն աշխարհագրությամբ: Անգերազանցելի է Օհանջի գրիչը, որովհետև նա միշտ նոր է ու նոր մտածողությամբ, ասում են ակադեմիկոս ընկերները:

«Կարեն Օհանջ գրողի ինքնատիպությունը անձնական ապրումներն են, որոնք գերում և հուզում են ընթերցողին, բառով և օրինակով», -ասում է լիտվացի հոգեբան- սոցիոլոգը, ով գործով` Գելլափ չափումների սանդղակով է տալիս իրավապաշտպան գործընկերոջ տողերի գնահատականը:

Կարեն Օհանջի բառարվեստը, ռիթմի ու հանգավորման զգացողությունը ռուս և հայ դասական գրականության ավանդույթներին է բնորոշ : «Մարդ-փորձություն, մարդ-տրամադրություն, մարդ-փիլիսոփայություն և հոգեվիճակ»,-սա գրականագետների հավաստումն է, նաև ակադեմիական խորհուրդը` բաց չթողնել Օհանջի նոր գրքերի համոզիչ և ազնիվ բառերի արցախյան շնորհանդեսը, որը կկայանա նոյեմբերի վերջին`Ստեփանակերտի Արվեստի դպրոցում:

Լիանա Ադամյան, «Արցախ» TV

Լուսանկարները՝  Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930